Լրագրողի նոթատետրից. «Հոր աղջիկն ա է»…
Երբ մեզանում շեշտադրված խոսում են գենդերային հավասարության մասին , այդ ուղղությամբ ռազմավարություններ ու ծրագրեր մշակում՝ կանանց հատկապես քաղաքականության մեջ ներգրավելու նպատակով, միշտ մտածում եմ, որ իրականում այդ խնդրի ակունքները պետք է ընտանիքներում փնտրել: Այստեղ է, որ երեխաները ընդօրինակում են անհավասարության մոդելը, այստեղից է այն «ինտեգրվում » հասարակական կյանք: Օրերս երթուղային տաքսիում ակամայից ուշադրությունս գրաված խոսակցությունը եկավ ապացուցելու, որ խնդրի լուծումը հենց դրանում է…
«Չէ, մամ, չես գնալու… ես ասում եմ ՝ չես գնալու ու վե՛րջ»,- հարևան նստարանին նստած կնոջը կշտամբում էր ոչ թե նրա չափահաս որդին, ինչպես կարելի էր ենթադրել հրամայական տոնից, այլ 6-7 տարեկան դուստրը, ով, ի դեպ, ծվարել էր հենց մոր գրկում:
Մայրն էլ փորձում էր շշուկով վերջ տալ խոսակցությանը ու համոզում, որ այն, ուր նրան արգելում է գնալ փոքրիկը, կարևոր է իր համար, այնպես որ՝ «տատիկի մոտ կմնաս մինչև կգամ», հավելեց մայրը, սակայն սա էլ ավելի բուռն արձագանքի արժանացավ.
«Մամա, խի՞ ես ուզում քեզ վիրավորեմ: Դու ոչ մի տեղ էլ չես գնա, թե չէ գլուխդ կջարդեմ»,- ձայնը էլ ավելի բարձրացնելով շեշտադրեց դստերը ու պտտվեց պատուհանի կողմ՝ այդպիսով վերջ դնելով խոսակցությանը: Մայրն էլ նույնիսկ չփորձեց կշտամբել դստերը. մի տեսակ խեղճացավ, լռեց , իսկ երբ հետևից լսվեց՝ «հոր աղջիկն ա է» , առաջին իսկ կանգառներից մեկում շտապեց իջնել…
Իսկ երթուղային տաքսին սկսեց քննարկել…Նախ, ավելի երիտասարդները սկսեցին նրանից, թե՝ «նման երեխա ունենայի ինձ կսպանեի», տղամարդիկ էլ մի տեսակ կոալիցիա կազմեցին ու չէին խառնվում քննարկումներին, կարծես ամենքը երազում էր նման դուստր ունենալ : Միայն մի կին այդ ամենի ետևում տեսավ ընտանեկան ողբերգություն՝ ըստ երեւույթին, ամուսինը օր ու արև չի տալիս կնոջը, անգամ չի խորշում երեխայի աչքի առաջ մոր «գլուխը ջարդել» և դա այնքան սովորական է այդ ընտանիքում, որ հերիք չի դուստրն է այդ կերպ խոսում մոր հետ, մայրն էլ փոքրին չի հանդգնում պատասխանել` վախի մթնոլորտն իրենն ասում է…
Ու հարցերի մի ողջ շարան է ծագում՝ արդյո՞ք այդ նույն դուստրը, որ այսօր ականատես է դառնում ամենօրյա վախի, ծեծուջարդի տեսարաններին, վաղը չի արժանանա մոր բախտին…Արդյո՞ք կնոջ նվաստացման վրա կառուցված ընտանիքը դա այն է, ինչ մենք հպարտությամբ անվանում ենք է «հայ օջախ»… Արդյո՞ք կարող է ընտանիքի նման մոդելը առողջ հասարակության հիմք հանդիսանալ…
Եվ վերջապես, տեսանելի՞ են այս խնդիրները մեր հասարակության համար, թե մենք շարունակելու ենք պնդել, որ մեզանում չկա կանանց նկատմամբ բռնություն, որ մենք կնամեծար ազգ ենք ու «գենդերային հավասարության» մասին գաղափարը ներմուծվում է Եվրոպաներից՝ մեր ընտանիքները քանդելու նպատակով…
Էնզելա Մակարյան
Կարդացեք եւ դիտեք նաեւ մեր կայքում .
Երբ երեխան ականատես է դառնում ընտանեկան բռնությանը
Ընտանիքը Հայաստանում. ցավալի է, բայց փաստ է… / վիդեո
Դիտումների քանակը` 3090