Լուսինե Նիկողոսյան. «Պարզապես պետք է ցանկանալ տեսնել գեղեցիկը»
Հնաոճ, մոռացված կենցաղային զանազան առարկաներ՝ գդալ, պատառաքաղ, շաքարամանի մի կտոր, բաժակի կամ ափսեի կտորներ, չորացած սունկ ու մամուռ, ցորենի հատիկ կամ թե գունազարդ փետուր, այս ամենը նկարիչ – դիզայներ Լուսինե Նիկողոսյանի նուրբ ու ճարպիկ մատների շնորհիվ վերածվում են նրբաճաշակ ու գեղեցիկ զարդերի, որոնք հաճախ դուրս են մարդկային երևակայության սահմաններից:
Բարեկամներն ու ընկերները քաջատեղյակ լինելով Լուսինեի նախասիրությանը, նրան ապահովում են «հումքով», որի տեսականին աչքի անցկացնելուց հետո մտքերն ու գաղափարներն արդեն հանգիստ չեն տալիս Լուսինեին անգամ քնած ժամանակ:
Դեռ մանկուց սիրել է նկարել, թեև նկարչության դասերի չի հաճախել: Դպրոցական էր, երբ մորը զարմացրեց մի նկարով, որում մարդկային ֆիգուր էր պատկերված: Այլևս որոշված էր, բնատուր շնորհքը հարկավոր էր զարգացնել նախ Փ.Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջում , այնուհետև Գեղարվեստի ակադեմիայի դիզայնի բաժնում : Ավարտելուց հետո մի կարճ ժամանակ Լուսինեն աշխատեց զարդերի վաճառքի սրահ-խանութում: Ամենօրյա շփումը զարդերի հետ նրա մոտ առաջացրեց դրանք ինքնուրույն ստեղծելու ձգտում, որը, սակայն երկար ժամանակ մնում էր որպես գաղափար:
Այնուհետև ընտանիք, երեխաներ, ամենօրյա ընտանեկան հոգսեր, սակայն գեղանկարչությունն ու հատկապես զարդերի ստեղծման գաղափարը Լուսինեին հանգիստ չէին տալիս: Առաջին զարդը մելխիորե թեյի գդալի միջոցով ստեղծած գեղեցիկ ու յուրահատուկ վզնոցն էր: Մտերիմների գնահատանքից ոգեշնչված Լուսինեն ստեղծում է միմյանց չկրկնող արվեստի կատարյալ գործեր:
-Սիրում եմ աշխատել միաժամանակ մի քանի զարդերի վրա, մեկի վրա չեմ կենտրոնանում,-WomenNet-ի հետ զրույցում պատմում է Լուսինեն,- իմ միտքը թռչում-սավառնում է մի գաղափարից մյուսը: Դրանք այնքան շատ են ու բազմազան; Մի զարդի վրա կարող եմ աշխատել մեկ շաբաթ, թողնել անավարտ ու անցնել մյուսին, հետո երրորդին, չորրորդին ու վերադառնալ դարձյալ առաջին աշխատանքին: Երբեմն նախապես պատկերացրած զարդը կարող է ավարտվել այլ ոճի մեջ:
Լուսինեի աշխատանքային միակ գործիքը սկեսրայրից հիշատակ մնացած կլորաշուրթ ակցանն է ու իր ձեռքերը: Համբերատար ու մանրակրկիտ աշխատանքի արդյունքում ստեղծած գեղեցիկ իրերի գաղափարները նրա մոտ ծնվում են անսպասելի՝ զբոսնելիս, փողոցում, տրանսպորտում մարդ կամ ինչ-որ մի իր տեսնելիս, ու տեսածը երևակայության խառնարանում խմորվում ու վերածվում է գաղափարի, որից իրագործում մեկ քայլ է: Ոգեշնչման աղբյուր է նաև բնությունը, որը Լուսինեի համոզմամբ գաղափարների շտեմարան է՝ իր գեղեցկությամբ, գույներով ու կատարելությամբ:
Նկարչի մասնագիտությունը նրան շատ է օգնում գույների ու ոճի ճիշտ համադրության հարցում: Բավական է թեյի գդալին մի փոքր կորություն տալ, ձևավորել այն նրբագույն բնական քարով, որպեսզի այն կենցաղային իրից վերածվի շքեղ վզնոցի, կամ հնաոճ շաքարամանի կոտրված մի կտորի վրա ամրացված փետուրներով ստեղծվի գեղեցիկ հովհար:
Լուսինե Նիկողոսյանի աշխատանքերին հանրությունն առաջին անգամ ծանոթացավ 2014 թվականին բացված անհատական երկու ցուցահանդեսների շնորհիվ, այնուհետև համացանցի միջոցով: Այսօր նա բազմաթիվ պատվիրատուներ ունի, ոմանք անգամ ձեռք են բերել Լուսինեի աշխատանքների մի ստված հավաքածու:
Լուսինե Նիկողասյանը համոզված է, որ առանց սիրո ու նվիրումի ոչինչ հնարավոր չէ ստեղծել:
-Շատ եմ կարևորում սերը: Սերն է իմ ներշնչանքի աղբյուրը… Սերը դեպի կյանքը, բնությունը, մարդուն… Եթե սեր չեղավ, կյանքը գորշավուն կդառնա: Անգամ եթե քարին սիրում ես, ուրեմն մեջդ սեր կա.,-ասում է Լուսինեն ու շարունակում, որ գեղեցիկի հանդեպ սերն ու ընկալման ուրախությունը իր մեջ առաջացնում են զգացումներ, որոնք իրեն ներշնչում են թղթին, կտավին ու նաև իրերին հանձնել գեղեցկության իր պատկերացման նրբերանգները: Պարզապես պետք է ցանկանալ տեսնել գեղեցիկը, և կտեսնես նույնիսկ այնտեղ, որտեղ ուրիշները չեն էլ փնտրում:
Անուշ Ներսիսյան
Դիտումների քանակը` 4053