Լուիզեթ Թեքսիե. Ցեղասպանությունը վերապրած վերջին կինը, ով ապրում է Ֆրանսիայում
Ֆրանսիական պարբերականներից մեկում պատմություն է Լուիզեթ Թեքսիեի մասին, նա Ցեղասպանությունը վերապրած վերջին հայն է, որ ապրում է Ֆրանսիայում: 105-ամյա Լուիզեթ Թեքսիե, Հովհաննիսյանների ազգից:
Tv5monde-ն ներկայացնում է դիմանկարը այս յուրահատուկ կնոջ, ով իր ընտանիքից առանձնացել է շատ վաղ հասակում, և որին կյանքը երկաթե բնավորությամբ է օժտել: Կաբարեի պարուհի, ֆեմինիստուհի, դիմացկուն մի կին, ով կանանց ավտոմրցարշավի առաջամարտիկներից է եղել: «Ես իմ կյանքում շատ բան եմ արել, չեմ կարող ամեն ինչ հիշել: Բայց մի բանում վստահ եմ՝ ես ափսոսանքի, զղջման զգացում չունեմ»,- ասում է Լուիզեթը:
Հարյուրն անց այս կնոջ բնակարանում լուսանկարներ ու հուշեր են, նա այս տուն է տեղափոխվել հինգ տարի առաջ՝ որպեսզի մոտ լինի իր որդուն: «Ահա իմ սենյակը, և ահա՝ այն սենյակը, որտեղ մնում են ընկերուհիներս, երբ գալիս են Փարիզից»,- ներկայացնում է կինը: 105 տարեկան հասակում նա ցանկանում է որոշակի անկախություն պահպանել, բայց նրա աչքերը երիտասարդորեն փայլում են, երբ խոսք է լինում Փարիզի, նրա շքեղության ու ակտիվ կյանքի մասին:
Կյանքը Փարիզում՝ ողբերգությունից հետո
Հենց Ֆրանսիայի մայրաքաղաքում նա գտավ կյանքի այն թեթևությունն ու ազատությունը, որի մասին այդքան երազում էր: 1915 թ. նրա հորը կախաղան բարձրացրին թուրքերը, Լուիզեթի երիտասարդ մայրը այրիացավ: Վախենալով իր երկու դուստրերի կյանքի համար՝ մայրը նրանց հանձնեց Ստամբուլի մանկատուն՝ հույս ունենալով հնարավորինս շուտ վերադարձնել նրանց: Բայց Ոչ կառավարական կազմակերպությունը որոշեց, որ երեխաներն անվտանգության մեջ չեն, և նրանց տեղափոխեցին:
«Ես երկար ժամանակ սպասում էի, որ ինձ փնտրելու կգան»
Քույրերին միմյանցից բաժանեցին. մեկին ուղարկեցին Հունաստան, մյուսը՝ Լուիզեթը, նախ հայտնվեց Մարսելի մանկատանը, իսկ ավելի ուշ՝ Փարիզի արվարձաններից մեկում գտնվող դպրոց-ինտերնատում՝ մի վայր, որտեղից (ինչպես Լուիզեթին անվանում է որդին՝ Ուիլյամը) «վայրի աղջնակը» փախավ 15 տարեկանում, որպեսզի պարուհի դառնա ֆրանսիական կաբարեում և ապրի ազատության մեջ: Նա այլևս երբեք չտեսավ իր հայրենիքը, մեկուսացավ հայ համայնքից՝ փորձելով այդպես կորցնել անցյալի վատ հուշերը: «Ես երկար ժամանակ սպասում էի՝ երբ որևէ մեկը կգա և ինձ կտանի այդտեղից, ես երազում էի կրկին տեսնել մորս …»,- արցունքն աչքերին հիշում է Լուիզեթը:
Առաջին կինը՝ Մոնտե-Կարլոյի ավտոարշավի առաջնային գծերում
Մեքենաների նկատմամբ նրա սերն անմար է, քանի որ նա անգամ 104 տարեկանում դեռ շարունակում էր թոռան հետ երթևեկել: Լուիզեթի որդին հպարտությամբ պատմում է իր մոր անցած ուղու, նրա պայքարի, մանկատներում նրա միսիոներական առաքելության մասին, Լուիզեթը համեստորեն լռում է՝ գերադասելով հնաոճ դարակներից դուրս բերել լուսանկարներ՝ ավտոմրցարշավների մասին, լուսանկարներ, որոնք իր բազմաթիվ հաղթանակներն են պատկերում:
«Քանի դեռ ես մեքենայում էի, ես երջանիկ էի: Մնացածի նկատմամբ անտարբեր էի»
Նրա ծիծաղկոտ աչքերն ու սեղմված շուրթերը նրան քսան տարով երիտասարդացնում են, երբ նա պատմում է իր սիրելի մեքենայի՝ Jaguar MK II-ի մասին, որով ճանապարհորդել է աշխարհով մեկ: Մեքենան որևէ խնդիր չուներ, Լուիզեթը դրանով երթևեկել է անգամ 80 տարեկանում: «Քանի դեռ ես մեքենայի ղեկին էի, ես երջանիկ էի, մնացածն ինձ չէր հետաքրքրում: Ես անգամ հեծանիվ չէի քշում, միայն մեքենա, ոչինչ ավելի», – ասում է կինը, ով անգամ հազիվ տեղաշարժվելով շարունակում է աշխատել:
Լիարժեք կյանք, ազատ կին
Լուիզեթը ներողություն է խնդրում, որ հարցազրույցին ներկայացել է ոչ իր սիրելի մոխրագույն կիսաշրջազգեստով՝ լինելով կոկետուհի: Լուիզեթը հեռացել է ամուսնուց, քանի որ նշում է՝ հոգնել է տղամարդկանցից: Ավելի քան 50 տարի այս կինը սեփական հագուստի խանութն ունի, որը շուկայում առաջատարներից է: Նա սկզբունքային ֆեմինիստուհի է, և որևէ հակասություն չի տեսնում մեքենա և նորաձևություն սիրելու մեջ, հակառակը, կարծում է, որ Եվրոպայի առաջնությունը ավտոռալլի չէր, բայց իրենք տղամարդկանցից լավ էին մրցում: «Մեր կոկետությունն, իհարկե, մեր լավագույն զենքն էր»,- ասում է նա:
Աղբյուրը՝ Panorama.am
Դիտումների քանակը` 2931