Լյուդմիլա Սարգսյան. «Հայրապետյանը պետք է պատժվի»…
Նախօրեին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած դեպքերը, վկայում են այն մասին, որ Ռուբեն Հայրապետյանը բռունցքից բացի խնդիրների լուծման այլ մեթոդ չի ճանաչում: Այսպիսի կարծիք հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, անդրադառնալով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի և Ռուբեն Հայապետյանի անվան շուրջ ստեղծված իրադրությանը, մասնավորապես, Ռ. Հայրապետյանի կողմից՝ իրավապաշտպան Արման Վեզիրյանին հարվածելու մասին վերջին տեղեկություններին:
«Դժգոհության ալիքն այնքան մեծ էր, որ իշխանությունը փորձեց ինչ-որ ձևով մեղմել: Անկեղծ ասած, Հայրապետյանի մանդատից հրաժարվելու հայտարարության մեջ ես կոկորդիլոսի արցունքներ տեսա: Ռուբեն Հայրապետյանը փորձում էր ներկայանալ, որպես մի մարդ, որը մտահոգ է, շատ ցավում է, շատ կուզեր այնտեղ լինել, որպեսզի կարողանար այդ բարձրացված ձեռքը բռնել: Թույլ տվեք չհավատալ, որ նա այլ մեթոդներ գիտի: Դրա վառ ապացույցը երեկ էր, երբ Ռուբեն Հայրապետյանը ձեռք բարձրացրեց իրավապաշտպանի նկատմամբ:
Նա իրեն վեր է դասում օրենքից, մի մեթոդ է կիրառում, դա բռունցք է, և այն պահանջները, որ հնչում են հանրության կողմից, որ նա նույնպես պիտի ներգրավված լինի որպես վկա, դրա մեջ մեկ վայրկյան անգամ կասկածել չի կարելի: Անկախ նրանից՝ Ռուբեն Հայրապետյանը եղե՞լ է «Հարսնաքարում» թե ոչ, դա ոչինչ չի նշանակում: Նա ուղիղ մեղսակից է այդ հանցագործությանը: Այն շարժումը, ըմբոստությունը, որ այսօր առաջացել է հասարակության մեջ, պետք է ավելի զարգանա, պետք է կարողանալ հասնել նրան, որ Ռուբեն Հայրապետյանին նեգրավեն որպես մասնակից: Նա անպայման պետք է իր պատժի չափը կրի: Շատ քիչ է պատգամավորական մանդատից հրաժարվելը: Անհրաժեշտ է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, ժամանակավոր հանձնաժողով ստեղծել, որը կհետաքննի դեպքերի ընթացքը»,- նշեց Լյուդմիլա Սարգսյանը:
Լրագրողների այն դիտարկմանը թե Ռուբեն Հայրապետյանը արդեն ներողություն է խնդրել Արման Վեզիրյանից Լյուդմիլա Սարգսյանը արձագանքեց.«Մարդուն կարելի է սպանել, և հետո ներողություն խնդիրել: Ստացվում է, որ մենք ամեն որ պետք է ականատես լինենք նրան, որ նա ազատություն է տալիս իր բազուկներին և հետո ներողության խնդրում: Նա պետք է պատժվի իր արարքների համար»:
Նշենք, որ հուլիսի 8-ին «Հարսնաքար» համալիրի մոտ անցկացված «մոմավառություն» միջոցառման ժամանակ Ռուբեն Հայրապետյանը հարվածել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության դիտորդ Արման Վեզիրյանին: Ոստիկանությունից տեղեկացրեցին , որ նշված հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժանմունքում սկսվել է հետաքննություն: Բացատրություն տալու համար նույն բաժանմունք է հրավիրվել Արման Վեզիրյանը, ով սակայն հայտնեց, որ տեղի ունեցած միջադեպի առումով բողոք չի ներկայացնելու, իսկ Ռուբեն Հայրապետյանից որևէ պահանջ չունի: Տեղեկացնելով այդ մասին լրագրողներին Արման Վեզիրյանը հետևյալ բացատրությունը տվեց. «Դե, Ռուբեն Հայրապետյանը զանգեց, ներողություն խնդրեց, և մենք բանավոր հաշտվեցինք»…
Ըստ Panorama.am կայքի
Դիտումների քանակը` 4833