Լյուդմիլա Սարգսյան. «Զարմանալի հարցեր եք տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ մանդատից»:
Հայ Ազգային Կոնգրեսի համամասնական ցուցակի 6-րդ հորիզոնականը զբաղեցնող Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը չի պատրաստվում մանդատից հրաժարվել, բայց իր հետագա անելիքների մասով լռության միամսյակի իրավունք է վերապահում իրեն:
WomenNet.am – զրույցում Լյուդմիլա Սարգսյանը հերքեց մամուլում տարածված լուրերը այն մասին, որ իրեն իբր ստիպում են հրաժավել մանդատից ի օգուտ Սարիբեկ Սուքիասյանի:
«Զարմանալի հարցեր եք տալիս, ինչո՞ւ պետք է հրաժարվեմ մանդատից: Ինքս նման կարծիք երբեք չեմ արտահայտել: Մի՞թե չեմ կարող Ազգային ժողովում աշխատել ու օրենքներ գրել, զարմանում եմ, որ նման լուրեր են շրջանառվում», – հարցին հարցով պատասխանեց Սարգսյանը` հավելելով, որ ուրախ կլինի, որ նաեւ Սարիբեկ Սուքիասյանն անցնի, բայց որեւէ մեկի համար իր մանդատից հրաժարվել չի պատրաստվում, քանզի պատասխանատվություն է զգում ժողովրդի կողմից տրված վստահության քվեի համար:
Ինչ վերաբերում է ապագա խորհրդարանում Լյուդմիլա Սարգսյանի գործունեությանն եւ առաջիկա ծրագրերին, ապա այս հարցում նա լռության միամսյակի իրավունք է վերապահում իրեն:
«Պատճառները տարբեր են, չխոսելու որոշում կայացնելը մանդատի հետ կապ չունի, պարզապես այդպես եմ որոշել: Խոստանում եմ մեկ ամսից պատասխանել ձեր հարցերին», ասաց Սարգսյանը` խոստանալով, որ հավերժ լռելու մտադրություն չունի եւ 30 օր անց կպատասխանի լրագրողներին եւ հասարակությանը հուզող բոլոր հարցերին:
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ինժեներ Լյուդմիլա Սարգսյանը 2004 թվականից ՍԴՀԿ ատենապետուհին է: Իր նախընտրական ելույթներում նշել էր, որ ԱԺ մտնելն ինքնանպատակ չի համարում, որ լուրջ անելիքներ է տեսնում սոցիալ-տնտեսական ոլորտում եւ կարեւորում է թոշակառուների ու հաշմանդամ անձանց հիմնախնդիրների բարձրաձայնումը:
Հ. Հ.
Դիտումների քանակը` 3079