Լիլիթ Գրիգորյան. «Խնդիրներ տեսնելը ամենահեշտն է, լուծումներն են կարեւոր»:

Արմավիրի մարզի Փշատավան համայնքը սեպտեմբերի 18-ին ավագանի է ընտրելու: Ներկայումս ավագանիի կազմում միայն  մեկ կին անդամ կա, իսկ առաջիկա ընտրություններում առաջադրվել են երկուսը՝Ելենա Աբգարյանը և երիտասարդ ու բավականին ակտիվ Լիլիթ Գրիգորյանը: Վերջինս WomenNet-ի հետ զրույցում ներկայացրեց իր տեսակետը քաղաքական գործընթացներին կանանց մասնակցության մասով, ինչպես նաև ավագանու կարևորությունը, որը, կարծես, մեր հասարակությունը մինչև վերջ դեռ չի ընկալում:

 

 

– Առաջին անգամ եք առաջադրվում, ինչո՞ւ նման որոշում կայացրեցիք, ՞նչ խնդիրներ եք ցանկանում լուծել Ձեր ներկայությամբ համայնքային ավագանիում:  

–          Խնդիրներ տեսնելը  ամենահեշտն է, հատկապես, երբ մասնագիտությունդ  լրագրությունն է: Սակայն տեսնելն ու լուսաբանելն  ինձ որպես  համայնքի բնակիչ,  որպես  քաղաքացի չի բավարարում: Լուծման ուղիներն են կարեւոր, ձգտելու եմ   հասնեմ որոշակի արդյունքի  իմ կարողությունների  չափով: Այն համայնքը, որը  ես եմ  ներկայացնում, ցավոք, դեռևս ամենատարրական խնդիրն ունի՝ ճանաչել  ավագանու դերը: Բնակիչները  ավագանու աշխատանք, որպես  այդպիսին, չեն  տեսել, այդ իսկ  պատճառով  կենտրոնացվածությունը միայն  համայնքի  ղեկավարի վրա է: Իմ ներկայությամբ, առաջինը հենց  այս  խնդիրն եմ  ցանկանում լուծել՝  ցույց  տալ ավագանու իրական կարողությունները, հասարակության մեջ արթնացնել պահանջատիրությունը, հետևողականությունը թե´ ավագանու, թե  համայնքապետարանի  աշխատանքի  վրա: Ընտրել են, պիտի գիտակցեն, որ ընտրվողն իր  աշխատողն է, ընտրվողը  պարտավոր է գործել, իսկ եթե չի գործում, խնդրեմ՝  ճանապարհն ազատի մեկ այլ անհատի համար, ով  գիտակցում է  իր դերը:

 

Հասարակությունը դեռ շարունակում մնալ կարծրատիպերի ազեցության ներքո: Արդյո՞ք լսելի կլինի երիտասարդ կնոջ ձայնը ավագանու կազմում:

– Անպատճառ: Պատկերացրեք՝ մութ  սենյակում բոլորը նստած են լուռ ու մունջ, սովոր այդ  խավարին և միայն մեկի ձեռքին կա լույսի աղբյուր, իսկ նա, տրվելով կարծրատիպերին,սովորույթին, որ այդպես է  և այդպես  էլ պիտի  լիներ, չի վառում  լուցկին՝ վախենալով  դրա  նախնական  ազդեցությունից՝  կուրացնող և անսովոր լույսից: Ինչո՞ւ չկոտրել կարծրատիպերը, եթե հնարավորությունը մեր ձեռքում է և  դա  բխում է հենց հասարակության  շահերից: Ես  լույսի աղբյուրը տեսնում եմ ցանկացած երիտասարդի ձեռքին՝  անկախ սեռից, նրանց  մնում է  դա ներկայացնելու  համարձակությունը ունենալ:

 

-Ինչո՞ւ են կանայք, ըստ Ձեզ, քիչ առաջադրվում՝ թե որպես ավագանու անդամ, թե համայնքի ղեկավարի պաշտոնում:

– Կարծում եմ, շատերը  չեն ցանկանում և վերջ: Նրանց դա  «պետք չէ»: «Թող  ղեկավարեն տղամարդիկ »: Կինն իր «զենքն» ինքնակամ է տալիս  տղամարդուն, եթե «զենք»  ես տալիս, ստիպված ես համակերպվել: Այստեղ ավելի շատ ներքին ցանկությունների  և  դրանց իրականացման համար  պայքարի  խնդիր կա, քան թե արտաքին ազդեցությունների: Եթե կինը իր կյանքով, իր  քայլերով, նախաձեռնություններով  ցույց տա, որ  կարող ուժ է, որ ոչ մեկից պակաս չէ, հավատացեք՝ երեքից մեկի դեպքում, հաջողություն կլինի: Կանայք իրենք  են պաշտոնները  դասակարգել կնոջ աշխատանքի և տղամարդու  աշխատանքի, կինն ինքն է  իրեն թույլ  և  ճնշված ներկայացնում ՝ խուսափելով պատասխանատվությունից թե´  սեփական  կյանքի հանդեպ, թե´ հասարակական հատվածում:

– Իսկ մեծ քաղաքականություն մտնելու մասին երբեւիցե մտածել ե՞ք:

–         Ինձ  համար մեծ և փոքր քաղաքականություն չկա, կա աշխատանք, կա արդյունք: Այդ իմաստով  ընտանիքն էլ է փոքր պետություն, որից  հետո՝  համայնքը, լինի դա  քաղաքային, գյուղական, դա  էական չի :

 

Այստեղից իմ կարգախոսն է՝ Ուժեղ  ընտանիք – ուժեղ համայնք – ուժեղ պետություն:  Համայնքի  խնդիրները  տեսնողը երբեք  անտարբերությամբ  չի անցնի դրանց կողքով , նա պետքէ պատրաստ լինի    բարձրացնել դրանք  նաեւ համապետական մակարդակով: Առաջին  փորձս  է, ցանկանում եմ, և կարող  եմ սկսել այստեղից, որից  հետո, հնարավորության  դեպքում, իհրակե, ցանկալի է, որ այս  փորձը զարգացնեմ նաև  համապետական  մակարդակի: Վերջինս  դեռևս երազանքների շարքում է…

 

Լիա Խոջոյան

 

Դիտումների քանակը` 3268

Գլխավոր էջ