Լիլիթ Գալստյան. «Այս շարժման մեջ սեր ու հանձնառություն կա առ Հայաստան
Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանը, ով պարբերաբար մասնակցում է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի կազմակերպած հանրահավաքներին, կարևորում է հատկապես այն, որ շարժման մեջ կա սեր դեպի Հայաստանը ու նաև պատասխանատվություն ու հանձնառություն հանուն Հայաստանի։ Այսպիսի կարծիք էհայտնել նա , Tert.am-ի հետ զրույցում, նշելով, որ գնահատում է Րաֆֆի Հովհաննիսյանի հավասարակշիռ խոհեմությունը:
«Րաֆֆի Հովհաննիսյանի բոլոր ուղերձներն ուղղված են պետական, ազգային ուղեգծին՝ ապահով, արդար, ազատ, զարգացող, արժանապատիվ Հայաստանի կայացմանը: Նա գրեթե իր յուրաքանչյուր չորորդ նախադասությամբ հորդորում է քաղաքացիներին լինել խաղաղ, հանդուրժող ու սիրով»,- ասաց նա:
Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի մարզեր գնալու ու այնտեղ հանրահավաքներ անցկացնելու քայլը, Լիլիթ Գալստյանը նշեց, որ ինքը, թեև տեղյակ չէ, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ինչպիսի քայլերի հաջորդականություն է մշակել, սակայն իրեն ոգևորում են մարզերի լեփ-լեցուն հրապարակները՝ ինչը իր իրավունքն ու արժանապատվությունը պաշտպանող հայ մարդու զարթոնքի վկայությունն է:
«Ոգևորում է նաև, երբ տեսնում եմ այն դրական էներգիան, որ տիրում է հրապարակում: Չկա ջարդելու-փշրելու տրամադրություն: Ես էլ եմ համաձայն Րաֆֆու այն դիտարկումներին, որ պետք է գնահատել Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի մեր պետականության մեջ ունեցած ներդրումները, սևացնելու կողմնակից չեմ, բայց նրանք ձախողել են իշխանությունը, երկրի առաջընթացը և պետք է սիրուն հեռանան: Քաղաքականությունը նաև գեղեցիկ կամ ժամանակին հեռանալու արվեստն է»,- ասաց նա և որպես ներկայիս իշխանության ձախողման ցուցանիշ նշեց աղքատությունը, արտագաղթը, գործազրկությունը, օլիգարխների ամենաթողությունը, Հայաստանի բնակչության հուսահատված ու հոռետես գոյությունը:
Լիլիթ Գալստյանը անդրադարձավ նաև մեկը մյուսին հաջորդող հանրահավաքներին, ու թե ինչքանով դրանք կարող են արդյունավետ լինել, եթե շարունակ ձգձգվեն:
«Այդ ամենը կախված է նրանից, թե ժողովուրդը որքանո՞վ է պատրաստ մինչև վերջ գնալու, որքանով է համոզված այս անտանելի իրականությունը փոխելու մեջ իր դերակատարությանը, որքա՞ն կկանգնի իր արդարության, իր պայքարի կողքին: Տանը նստած՝ արևածաղիկ ուտելով ու ֆուտբոլ նայելով լավ երկիր չես կառուցի։ Նաև կախված է նրանից, թե շարժման առաջնորդները ինչ խոհեմությամբ, ինչ ծրագրի ու օրակարգի շուրջ, քաղաքական ինչ վարքագծով կկարողանան տանել այս շարժումը»,- ասաց նա և ավելացրեց, որ, իհարկե, շատ բան կախնած է նաև գործող իշխանության խոհեմությունից։
Աղբյուրը՝ Թերթ.am
Դիտումների քանակը` 5822