Լիլիթ Գալստյանը` ստվերային կառավարության ցուցակի մասին

Հ. Յ. Դաշնակցություն կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը լրահոսից է տեղեկացել, որ իր անունը հնչել է   ստվերային կառավարության անդամների անունների ցանկում: Հիշեցնենք, որ մարտի 17-ին Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր ստվերային կառավարության պոտենցիալ անդամների 70 անուններ, որոնց թվում կար նաև Լիլիթ Գալստյանի անունը: 
« Նորմալ եմ վերաբերվում և շատ էլ բացատրելի է. Ազատության հրապարակն այսօր բաց, ազատ քաղաքական ամբիոն է, և հասարակությունը տեսակետներ է փոխանակում, բանավիճում է, լուծումներ որոնում: Նոր Հայաստանի կերտման բանաձևը հստակեցնելու փնտրտուքը կարծում եմ Ազատության հրապարկում է տեղի ունենում: Կարող էր մի քանի տասնյակ անունների կոքին նաև իմ անունը հնչել: Այդտեղ արտասովոր, արտառոց բան չեմ տեսնում», – Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով ցանկի գոյությունը, ասաց տիկին Գալստյանը:

 

Նրա խոսքով, այսօր Հայաստանում հաստատ կան հարյուրից էլ ավելի մարդիկ, ովքեր պատասխանատվություն, մաքուր կենսագրություն և ազգային հանձնառություն ունեն, հետևաբար նման քննարկումներին կարող էին էլի անուններ հնչել: «Ես չեմ կարող որևէ մեկին արգելել քննարկել նոր Հայաստանի բանաձևը և ասել` ինչու եք իմ անունն օգտագործում», – ասաց նա՝ նկատելով, որ դա «Նոր Հայաստանի ճակատագրով մտահոգ քաղաքացիների ինքնաբուխ քննարկում է»:

 

Հարցին, թե Դաշնակցությունում խնդիր չե՞ն տեսնում, որ իր անունն ընդգրկված է ստվերային կառավարության անդամների ցուցակում, Լիլիթ Գալստյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պետք է խնդիր տեսնեն: Մի փորձեք խնդիրներ տեսնել այնտեղ, որտեղ դրանք չկան: Մարդիկ լուծումների ճանապարհին անուններ են փնտրում: Ես չեմ ինքնաառաջադրվել առանց կուսկացության կարծիքը ճշտելու, ես չեմ վերցրել պորտֆել, քննարկման բաց, անկաշկանդ հարթակ է»:

 

Ինչ վերաբերում է այս օրերին Ազատության հրապարակում ընթացող գործընթացներին, ապա Լիլիթ Գալստյանի կարծիքով այնտեղ «իրավունքի, իրավատեր քաղաքացու պայքար է և առանցքում մեկ շահ կա` հանուն Հայաստանի»: «Պայքար է հանուն այն Հայաստանի, որտեղից ամեն տարի 60-70 հազար մարդ չի հեռանում, հանուն այն Հայաստանի որտեղ մեր իրավունքները պաշտպանված են, հանուն այն Հայաստանի, որի քաղաքացին լինելը արժանապատիվ է, հանուն այն Հայաստանի որտեղ որոշումներ կայացնելու ընթացքում դու լիարժեք, ազատ քաղաքացի ես, որտեղ քո ձայնը ոչ առնում են, ոչ էլ լցոնում: Հանուն այն Հայաստանի, որտեղ ամեն ընտանիք չի մտածում, թե ինչպես իր երեխային դուրս հանի երկրից՝ արտերկրում ապահովելու նրանց բարեկեցությունը », – հավելեց Լիլիթ Գալստյանը:

 

Այս ամենը դաշնակցական գործիչին հիմք է տվել եզրակացնելու, որ Հայաստանում քաղաքական նոր միջավայր ու օրակարգ է ձևավորվել։

«Խաղի հին կանոններով, գողական մականունավորներով խորհրդարան լցնելով, քրեաօլիգարխիկ էլեմենտների դերակատարությամբ և նրանց ճնշումով ընտրություններ կազմակերպելով Հայաստանը հեռանկար չունի: Մենք բոլորս պետք է տեր լինենք այս երկիրն առողջացնելու գործընթացին և կարծում եմ, որ այս հարցում մեծ դերակատարություն ունեն քաղաքական ուժերը, և ես առանց վարանելու պետք է ասեմ թե ՀԱԿ-ի, թե ԲՀԿ-ի, թե ՀՀԿ-ի մեջ կան կարող անհատներ, որոնք պատրաստ են պայքարել հանուն Նոր Հայաստանի: Կարծեմ այդ ցանկի ներառում էր ամբողջ քաղաքական ներկապնակը», -նկատեց նա:

 

Դիտարկմանը, թե Փաշինյանի ներկայացրած ցուցակում Հանրապետական կուսակցությունից անուններ չկային, տիկին Գալստյանը արձագանքեց. «Ես ՀՀԿ-ում ունեմ լավ ընկերներ, որոնք միշտ չէ, որ բաց ճակատով են իրենց ընկերների այս կամ այն վարքագծի համար, և ես բոլորին մի սանրով չէի սանրի: Բայց որ Հայաստանում եկել է քաղաքական սանիտարիայի ժամանակը, հստակ է»:

 

Աղբյուրը՝ Panorama.am

Դիտումների քանակը` 3593

Գլխավոր էջ