Լիլիթ Ասատրյան. «Ինչպես են մեր թեկնածուները տեսնում Հայաստանը 10 տարի հետո»
Որպես ՀՀ քաղաքացի և հասարակական կազմակերպության ներկայացուցիչ իմ պարտքն եմ համարում հետևել քարոզարշավի ընթացքին, նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին: Պետք է նշեմ, որ կանանց հարցերը, որպես թիրախ, դրված չեն, գոնե ակնառու չեն, ինչը, կարծում եմ, բացատրելի է», – ասաց Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախագահ Լիլիթ Ասատրյանը WomenNet.am-ի հետ զրույցում :
Նրա կարծիքով, երկրի նախագահի պատասխանատվության շրջանակում ողջ հասարակության հետ կապված խնդիրների լուծումն է, եւ այս պարագայում առանձնացնել կին և տղամարդ այնքան էլ տեղին չէր լինի.
– Հատկապես, սոցիալ- տնտեսական ոլորտում մեր երկրում լուրջ խնդիրներ կան, որոնք իհարկե, ոչ միայն կանանց են վերաբերվում, այլ ողջ հասարակությանը, եւ դրանց լուծումը բնականաբար կհանգեցնի նաև կանանց շատ հիմնախնդիրների լուծմանը: Մյուս կողմից էլ հաշվի առնելով, որ կանայք բնակչության մեծ մասն են կազմում և կան հիիմնախնդիրներ, որ անմիջապես կանանց են խոցելի դարձնում, կարելի էր դրանք առանձնացնել:
Լիլիթ Ասատրյանի դիտարկմամբ, որքան էլ ներկայացված նախընտրական ծրագրերը իրար նման են, բայց միևնույն է, կարևորագույն՝ «ինչպես» հարցի պատասխանը չի տալիս և ոչ մի թեկնածու:
Իսկ թե ի՞նչ հարց կուղղեր նա երիտասարդ կանանց անունից նախագահի թեկնածուներին, մեր հարցադրմանը պատասխանելիս , ասում է.
– Ընդամենը մեկ հարց, որը այնքան էլ չի վերաբերում կանանց հիմնախնդիրներին: Կցանկանայի իմանալ, թե ինչպես են մեր թեկանծուները տեսնում Հայաստանը 10 տարի հետո, իրենց տեսլականը այս հարցի վերաբերյալ: Սա կարծում եմ կարևոր հարցն է, ու մեր թերացումն է նաև այս 20 տարիների ընթացքում, երբ առաջնորդվում ենք ոչ թե ապագան տեսնելու սկզբունքով, այլ անցյալի հետ համեմատություններով: Ցավոք սրտի, այսօր մենք առավել արձագանքող պետություն ենք, քան ռազմավարություն իրականացնող: Իսկ իմանալով տեսլականը, յուրաքանչյուր քաղաքացին կիմանա՝ ինչի համար է աշխատում, ինչու է իր երեխային կրթության տալիս և առհասարակ կռիվ տալիս այս օրերի դժվարությունների հետ…
Լիլիթ Քոչինյան
Դիտումների քանակը` 4440