Լիլիա Խաթլամաջյան. « Կուզենայի, որ Երևանը երիտասարդների մոտ երազելու ցանկություն և հույսեր արթնացներ»

 

 

Անկուսակցական, քաղաքագետ Լիլիա Խաթլամաջյանը, ով ներկայացված է Երևանու ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակի 23-րդ հորիզոնականում,  ավելի քան 10 տարի համակարգում է ընկերների հետ համատեղ ստեղծված  «Քաղաքացիական հասարակության և տարածաշրջանային առաջընթացի ինստիտուտ» ՀԿ-ի ծրագրերը: Կազմակերպությունը  զբաղվում է հասարակական ու քաղաքական զարգացումների վերլուծություններով: WomenNet.am-ի թղթակցի այն հարցին, թե ինչո՞ւ որոշեց առաջադրվել Երևանի ավագանու ընտրություններում հատկապես  Հայ Յեղափոխական Դաշնակցության ցուցակով, տիկին Խաթլամաջյանը նշեց, որ առաջարկը կուսակցությունից է եղել:   

 

–         ՀՅԴ-ում  ինձ ճանաչում են, պարբերաբար հրավիրում են ժողովների, քննարկումների, բացի այդ, ամուսինս՝  գեղանկարիչ Սեյրան Խաթլամաջյանը եղել է դաշնակցական: Թեև ես ՀՅԴ անդամ չեմ, բայց հարգում եմ այդ կուսակցությունը, իր դերը հայ ժողովրդի պատմության, քաղաքական զարգացումների մեջ: Կարծում եմ, շատ կարևոր է, որ ոչ միայն պահպանվի այդ կուսակցությունը, այլ նաև կարողանա մեր երկրի քաղաքական և հասարակական զարգացումներում իր դերակատարությունն ունենա:

 

 

–         Ինչպիսի՞ն է Երևանի ավագանու ընտրությունների Ձեր գնահատականը  որպես քաղաքագետի…

 

–         Ներկա քաղաքական զարգացումներում ավագանու ընտրություններն անկասկած քաղաքական ընտրություններ են: Ավագանու ընտրություններին առաջադրվում են ոչ թե անհատ մարդիկ, այլ կուսակցություններն իրենց ցուցակով և այս առումով ծիծաղելի է, երբ ասում են ,  թե ընտրությունները  քաղաքական չեն: Քարոզարշավի ընթացքից, ելույթներից, հնչող քննադատությունից էլ  պարզ երևում է, որ քաղաքական մարաթոն է  և քաղաքական ուժերի պայքար է:  Բացի այդ, ՀՀ նախագահի ընտրություններից հետո որոշ քաղաքական ուժերի համար արդարությունը խախտվել  է,  և  բնական է, որ շատերն այս մրցավազքը  դիտարկում են որպես այն վերականգնելու հնարավորություն:

 

Ի դեպ հնարավորությունների մասին : Պետք է նշեմ, որ այսօր մեր երկրում ավելի շատ լծակներ և հնարավորություններ ունեն թե իշխող կուսակցությունը, թե լուրջ ֆինանսական հիմքեր ունեցող  կուսակցությունները: Դրա համար ընտրությունները դառնում են նաև ֆինանսների պայքար: Հույս ունեմ, որ, այդուհանդերձ, ընտրողը կսկսի ավելի լավ կողմնորոշվել և կձերբազատվի հարուստ, «բարի քեռի» գտնելու ախտից:

 

 

-Բնակվելով  Երևանում անշուշտ  գիտեք ինչ խնդիրներ կան այսօր մայրաքաղաքում:  Ըստ Ձեզ, որո՞նք են առաջնահերթ լուծումներ պահանջող   խնդիրները:

 

–         Մեր քաղաքում շատ են անարդար որոշումները, որոնք ընդւնվում են   օրենքի տառը շրջանցելով,  ինչ-որ շահերից ելնելով: Շատ անգամ այդ շահերի զոհն են դառնում հենց հանրային շահերը, սովորական երևանցիների շահերը: Խնդիրները բազմաթիվ են և Երևանը գեղեցկացնելը,  փուչիկներով ու նստարաններով զարդարելը դեռևս դրանց  լուծումները չեն:

 

Իմ պատկերացմամբ,  Երևանը պետք է  դառնա ժամանակակից քաղաք իր բոլոր հնարավորություններով, այդ թվում՝ տրանսպորտային: Իսկ ի՞նչ է արվում այսօր` քաղաքը միայն  արտաքին աքսեսուարներով է գեղեցկացվում, այն դեպքում , երբ այսօր  ժամանակակից կառավարման խնդիր կա Երևանում…  Շատ հաճախ իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք գտնվում ենք անցած դարի  60-70-ական թվականներում, չնայած այն ժամանակ, գուցե, իրավիճակն ավելի մեղմ էր, քանի որ մեքենաներն էլ էին քիչ Երևանում, բնակչություն էլ այդքան չէր:

 

Այսօր կայացվում են խայտառակ որոշումներ, որոնց արդյունքում ՝ քաղաքում կառուցվում են անճաշակ շինություններ:  Օրինակ՝ օպերայի շրջակայքում գտնվող շենքերի վերևի հարկերում տեսնում ես ինչ-որ հավաբներ, որոնք ուղղակի խայտառակություն են: Իրականում խնդիրները անհամար են և Դաշնակցության ծրագրում դրանք նշված են: Մատնանշեցի միայն  այն խնդիրները, որոնք ինձ հուզում են թե որպես երևանցի, թե որպես կին:

 

– Այդ դեպքում որպես կին, ի՞նչ շտրիխներ կավելացնեիք Երևանում կամ ինչը կփոխեիք:

 

-Ես առայժմ կպակասեցնեի, այլ ոչ թե կավելացնեի: Ես կպակասեցնեի անարդարությունը, մոլուցքները: Իհարկե, քաղաքի և պետության կառավարման գործում կնոջ ցանկություններով  չէ, որ պետք է առաջնորդվել, բայց  ուզում  եմ, որ կանանց համար Երևանը դառնա ավելի անվտանգ, որ իրենք հանգիստ լինեն իրենց երեխաների համար, որ  դպրոցից վերադառնալիս նրանք  ոչ մի խնդրի չհանդիպեն… Կուզենայի, որ այս քաղաքը երիտասարդների մոտ երազելու ցանկություն  և հույսեր արթնացներ, որ իրենք ոչ թե  մտածեն՝ ինչպես գնան այս երկրից, այլ հակառակը՝ ինչպես կարողանան իրենց լուման ներդնել քաղաքի զարգացման գործում:

 

 

Իսկ ո՞ր քաղաքի մոդելը կամ փորձը կուզենայիք Երևանում  ներդրվեր:

 

– Գիտեք՝ ոչ մի քաղաքի մոդել հնարավոր չէ վերցնել և օգտագործել Երևանի համար: Ուղղակի մենք   պետք է բացենք աչքերը, սովորենք: Երբեմն նման փորձեր արվում են, բայց դրանք առանձին-առանձին քայլեր են: Իհարկե, ամեն տեղ էլ կարելի է ինչ-որ բան գտնել ընդօրինակելու առումով,  ինչ-որ  էլեմենտներ, բայց  ավելի ճիշտ կլինի՝ մտածելակերպը ներդնել քաղաքում: Օրինակ՝ այսօր ծառեր,  ծաղիկներ են տնկում, բայց երկու շաբաթից հետո դրանք չորանում են, քանի որ դա համակարգված չէ, դրանք չեն ջրվում: Այսինքն՝ «գալոչկա» դնելու համա՞ր են դա արել:

 

-Ինչպե՞ս եք գնահատում կանանց դերակատարությունը երկրի հասարական և քաղաքական գործընթացներում:

 

–         Կարծում եմ, որ կանանց դերը Հայաստանի հասարակական և քաղաքական կյանքում բավականին համեստ է: Տեսնում ենք, որ շատ կուսակցությունների ցուցակների  առաջին տեղերում կանայք ներկայացված չեն, բայց լավ կլիներ, որ լինեին:

 

Մեր երկրում իշխանություն ունեցողին շատ բան է տրվում, շատ ավելին, քան զարգացած երկրներում: Այսինքն՝ ռեսուրսներին տիրապետելու թեժ պայքար է  գնում, և երևի դրա համար կանայք առաջին հորիզոնականներում չեն գտնվում: Ուստի, ժամանակն է՝ այս իրավիճակը փոխել:

 

Նկատելի է նաև այն, որ  կանայք իրենց հերթին  հրաժարվում են մասնակից դառնալ այդ պայքարին: Ես կցանկանայի, որ Հայաստանում այնպես գործեն  օրենքներն, այնպիսի մթնոլորտ ստեղծվեր, որպեսզի կանայք չխուսափեին, և ավելի համարձակ, ավելի վստահ մուտք գործեին քաղաքականություն:

 

Մ. Մարգարյան

Դիտումների քանակը` 4665

Գլխավոր էջ