Լարիսա Մուրադյան . «Կին լինելն ինձ ավելի շատ օգնել է, քան խանգարել»

Հայաստանում միայն երկու կին են փոխմարզպետի պաշտոն զբաղեցնում՝ Արմավիրի եւ  Արգածոտնի մարզերում:  Նրանցից մեկը՝ մասնագիտությամբ բժիշկ Լարիսա Մուրադյանը 2003-ից է աշխատում   Արմավիրի մարզպետի տեղակալի պաշտոնում: Նա  համակարգում է մարզի առողջապահության և սոցիալական ապահովության, սոցիալական ծառայությունների, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառները: WomenNet-ի  հետ զրույցում փոխմարզպետը խոստովանեց, որ կին լինելն իրեն միշտ ավելի շատ օգնել, քան խանգարել է։

 

-Ինչպե՞ս եք գնահատում մարզի խնդիրների լուծման գործընթացներում կանանց ներգրավածությունը:

-Մեր մարզում ղեկավարների մեծ մասը կին է. մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, վարչության երեք պետերը կանայք են, մարզպետարանի ենթակայության տակ գործող հիմնարկների աշխատողների 80 տոկոսը կանայք են: Այնպես որ, նրանք, առաջին դեմք լինելով հանդերձ, որոշումների մեջ էլ մեծ դերակատարում ունեն:

 

 

-Իսկ առահասարակ երկրի կառավարման գործընթացներում կանանց ներգրավվածությունը բավարար համարո՞ւմ եք:

-Կանայք ավելի զգացմունքային են: Կանայք, ամենևին էլ չթերագնահատելով տղամարդկանց, ավելի շրջահայաց  են, ավելի ճիշտ են կանխատեսումներ անում: Բացի այդ, կանանց ներկայությամբ տղամարդիկ ավելի զսպված են:

 

 

-Լինելով կին ղեկավար երբևէ խտրականություն զգացե՞լ եք այս տարիների ընթացքում, կին լինելն  օգնե՞լ,  թե խանգարել է Ձեր աշխատանքում։

– Ոչ չեմ զգացել: Ես ասացի, որ կանայք ավելի զգացմունքային են… Դա ինչ որ տեղ խանգարում է, սակայն կին լինելն այս տարիներին ինձ  ավելի շատ օգնել է, քան խանգարել։ Իրականում կարևոր չէ` կին ես, թե տղամարդ. կարևորը լավ մասնագետ լինես։

 

 

-Սովորաբար ասում են, թե աշխատող կնոջ ընտանիքը տուժում է: Համամի՞տ եք այդ կարծիքի հետ և ինչպե՞ս եք համատեղում աշխատանքը և ընտանիքը։

-Ես իմ էությամբ պատասխանատու և  պարտաճանաչ եմ,  և աշխատում եմ չդավաճանել այդ սկզբունքները թե  աշխատանքում, թե կյանքում։ Ասեմ, որ ինձ համար ընտանիքը միշտ էլ առաջին տեղում է եղել: Բայց, իհարկե, դա սա չի նշանակում, որ աշխատանքը դրանցի տուժել է, մղվել է երկրորդական պլան։ Ես փորձել եմ համատեղել, ինչն, անշուշտ, այնքան էլ հեշտ չէ: Այդ հարցում ես միշտ զգացել եմ ընտանիքիս աջակցությունը, նրանք ցանկացած պահի իմ կողքին են եղել: Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ես գտնում եմ նաև, որ պետք չէ աշխատանքային խնդիրները տուն տանել: Տանը ես առաջին հերթին մայր եմ, կին, տատիկ… Չնայած  անհրաժեշտության դեպքում ինչ-որ  հարցերի շուրջ խոսում, խորհրդակցում եմ եմ նաև ընտանիքիս անդամների հետ։

 

 

-Ըստ Ձեզ, որն է Ձեր հաջողության բանալին։

-Ես կյանքում  հաջողության հասել եմ կարգապահության ու պարտաճանաչության  շնորհիվ։ Բացի այդ խստապահանջ եմ, առաջին հերթին` ինքս իմ հանդեպ։ Իմ այսօրվա  հարստությունը մարդկանց անկեղծ սերն ու հարգանք է։ Դա շատ կարևոր է ինձ համար:

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 4437

Գլխավոր էջ