Լարիսա Ալավերդյան «Ոչ թե վիրավորվող, այլ` մշտապես աշխատող տեսակ եմ»:
«Ինձ համար քաղաքական գործչի ամենակարեւոր գիծն ՝ ազնվությունն է ու նվրիվածությունը ժողովրդի շահերին: Ո՛չ գիտելիքը, ո՛չ ունակությունները, այդ ամենը ցանկության դեպքում կտրվի, եթե մարդը ազնիվ նկատառումներով է մտնում քաղաքական դաշտ: Դրա համար էլ, ինչքան էլ խոսեն քաղաքականության մեջ պրագմատիզմի մասին, կարծում եմ, որ կասկածելի մեթոդներով սկսած գործը երբեք դրական արդյունքների չի հանգեցնի», – ասում է նախորդ գումարման ՀՀ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության անդամ, Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, որի բացակայությանը նոր խորհրդարանում հասարակությունը մեծ ափսոսանքով է վերաբերվում: Մեր այս դիտարկմանը ինքը՝ Ալավերդյանը, կես կատակ կես լուրջ արձագանքում է՝ ընդամենը իմ օրինակով ապացուցեցի, որ հավերժ պատգամավորներ չեն լինում:
Նախօրեին տեղեկացանք , որ Լարիսա Ալավերդյանը, որը «Ժառանգության» համամասնական ցուցակում 41-րդն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել: Թեեւ կարծես թե, դրա կարիքը չկար, քանի որ այդ տեղը միեւնույն է անցողիկ չէր: Արդյո՞ք նման քայլը խորհրդանշում է «Ժառանգության» թիմից հեռանալու իր որոշումը:
«Ես հայտնել եմ իմ ընդհանուր անհամաձայնությունը այն սկզբունքի հետ, որով ձևավորվել է ցուցակը… Ես ասել եմ, որ կմնամ թիմի հետ մինչև ընտրությունների ավարտը: Քանի որ ինչպես օրենքն է ասում, մենք իրավունք ունեինք, այսպես ասած, կողմնորոշվել, ես կողմնորոշվել եմ»…, – նշում է նա, հիշեցնելով, որ ցուցակի 41-րդ տեղը ի սկզբանե ուղերձ է հասարակությանը սկզբունքային հարցերում իր անհամաձայնության մասին: Մասնավորապես, նա չէր թաքցնում , որ համաձայն չէ «Ազատ դեմոկրատների» հետ ալյանսին, քանի որ այն, իր կարծիքով, հաջողություն չի բերի «Ժառանգությանը» :
Ցավոք, այնպես ստացվեց, որ նա իրավացի էր: Այսօր էլ է այդպես մտածում, որ «ժառանգությունը» պետք է շարունակի ժողովրդի շահերին պաշտպան կանգնելու իր որդեգրած ուղին եւ խնդիր ունի կատարելու իր խոստումները: Մնացածը, իր խոսքով, տեխնոլոգիաներ են, որոնք անձամբ իր համար հասկանալի չեն:
«Ես արդեն հայտնել եմ իմ անհամաձայնությունը ոչ թե կադրային, մարդկային առումով. այն շատ ավելի խորքային է՝ կապված նրանց կիրառած տեխնոլոգիաների հետ: Հնարավոր է՝ «Ժառանգության» տեսակետից ամեն ինչ գրագետ է, բայց դա ինձ համար ընկալելի չէ: Ես հպարտ եմ, որ նման թիմում եմ աշխատել, և հուսամ, խորհրդարան անցած այդ 5 հոգին էլի կաշխատեն ջանասիրաբար, և հնարավոր է, ավելի մեծ հաջողությունների հասնեն, քան մենք ժամանակին : Ուղղակի կցանկանամ, որ եթե քաղաքական կուսակցությունների անդամները ինչ որ քայլ են անում , մտածեն ոչ թե այսօրվա, այլ՝ հինգ տարվա կտրվածքով»,- նշեց Լ.Ալավերդյանը:
Մեր հարցին՝ արդյո՞ք վիրավորվածություն չի զգում , որ «Ժառանգության» ակտիվ պատգամավորները, այդ թվում՝ ինքը, չեն լինելու նոր գումարման խորհրդարանում, պատասխանում է. «Ոչ թե վիրավորվող, այլ` մշտապես աշխատող տեսակ եմ»:
«Այլ բան է, որ ես այսօր չեմ թաքցնում, որ կցանկանայի ԱԺ-ում տեսնել Ստյոպա Սաֆարյանին, Անահիտ Բախշյանին, Արմեն Մարտիրոսյանին: Ամենևին չեմ ուզում ասել, որ չեմ տեսնում նրանց, ովքեր ընտրվել են: Այդ անձանց հետ ես վերին աստիճանի լոյալ և դրական հարաբերությունների մեջ եմ: Ուզում եմ, որ նրանք էլ ՝ որպես պատգամավոր ոչ միայն պահեն այն մակարդակը, որ խորհրդարան բերեցին այն մարդիկ, ում անունները ես տվեցի, այլև անցնեն այդ մակարդակից: Հպարտանում եմ բոլոր իմ երիտասարդ կոլեգաներով, նրանք բոլորն էլ, այդ թվում նաև տիկին Անահիտը, ինձնից երիտասարդ են», – ասում է նա:
Հետագա պլանների մասին խոսելով ասում է, որ այսօր տեսնում է իրեն բուհական ոլորտում: Գլխավորելու է մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ ամբիոնը Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանում, ինչպես նաև կշարունակի ակտիվություն ցուցաբերել հասարակական սեկտորում:
« Ուսումնական, մինչեւ անգամ դպրոցական մակարդակը երանելի դաշտ է, որտեղ ես օգտակար կլինեմ, կարծում եմ, դասախոսում էի մասնակիորեն նաև ԱԺ-ում: Բացի այդ շարունակելու եմ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ում իմ գործունեությունը»,- ասում է նա, նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ քաղացիական հասարակության դաշտում դեռեւս շատ անելիքներ կան: Իր խոսքով, տեղական հասարակական դիտորդների քանակը աննախադեպ շատ էր, բայց որակական առումով դիտորդական առաքելությունը մնում է շատ թույլ վիճակում, քանի որ նկատված խախտումները չեն կարողանում արձանագրել որպես իրավական փաստ:
«Եթե հավատանք, որ սա եղել է նախագահական ընտրությունների առաջին փուլը, ապա քաղաքացիական հասարակության խնդիրը հստակ է, նա պետք է հմտանա իր դիտարկումն իրավական փաստ դարձնելու գործում»,- նշեց նա՝ հավելելով, որ քաղաքացիական հասրակության պարտականությունն է պարտադրել բոլորին՝ ունենալ նորմալ ընտրություններ առանց կեղտոտ մեթոդների:
Հ.Հ.
P.S. Արդյոք տեղյա°կ է այն մասին, որ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է վերադառնալ հին ցուցակին, սակայն մարդիկ կան, որ չեն ուզում զիջել իրենց դիրքերը – «Առավոտ» -ի լրագրողի այս հարցին Ալավերդյանը պատասխանում է. «Տեղյակ չեմ այդ մասին: Մյուս կողմից էլ կարծում եմ, որ հարցն այդ դաշտում չէ: Իմ՝ 41-րդ տեղում լինելը հասկանալի է, որ ես դա արել եմ ոչ թե ընտրվելու համար, այլ դա ուղերձ էր: Ես կլինեմ հինգերորդը, կամ Արմենը կլինի երրորդը, կամ որևէ մեկը պիտի զիջի իր տեղը…Ես կարծում եմ, որ այդպիսի քայլերով չէ, որ պետք է «Ժառանգությունը» առաջ գնա: Նա նախ պետք է կատարի իր խոստումները: Կարծում եմ, որ այս թիմով ևս խմբակցությունը կարող է ուժեղ լինել: Հեռու եմ այն մտայնությունից, թե շատ լինելը նշանակում է խելոք լինել: Կարծում եմ իրականում փոփոխությունների համար անհրաժեշտ են փոքր խմբեր, բայց ուժեղ իրենց մտքով, կամքով և մաքրությամբ»…
Դիտումների քանակը` 3831