Լարիսա Ալավերդյան. «Ընդդիմություն լինելն ինձ համար միշտ էլ պատվաբեր է եղել»
«Ժառանգություն» խմբակցության նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն այսօր արթնացել էր 06.40-ին` նույն այդ ժամին հինգ տարի առաջ Ազատության հրապարակում տեղի ունեցան իրադարձությունները, որոնց արդյունքում նորանկախ Հայաստանը գարնանային առաջին օրը տաս զոհ տվեց: Իսկ պատասխանատուները մինչ օրս ոչ միայն չեն պատժվել, անգամ չեն էլ հայտնաբերվել: Լարիսա Ալավերդյանի այսօրվա ասուլիսը սկսվեց այս հարցադրումներից:
«Ուզում եմ ցավակցել թե զոհվածների ընտանիքներին և թե մեր հասարակությանը… Հինգ տարի շարունակ ես պնդում եմ, որ հնարավոր չէ այդ էջը համարել իսկապես փակված , քանի որ շատ հարցեր դեռ պատասխան չունեն»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքերով, այդ բազմաթիվ հարցերից ամենաառաջինն ու գլխավորը մինչ օրս այն է, թե ո՞վ է տխրահռչակ գործողությունների հրամանը տվել մարտի մեկի գիշերը (ըստ օրենսդրության` գիշերային գործողությունների համար հատուկ գրավոր հրաման է անհրաժեշտ, իսկ 06.40-ը դեռ գիշերային ռեժիմ է համարվում) : Կամ ո՞վ է, ինչպես պնդում էին իշխանությունները, առանց գրավոր հրամանի գործողությունների մեկնարկն ազդարարել: Ահա այս հարցերն են, որ մինչ օրս հանգիստ չեն տալիս Լարիսա Ալավերդյանին և որոնց առկայությունը ստիպում է նրան մերժել բոլոր այն պնդումները, ըստ որոնց մարտի մեկի էջը փակված կարելի է համարել.
«Պատասխան կրողը պետք է հայտնաբերվի` դա լինի այսօր, վաղը, թե տարիներ անց: Հայաստանը պետք է պահանջատեր լինի և ես անձամբ լինելու եմ ջատագովը այն ուժերի, խմբերի, որոնք պնդելու են, որ հրաման տվողներն ու այն իրականացնողները պատժվելու են»,- նշեց բանախոսը:
Լարիսա Ալավերդյանը մատնանշեց նաև այն հանգամանքը, որ մարտիմեկյան էջը հնարավորինս քողարկվել է անցած տարիներին ընթացքում և, օրինակ, քչերը գիտեն, որ ողբերգական այդ գործողությունների ժամանակ ոչ միայն 10 զոհ ենք տվել, այլև 220-ից ավելի վիրավոր զինվորականներ: Սակայն ոչ նա` այն ժամանակ պատգամավորի կարգավիճակով, ոչ էլ «Ժառանգության» խմբակցության իր գործընկեր Անահիտ Բախշյանը այդպես էլ չհաջողեցին տեսնել և զրուցել այդ զինվորականներից և ոչ մեկի հետ` գաղտնիքի քողը անգամ պատգամավորներին դա թույլ չտվեց:
Անդրադառնալով ներքաղաքական վերջին զարգացումներին և Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնած «Բարև»-ի հեղափոխությանը, ում կողքին Լարիսա Ալավերդյանը, փաստորեն, եղել է վերջին հինգ տարիներին (թեև նա այդպես էլ կուսակցական չդարձավ), նախկին պատգամավորը նախևառաջ համոզմունք հայտնեց, որ խորհրդարանական նոր ընտրություններն ուղղակի օրվա հրամայականն են: Անգամ չբացառեց, որ եթե դրանք կայանան Հանրապետական կուսակցությունը կարող է ներկայացված լինել նոր Ազգային Ժողովում ընդդիմության դերում.
«Ընդդիմություն լինելն ինձ համար միշտ էլ պատվաբեր է եղել և ես միշտ կրկնել եմ` եթե «Ժառանգությունը» գա իշխանության, ես միևնույն է կմնամ ընդդիմության շարքերում»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է երկխոսության հնարավորությանը, առավել ևս նոր ձևավորվելիք կառավարության կոնտեքստում, ապա Լ.Ալավերդյանը համոզմունք հայտնեց, որ կառավարության հրաժարական տալուց հետո նոր գործադիր մարմին ձևավորելու ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել այլ ուժերի ևս` իրենց առաջարկություններով ու քաղաքական օրակարգերով:
Բայց միաժամանակ իր համար տարօրինակ է, որ ընդդիմությունը կարող է գնալ իշխանությունների հետ համաձայնությունների կամ կարող է հայտնվել այն իշխանական կառույցների ներսում, որոնց դեմ պայքարել է ու, ըստ էության, ժողովուրդ հանել փողոց:
«Րաֆֆի Հովհաննիսյանը վաղը կխոսի հետագա քայլերի մասին, քանի որ բողոքողներին անորոշության մեջ երկար պահելը երբևէ լավ բանի չի հանգեցրել»,- ընդգծեց Լարիսա Ալավերդյանն, ով նաև ավելացրեց, որ այն պահին, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին հրեշտակ կամ հերոս սկսեն համարել, այդ պահից «կկորցնենք ամեն ինչ», իսկ այսօրվա իրավիճակը պետք է ընկալել քաղաքացիական հասարակության հասունացման կոնտեքստում:
Էնզելա Մակարյան
Դիտումների քանակը` 3193