Լարիսա Ալավերդյանը լավագույն եւ վատթարագույն տարբերակների մասին
Այսօր «Ֆորում» ակումբում կայացած ասուլիսում Մարդու իրավունքների նախկին պաշտպան եւ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը՝ վերլուծելով Հայաստանում հետընտրական գործընթացները, ասաց.
«Ներկայիս իրողություններն ապացուցում են, որ թյուր է այն կարծիքը, որ ակտիվ խավը լքել է Հայաստանը, մնացել է թույլ եւ ճնշված զանգվածը, իշխանությունը վերարտադրվելու համար սրա վրա էր հույսը դնում, բայց իրականում սխալվել է: Ժողովրդի մեջ կա բողոքող զանգված: Անկախ նրանից, թե նրանք կիսում են երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուի գաղափարախոսությունը, թե՝ ոչ, այդ զանգվածի գոյությունը կասկածի տեղիք չի տալիս: Րաֆֆի Հովհաննիսյանը այսօր կանգնած է վճռորոշ քայլերի առջեւ, հուսանք, որ հետագա զարգացումները ոչ բախումնային սցենարով կընթանան»:
Միաժամանակ նա համոզմունք հայտնեց, որ հաշվի առնելով Րաֆֆի Հովհաննիսյանի անձը, չի կարծում, որ պայքարը կստանա կոշտ ձեւեր: «Մնում է այն, թե ինչպես մենք, ժողովուրդը կարող ենք այս իրավիճակը օգտագործել դրական փոփոխությունների համար», – ասաց նա:
Մեկնաբանելով Րաֆֆի Հովհաննիսյանի եւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման հնարավորությունը, նշեց.
«Կարծում եմ, գործող նախագահի անունից տարածված հայտարարության ձեւակերպումը ` ես հրավիրում եմ պարտված թեկնածուին, շատ անհաջող էր: Վերջապես, գործի եւ վեճի իմաստը` հենց ո՞վ է պարտվածը, եւ այդ առումով սա անհաջող հրավերք է: Դրա հետ մեկտեղ, կարծում եմ, որ ի տարբերություն առաջին եւ երկրորդ նախագահների, Սերժ Սարգսյանն աշխատել է միշտ խուսափել ժողովրդի հետ բախումներից: Կարծում եմ նաեւ , որ կգտնվի այն չեզոք տարածքը հանդիպման համար: Բոլորովին այլ հարց է, թե ինչ ակնկալիքներ կան այդ հանդիպումից: Երկրորդ փորձությունն այստեղ է. եթե գնում են համագործակցության գործադիրում, սա վատթարագույն տարբերակն է, լավագույնը՝ Ազգային ժողովի կամ կառավարության լուծարման տարբերակն է»:
P.S.
Ինչպես հայտնի է Հայաստանի նախագահի թեկնածու, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը , ով նախագահական ընտրությունների նախնական արդյունքներով ստացել է ընտրողների 37 տոկոսի ձայները, հայտարարել է, որ չի ընդունում ընտրությունների արդյունքը:
Րաֆֆի Հովհաննիսյանը նաև նշել է, որ ցանկանում է հանդիպել Սերժ Սարգսյանի հետ եւ քննարկել իշխանությունը ժողովրդին փոխանցելու հարցը:
Րաֆֆի Հովհաննիսյանի եւ նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպումը կայացել է այսօր կեսօրից հետո: Ըստ պաշտոնական հաղորրդագրության , քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:
Ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարեց, թե վաղը կայանալիք հանրահավաքում մտադիր է տոնել իր հաղթանակը, որը նա ժողովրդի հաղթանակն է անվանում: Խոսելով Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին` Րաֆֆի Հովհաննիսյանն խոստացել է բոլոր մանրամասները հայտնել վաղվա հանրահավաքում:
Դիտումների քանակը` 3706