Լարա Ահարոնյան. «Պետք էր ոչ թե հանել «գենդեր» տերմինը, այլ բացատրել դրա նշանակությունը…»

Կանանց ռեսուրսային կենտրոնի նախագահ Լարա Ահարոնյանի հետ է զրուցում Մարդու իրավունքները Հայաստանում ՝ www.hra.am կայքի  թղթակից  Մարիամ Սարգսյանը 

Մայիսի 20-ին ԱԺն ընդունեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը, որը շրջանառության մեջ էր արդեն մի քանի տարի: Ձեր կազմակերպությունը մասնակցե՞լ է օրենքի մշակմանը։

 

Մեր կազմակերպությունը անմիջականորեն չի աշխատել այս օրենքի նախագծի մշակման վրա։ Գիտեմ, որ օրենքի նախագիծը ԱԺ է ներկայացվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։ Աշխատանքային խումբ կար, որի մեջ նաև ՀԿ-ներ էին, որ տարիներ շարունակ աշխատել են այս օրենքի վրա և եղել են նաև տարբեր լսումներ, քննարկումներ, նաև՝ մարզերում, ներկայացվել են բոլոր դրույթները և հետո է միայն մտել Ազգային ժողով, որտեղ նույնպես քննարկումներ են եղել և հետո միայն ընդունվել է:

 

Մեր կազմակերպությունը թեև նախագծի մշակման աշխատանքներին չի մասնակցել, սակայն մի շարք քննարկումների և լսումների ենք մասնակցել։ Եվ մենք կողմ ենք եղել օրենքի ընդունմանը, քանի որ այն շատ կարևոր է կանանց և տղամարդկանց իրավահավասարությունն ապահովելու համար։ Նույնիսկ եթե այլ օրենքներով կանանց իրավունքներն ապահովված են, դե ֆակտո, կանայք շատ բաներից հետ են մնում, շատ դեպքերում նրանք հնարավորություն չունեն շատ տեղերում ներգրավվել, իսկ օրենքը հենց նրա մասին է, թե ինչպես կարելի է տարբեր ոլորտներում այս երևույթի դեմ պայքարել: Դրա համար այս օրենքի ընդունումը շատ արդիական է հիմա Հայաստանում:

 

Ե՞րբ և ի՞նչը առիթ դարձավ, որ սկսվեն թեժ քննարկումները «գենդեր» տերմինի շուրջ:

 

Պատճառն իրականում շատ պարզ է, Հայաստանը երկու ամսից Վիլնյուսում պետք է ստորագրեր Ասոցացման պայմանագիրը Եվրոպայի հետ, բայց քանի որ կար մի խումբ, որը ավելի  ռուսամետ էր և ձգտում էր, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը, դրա համար նրանք փորձում էին նման կերպ ճնշում գործադրել:

 

Հայաստանի պարագայում ընտրվեց մանիպուլյացիայի այս ձևը, որը հեշտ էր, արագ և մատչելի, և որով նրանք ուզում էին ցույց տալ, որ Ասոցացման պայմանագիրն իր հետ կբերի եվրոպական արժեքների մուտք դեպի Հայաստան՝ այդ թվում այն ամեն վատի, որ կա Եվրոպայում։

 

Նրանք այս ամենն ասում են առանց խորանալու, թե Ասոցացման պայմանագիրն ինչ է իրենից ներկայացնում, ինչու է այն կարևոր: Ուղղակի նրանց պետք էր մի պատճառ հասարակության մեջ տարածելու, որ եթե մենք գնանք դեպի Եվրոպա, մեզ սպասվում են ամենավատ ու ծայրահեղ բաները, ընտանիքի կործանում։ Ինչու հատկապես շեշտը դրվում էր ընտանիք հասկացության վրա, որովհետև հայ հասարակության մեջ շատ հեշտ է մարդկանց ընտանիքի արժեքի շուրջը հավաքել: Դրա համար դա ընտրվեց որպես արագ և էֆեկտիվ գործոն Եվրոպայի դեմ տրամադրելու համար:

 

Ձեր կազմակերպության դեմ սպառնալիքներ են եղել համացանցում։ Որքանո՞վ են դրանք իրական։ Եվ ոստիկանությունն ինչ քայլեր է ձեռնարկել  սպառնացողներին հայտնաբերելու ուղղությամբ։ Ի՞նչ ընթացքի մեջ է ձեր հաղորդումը։

 

Մեր դիմումին հետևում ենք։ Նամակ ենք գրել ոստիկանությանը, և մեզ պատասխանել են, որ շարունակվում է հետաքննությունը կոնկրետ անձերի դեմ, ովքեր հստակ սպառնալիքներ են հնչեցրել և որոնց տվյալները մենք տվել ենք։ Սպասում ենք, որ մոտ ժամանակներս մեզ պետք է հրավիրեն:

 

Նաև ուզում եմ հիշեցնել, որ այս ամբողջ սպառնալիքները, զրպարտանքները սկսվեցին, երբ «Ֆեյսբուքում» ստեղծվեց «Համահայկական ծնողական կոմիտե» խումբը, որտեղ սկսվեց ապատեղեկատվություն տարածվել։ Այդտեղից սկսվեց ատելության քարոզը և որոշ անհատներ սկսեցին սպառնալիքների կոչեր անել, որ, օրինակ, պետք է Կանանց ռեսուրսային կենտրոնը պայթեցնել, ինչպես պայթեցրեցին Ծոմակի D.I.Y. ակումբը…
Եվ այս ամբողջի պատասխանատվությունը «Համահայկական ծնողական կոմիտեինն» է, որովհետև ստեղծեց այդ ապատեղեկատվության ալիքը և հետո պատասխանատու չգտնվեց իր տարածած այդ սխալ ինֆորմացիայի համար:

 

Մենք նաև նամակ ենք հղել Ա1+-ին, ովքեր նկարահանել և մոնտաժել էին մեր վերջին՝ սեպտեմբերի 3-ի մամուլի ասուլիսի ժամանակ իմ խոսքը, որտեղ ես բացատրում եմ, թե ինչպես է մարդ մանկուց սովորում իր դերին՝ լինի աղջիկ թե տղա։ Իսկ իրենց լրագրողը փոխել էր իմ ասածի կոնտեքստը՝ ներկայացնելով, որ իբրև ես ասել եմ, թե միասեռականությունը սովորում ես փոքրուց։ Բայց միասեռականությունը չեն սովորում. դու ի ծնե կա՛մ լինում ես, կա՛մ չես լինում միասեռական։

 

Նամակ ենք ուղարկել՝ հերքում պահանջելով, բայց նրանք դեռ չեն պատասխանել։ Եթե երկար ժամանակ չպատասխանեն, մենք կդիմենք իրավական քայլերի:

 

Կառավարությունն առաջարկեց «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքից հանել «գենդեր» տերմինը, քանի որ այն սխալ էր մեկնաբանվում, մասնավորապես՝ որ գենդերը ձեռքբերովի սեռն է։ Ինչպե՞ս է ձեր կազմակերպությունը և դուք անձամբ վերաբերվում այդ փոփոխության առաջարկին:

 

Մենք շատ վատ ենք վերաբերվում այդ փոփոխություններին և չենք ընդունում ոչ մի փոփոխություն այդ նախագծում, որովհետև այդ օրենքը բազմիցս քննարկվել է և բազմաթիվ առիթներ են եղել, որպեսզի մարդիկ իրենց կարծիքն արտահայտեն: Այն լավ ուսումնասիրված, լավ մշակված, լավ հետազոտված ու լավ հիմքերով օրենք է։ Ու հիմա՝ վերջին պահին ինչ–որ բան բերել–մտցնել կամ հանել օրենքից միայն նրա համար, որ այս աղմուկին վերջ տալ, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է:

 

Մի խումբ ծայրահեղական մարդիկ դեմ են այս ամենին՝ առանց հիմքերի և ասում են, որ նման բան պետք է առաջարկվի, և Կառավարությունը դրանից որոշում է, որ օրենքի վրա փոփոխություններ պետք է արվեն… Ի՞նչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ Կառավարությունը վստահ չէ իր ընդունած որոշման վրա։ Դա ընդունելի չէ:

 

Բացի այդ, դա ցույց է տալիս, որ մյուս կողմի պահանջներն հիմնավորված և օրինական են ու կարելի է իրենց լսել։ Բայց այն մարդիկ, ովքեր նման բաներ են պնդում, ոչ մի հիմքեր չունեն, գիտական հետազոտություն չունեն, պարզապես աղմուկ են բարձրացնում այս կերպ այլ քաղաքական հարցեր լուծելու համար:

 

Ես ինքս դեմ եմ, որ որևէ փոփոխություն լինի օրենքում, որովհետև, ըստ էության, «գենդեր» տերմինի հանելը ոչ մի բան չեն փոխում օրենքում, իսկ այն մարդկանց, ովքեր սկսել են այս հակաքարոզարշավը, միևնույնն է, չի հետաքրքրում «գենդեր» բառը դո՞ւրս է գալիս, թե՞ ոչ։ Իրենք ամբողջ օրենքին են դեմ, իրենք դեմ են կին–տղամարդ հավասարությանը։ Իրենք իրենց կայքերում էլ են նշում, որ իրենց նպատակը միայն «գենդեր» բառը հանելը չէ, այլ՝ ամբողջ օրենքը հետ կանչելը։ Դրա համար ես իմաստ չեմ տեսնում փոփոխելու մեջ, քանի որ, միևնույնն է, իրենց ուզածը ուրիշ բան է:

 

Բացի դա, «գենդեր» տերմինը սխալ տերմին չէ։ Այստեղ ուրիշ բան պետք է արվեր. քանի որ պետությունն իր վրա պարտավորություն է վերցրել, որ այս օրենքն ընդունի, ուրեմն նաև պետք է պարտավորություն ստանձներ, որ նմանատիպ մարդկանց, ովքեր չեն հասկանում օրենքը կամ գենդերի հետ կապված տերմինալոգիան, տարբեր կերպ, տարբեր քայլեր ձեռնարկելով բացատրել դրա նշանակությունը։ Պետությունը պետք է դա աներ, ոչ թե հասարակական կազմակերպությունները:

 

Դուք հայտարարություն եք տարածել և պահանջում եք օրենքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում։ Ի՞նչ կտա դա։

 

Եթե հասարակության ինչ–որ հատված բողոքում է օրենքի այս կամ այն կետից կամ բովանդակությունից, Կառավարությունը չի կարող միայնակ որոշում կայացնել, որ այսինչ դրույթը կամ կետը պետք է փոխվի անպայման: Դա պետք է դրվի հանրային քննարկման, պետք գան ու քննարկմանը մասնակցեն այն մասնագետները, ովքեր մասնակցել են օրենքի նախագծի մշակմանը, ուսումնասիրեն առաջարկվող փոփոխությունները ու հետո միայն որոշեն՝ պե՞տք է փոփոխություն մտցնել, թե՞՝ ոչ:

 

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն ուներ այլընտրանքային նախագծի առաջարկ։ Ծանո՞թ եք դրան և ի՞նչ կարծիքի եք այդ առաջարկի մասին:

 

Իրենք առաջարկում էին, որ այդ տերմինալոգիան վերացվի։ Ճիշտն ասած՝ շատ սխալ մոտեցում է դա, մասնավորապես տիկին Զոհրաբյանի կողմից, ով հանդիսանում է Եվրաինտեգրման հանձնաժողովի պատասխանատուներից։ Նա շատ անընդունելի բան արեց՝ ասելով՝ «դե մենք դեմ ենք այդպիսի բաներին»։ Ես չհասկացա, թե ի՞նչ է նշանակում՝ դեմ ենք այդպիսի բաներին։ Հետո ներկայացրեց, որ վերջին րոպեին՝ երրորդ ընթերցման ժամանակ, գենդերի սահմանումը մտցրել են։ Դա ոչ պրոֆեսիոնալ մոտեցում է Ազգային ժողովի անդամի կողմից։ Ի՞նչ է ուզում ինքն ասել, որ վերջին պահին կարող է ինչ–որ բա՞ն մտցնել, փոխել օրենքում և դա ոչ մեկ չնկատի՞։ Դա պարզապես ծիծաղելի է… Եվ վեր կենալ, հայտարարել, որ «մենք դեմ ենք նման արժեքներին» գոնե ինքը, լինելով Եվրաինտեգրման հանձնաժողովի ներկայացուցիչ, չպետք է աներ:

 

Ինչպե՞ս եք գնահատում օրենքը` փոփոխություններից հետո, իր վերջին տեսքով` ինչոր բան կտա՞ Հայաստանի կանանց գենդերային հավասարության մասին օրենքի ընդունումը, թե ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում:

 

Առաջարկությունները, որ եղել են ավելի տերմինալոգիայի մեջ է ամեն դեպքում եթե անգամ այդ փոփոխությունները լինեն, բայց օրենքն իր բուն հիմքով մնա վերջապես հասարակությունը և պետությունը պետք է իր վրա վերցնի և քայլեր ձեռնարկի ապահովելու համար, որպեսզի կանանց նույն հնարավորությունները տրվեն, ինչ տղամարդկանց: Հետո նաև մեզ գործիք է պետք, որ եթե մեր հասարակության մեջ ինչ–որ տեղեր կանայք ճնշված են ներկայացվել, կարծրատիպային են ներկայացվել, մենք ապացուցենք, որ իրենց գործողություններն անօրինական են:

 

Իհարկե օրենքը միայն իրենով բավարար չէ։ Պետք է լինեն ուսուցողական իրազեկման մեխանիզմներ: Մի ուրիշ բան էլ կա, որ «գենդերը» պետք է մնա նախագծում, որպեսզի հասարակությունը հասկանա և իրազեկվի, որ մենք ունենք գենդերային անհավասարության հիմնախնդիր: Եթե հանում ենք «գենդեր» տերմինը, ինչո՞վ ենք դա հիմնավորում։

 

Իրենք ասում են, որ գենդերը միասեռականությունն է, պեդոֆիլիան է, ինցեստն է… Դա ծիծաղելի է, որովհետև գենդերը դա չի նշանակում։ Գենդերը սոցիալական սեռն է, երբ դու, ծնվելով կին կամ տղամարդ, սովորում ես՝ ինչպիսին լինել լավ կին կամ լավ տղամարդ դառնալու համար, ինչպե՞ս ես հասկանում քո դերը:

 

 

Աղբյուրը՝ www.hra.am 

 

 

Կարդացեք այս թեմայի շուրջ մեր կայքում.

 

«Ինչու՞ են օրենքից ցանկանում հանել «գենդեր» բառը
Գոհար Շախնազարյան. «Հասարակական գիտակցությունը մանիպուլյացիաների ենթարկելու փորձերը վտանգավոր են»…
«Ի՞նչ է նշանակում ՝ երբ Խաչիկ Ստամբոլցյանն ինձ բացատրեց, ես հասկացա որ»…

 

Ջեմմա Հասրաթյան. « Օրենքի սխալ ու աղավաղված ներկայացումը հանրությանը անընդունելի է »

 

Քննարկում. իրավապաշտպանները Հայաստանում շարունակում են ենթարկվել բռնությունների

Ի՞նչ է առաջարկում եւ ի՞նչ է ակնկալում կառավարությունը

 

ՀԿ-ները պահանջում են օրենքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումների անհապաղ անցկացում

 

Հանրային խորհրդի գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովի հայտարարությունը

 

 

Դիտումների քանակը` 5058

Գլխավոր էջ