Լավագույն կին գործարարները ստացան կառավարության մրցանակները

  Երեկ Հայաստանի Ազգային գրադարանում տեղի է ունեցել  ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի հանդիսավոր նիստը, որի ժամանակ ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013 թ. մրցանակաբաշխության արդյունքները: Այն մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի շնորհավորանքի խոսքով.

 

«Սրտանց ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել մեր սիրելի կանանց հիասքանչ տոների առթիվ: Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք իրականացնել այնպիսի խրախուսական միջոցառումներ, որոնք դրական ազդեցություն են թողնելու Հայաստանի Հանրապետությունում կանանց դերի ակտիվացման և կարևորման գործում: Անցած տարի շնորհեցինք մրցանակներ, ինչը ողջունվեց հանրության կողմից: Միասին որոշեցինք շարունակել այս գեղեցիկ ավանդույթը, նաև ստանում էինք բազմաթիվ առաջարկություններ, թե ինչպիսի նոր անվանակարգեր սահմանելով կարող ենք խրախուսել կանանց ակտիվությունը հասարակական կյանքում», – նշել է Տիգրան Սարգսյանը:

 


Նիստում ամփոփվել են արդեն երկրորդ անգամ անցկացվող «Լավագույն կին գործարար» և «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» 2013 թ. մրցանակաբաշխության արդյունքները:
Կառավարության ղեկավարը պատվոգրեր է հանձնել տարբեր անվանակարգերում անցկացված մրցույթների հաղթողներին: Մասնավորապես, «Լավագույն կին գործատու» են ճանաչվել Երևանից` Աննա Խաչատուրովան, Լոռու մարզից` Մարգարիտա Չոբանյանը, «Լավագույն կին նորարար նախաձեռնող»` Արևիկ Սարգսյանը և Նելլի Ավետիսյանը, «Լավագույն կին բարեգործ»` Լոռու մարզից՝ Զարուհի Անդրիասյանը և Գեղարքունիքի մարզից՝ Անուշ Բադալյանը:

 

«Կին արտադրողի լավագույն ապրանքանիշը» անվանակարգում առաջին տեղն զբաղեցրել են Երևանից` Կարինե Դնոյանը և Լոռու մարզից` Ռուզաննա Դանիելյանը :

 


«Լավագույն երիտասարդ կին գործարար» անվանակարգին մասնակցության հայտ ներկայացրած մինչև 35 տարեկան երիտասարդ կին գործարարներից հաղթող են ճանաչվել Արևիկ Սիմոնյանը և Հասմիկ Ազոյանը` Երևանից: Իսկ «Լավագույն սկսնակ կին գործարար» անվանակարգում, որը նախատեսված է 2012-2013 թթ. ընթացքում իրենց բիզնեսը նախաձեռնած ու գրանցած կանանց համար, լավագույնի մրցանակին են արժանացել Կոտայքի մարզից` Սեդա Աֆյանը և Գեղարքունիքի մարզից` Աննա Գաբրիելյանը:

 


Տիգրան Սարգսյանի կողմից պատվոգրերի են արժանացել նաև «Լավագույն համայնք՝ գենդերային հարցերի լուծման ուղղությամբ» մրցանակաբաշխության համայնքի ավագանու կազմում կանանց և տղամարդկանց հարաբերակցություն ցուցանիշով հաղթող ճանաչված քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:  (Մանրամասները  տես՝ տեղեկանքում):

 

Հայաստանում կանանց ձեռնարկատիրական գործունեությունը և նախաձեռնողականությունը խրախուսելու, տնտեսության տարբեր ճյուղերում կին գործարարների նվաճումների գնահատման, հանրահռչակման և սատարման նպատակով հատուկ մրցանակներ են հանձնվել նաև միջազգային կազմակերպությունների` ԱՄՆ ՄԶԳ «Ձեռնարկությունների զարգացում և շուկայի մրցունակություն» ծրագրի, ԵԱՀԿ-ի, Միջազգային ֆինանսական կորպորացիայի և Ասիական զարգացման բանկի կողմից:
Նիստում հայտարարվել է նաև «Լավագույն լրագրող՝ գենդերային հիմնահարցերի լուսաբանման գործում» ՀՀ վարչապետի 2013 թվականի մրցանակաբաշխության մասին, որի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդի տարեվերջյան նիստում: «Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ», «Լավագույն ռադիոռեպորտաժ» և «Լավագույն տպագիր նյութ» անվանակարգերում հայտարարված մրցույթի նպատակը հաջողակ գործարար կանանց հետաքրքիր պատմությունների լուսաբանումն է:

 

 

«Այս մրցանակը կարևոր է այս դահլիճում տիրող մթնոլորտը ճիշտ, առանց աղավաղումների հանրությանը ներկայացնելու առումով, իսկ այդ պատասխանատու գործը կատարում են լրագրողները: Հուսով ենք` նրանք ակտիվորեն կմասնակցեն լուսաբանման գործընթացին, և այս տարի առաջին անգամ կունենանք նաև այս մրցանակի հաղթողներ»,- ընդգծել է վարչապետը:

 

 

Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ ՀՀ կառավարության պաշտոնական  կայքի «Հայտարարություններ» բաժնում:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել արդյունավետ համատեղ աշխատանքի համար:

 

 

Աղբյուրը՝   http://www.gov.am/am/

 

Դիտումների քանակը` 3975

Գլխավոր էջ