Ինչքանո՞վ է պահպանողական հայ հասարակությունը. փորձագետներ
Բոլորովին վերջերս Pew Research Center-ը հրապարակել է մի հետազոտություն, համաձայն որի Հայաստանի բնակչության 76%-ը անբարոյական է համարում նախաամուսնական սեռական հարաբերությունները, 69%-ը՝ աբորտները, 96%-ը մարմնավաճառությունը, 98%-ը՝ միասեռական հարաբերությունները, իսկ 56%-ի կարծիքով անբարոյական է նաեւ ամուսնալուծությունը:
Հետազոտությունն իրականացվել է հետխորհրդային և նախկին «սոցճամբարի» 18 երկրներում և ըստ դրա՝ Հայաստանը բոլոր ցուցանիշներով առաջին դիրքերն է զբաղեցնում: Այսինքն մեր երկրի հասարակությունը, հետազոտության հեղինակների համաձայն, ուլտրապահպանողական է: Սակայն պարզվեց, որ Հայաստանում այնքան էլ համաձայն չեն նման պատկերի հետ ու թեև մասնագետները հայ հասարակությունը շարունակում են որակել պահպանողական, բայց կոնկրետ այս հետազոտության արդյունքներին որոշակի վերապահումով են մոտենում:
«Խիստ պահպանողականությու՞ն, թե՞ վստահության ճգնաժամ» թեմայով քննարկմանը ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն, Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր Գոհար Շահնազարյանը նշեց, որ Հայաստանում հարցումն անցկացնելու համար պատասխանատու է եղել վրացական մի կազմակերպություն, որն էլ հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն մեթոդաբանության կամ Հայաստանում հարցազրուցավարների մասով: Ուստի Գոհար Շահնազարյանն անգամ հրաժարվում է մեկնաբանել այս հետազոտության արդյունքները, որովհետև բավարար տեղեկատվություն չկա մեթոդաբանության վերաբերյալ: Սակայն թեման, ըստ նրա, արծարծվել է ոչ միայն այդ միջազգային հետազոտության մեջ, այլև այլ.
«Օրինակ, երկու տարի առաջ ԵՊՀ Գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի անցկացրախ հետազոտության մեջ հարցվածների 80 տոկոսը նշել էր, որ դեմ նախաամուսնական կապերին և ընդգծել կուսության կարևորությունը, և այլն: Նման միտումներ, այո, կան տարբեր հետազոտություններում, որովհետև նմանատիպ խնդիրները մեր հասարակության շրջանում մեծ տեղ են զբաղեցնում, ուղղակի տարբերություններ կան տոկոսային առումով, ինչն էլ կախված է հարցման կոնտեքստից»,- ասաց նա:
Մշակութային մարդաբան, պատմական գիտությունների թեկնածու Աղասի Թադևոսյանի կարծիքով՝ Հայաստանում երկակի ստանդարտները հասարակության անբաժան մասն են: Փորձագետը չի կասկածում, որ այդ հարցերին հենց այդպես էլ պատասխանել են, բայց դա չի նշանակում, վստահություն հայտնեց նա, որ հարցվողներն իրականում այդպես էլ մտածում են: Եվ հենց դա է ամենամեծ խնդիրը.
«Մեր հասարակության դժբախտությունը նրանում է, որ նա ապրում է այդ երկու իրականությունների մեջ՝ ներկայացնում է մի իրականություն, բայց ապրում բլորովին այլ իրականությունում: Այդ երկակի ստանդարտները գործում են ամենուր: 96 տոկոսը, ըստ այդ հետազոտության, դատապարտում են մարմնավաճառությունը, սակայն մարմնավաճառների մոտ հերթեր են գոյանում, և նման օրինակներ շատ կարելի է բերել: Եվ այստեղ է, որ առաջանում է վստահության ճգնաժամը ասածի եւ գործացի հանդեպ»,- նշեց նա:
Շարունակելով շարքը նշենք, որ թեեւ հարցվածների 69%-ը անբարոյականություն է համարում աբորտն, սակայն Հայաստանը սեռով պայմանավորված աբորտների ցուցանիշներով աշխարհում երկրորդ տեղում է` Չինաստանից հետո, բավականին բարձր են նաեւ աբորտների պաշտոնական տվյալները՝ տարեկան ավելի քան 8000 է: Հարցվածների 42 %-ն անբարոյական է համարում հակաբեղմնավորիչների օգտագործումը, սակայն Հայաստանում ոչ միայն «բեյբի-բում» չկա, այլև ծնելիությունն անշեղորեն կրճատվում է:
Բոլոր դեպքերում քննարկման մասնակիցները համակարծիք էին այն հարցում, որ Հայաստանի հասարակությունը շարունակում է մնալ պահպանողական: Գոհար Շահնազարյանի խոսքով՝ հասարակությունը պահպանողական է, որովհետև Հայաստանում այսօր դոմինանտ է գոյատևման ռազմավարությունը և մի շարք այլ գործոններ: Այսինքն՝ ավելի կարեւոր է ոչ թե ուղղակի փաստել, որ հայ հասարակությունը պահպանողական է, այլ հասկանալ, թե ինչու է նա այդպիսին և ինչով է դա պայմանավորված.
«Հայաստանի հասարակությունը պահպանողական է, բայց չենք կարող միանշանակ ասել, որ բոլորն են պահպանողական. կան տարբեր խմբեր, որոնք տարբեր ձևով են մտածում և եթե ընդհանրացնեմ, ապա պետք է հատուկ ընդգծել՝ տղամարդիկ այսօր ավելի պահպանողական են, քան կանայք և դա շատ հետազոտություններ են փաստում, որովհետև նույն հարցերի շուրջ շատ մեծ տարբերություն կա կանանց և տղամարդկանց պատկերացումներում: Այնպես որ սա ու մի շարք այլ գործոններ հաշվի առնելով պետք է տարբեր տեսանկյուններից դիտարկել պահպանողականությունը»,- հավելեց նա:
Լիա Խոջոյան
Դիտումների քանակը` 3334