Ինչպիսի՞ն է լինելու «կանանց օրակարգը»
Ասում են, քվոտավորման համակարգն առավել արդյունավետ է գործում միայն այնտեղ, որտեղ գոյություն ունի կանանց հասարակական ակտիվ շարժում։ Ի՞նչ հարցեր են բարձրացնելու կանանց կազմակերպությունները Ազգային ժողով ուղղվող կուսակցությունների առջև և ի՞նչ սպասելիքներ են կապում նրանք այդ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված կանանց հետ: Այլ կերպ ասած, ինչպիսին է այն հիմնախնդիրների շրջանակը, որոնց շուրջ ձևավորվելու է այսպես կոչված «կանանց օրակարգը» և որոնց լուծումը հասարակությունը կապում է հատկապես օրենսդիր իշխանության մեջ ներկայացված կանանց հետ:
Մեր զրույցները մի քանի կանանց կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ցույց տվեցին, որ ապագա պատգամավորներին ուղղված հարցերի և առաջարկների ցանկը, գուցե միասնական չէ, սակայն ընդհանուր առմամբ ձևավորված է և հնչեցվելու է նախընտրական քարոզարշավի մեկնարկի հետ միասին: Բացի այդ, ՀԿ-ներից շատերը մտադիր են ուշադիր ուսումնասիրել կուսակցությունների ծրագրերը՝ տեղեկանալու համար, թե որ կուսակցությունը ինչ հարցեր է ներառել` կանանց հետ կապված: Ակնհայտ է, որ բարձրացվող հարցերի բնույթը շատ ժամանակ կապված է այս կամ այն ՀԿ-ի գործունեության ոլորտի հետ:
Այսպես, «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ-ի տնօրեն Լարա Ահարոնյանը մեզ հետ զրույցում նշեց.
«Երկու հիմնական հարց ենք առանձնացրել մեզ համար. նախ կուսակցությունների ծրագրերում, որքանով են ներառված կանանց հիմնախնդիրները և մասնավորապես` գենդերային բռնության հարցը: Աշխատելով այս ոլորտում` մենք շատ բացեր ենք տեսնում` սկսած օրենսդրական դաշտից, մինչև ապաստարանների խնդիրը: Սա մեկ ՀԿ-ի գործը չէ և պետք է պետական մոտեցում: Իսկ երկրորդ հարցը վերաբերում է կանանց տնտեսական հնարավորությունների զարգացման հիմնախնդրին: Այդ նպատակով կազմակերպությունը որոշել է տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների հետ շաբաթը երկու անգամ հանդիպումներ կազմակերպել, որպեսզի իրենք ներկայացնեն իրենց քաղաքական ծրագրերը, և մենք էլ իրենց ուղղենք մեզ հուզող հարցերը: Հանդիպումները կկայանան ապրիլ ամսից և բաց են լինելու ոչ միայն մեր ՀԿ-ի անդամների, այլև այն կանանց համար, ովքեր հետաքրքրված են քաղաքական այս գործընթացներով»:
“Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի” նախագահ Լիլիթ Ասատրյանը կարևորեց իրենց համագործակցության փորձը ԱԺ-ի հետ և այդ թվում նաև կին պատգամավորների հետ: «Նրանք իրենց փորձը ներկայացրել են երիտասարդ սերնդի կանանց, դրանով իսկ հնարավորություն ընձեռել բարձրացնել հարցեր, որոնք հետաքրքրել են մեր շահառուների խմբին: Նախընտրական փուլում հատուկ ուշադրություն ենք դարձնելու, որ ընտրապայքարի մեջ մտած կուսակցությունները ինչ չափով են կարևորում կանանց դերը պետության մեջ և հասարակության տարբեր ոլորտներում: Նայելու ենք նաև կուսակցություններից յուրաքանչյուրը ինչ լուծումներ կառաջարկի իրենց ծրագրի շրջանակներում գործազրկության հիմնախնդրի վերաբերյալ, հատկապես կանանց գործազրկության: Կարևորելու ենք առողջապահության հարցը ևս»:
Կին-առաջնորդների ֆորումի համակարգող խորհրդի նախագահ Դուստրիկ Մխիթարյանը նշեց, որ խորհրդի 17 անդամներն (կանայք տարբեր կուսակցություններից ու հասարակական կազամակերպություններից) ներկայացնելու են ընտրություններին մասնակցող կուսակցություններին Կանանց հիմնախնդիրների պլատֆորմը, որը մշակել էին անցյալ տարվա մայիսին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ և Ազգային ժողովրդավարության ինստիտուտի կողմից կազմակերպված «Կանայք քաղաքականության մեջ» թեմայով համաժողովի ժամանակ:
« Պլատֆորմի գերակայությունները չորսն են՝ կանանց քաղաքական մասնակցություն, կանանց տնտեսական մասնակցության խրախուսում, ընտանեկան և գենդերային բռնության նվազեցում, կանանց առողջություն: Բացի այդ, ֆորումը նախատեսում է նաև ստեղծել մարզերում համակարգող խորհուրդններ, որունցում ընդգրկված ակտիվ կանայք կաջակցեն ու կսատարեն առաջադրված կին-թեկնածուներին, օգնելով քաղաքակիրթ ձևով ընտրությունների անցկացմանը», – ասաց Մխիթարյանը:
Կանանց հանրապետական խորհրդի նախագահ Աիդա Թոփուզյանը առանձնացրեց 3 առաջնահերթ հարց, որոնք նրանք մտադիր են բարձրաձայնել նախընտրական շրջանում:
«Առաջինը, ի՞նչ է քայլեր են ձեռնարկվելու մեծահասակների խնդիրների հետ կապված, մասնավորապես մեծահասակ կանանց հիմնախնդիրների, չաշխատող թոշակառուների, առողջապահական, ապահովագրական հարցերի լուծման շուրջ: Այսօր հենց նրանք են համարվում ամենաանպաշտպան խավը և նրանց համար ոչ մի պաշտոնական մեխանիզմ ձևավորված չէ: Երկրորդը՝ ունենք գենդերային հիմնախնդիրների լուծման համար ազգային մեխանիզմ ստեղծելու անհրաժեշտություն: Ի՞նչ է արվելու այդ ուղղությամբ: Եվ վերջապես, ընտանիքի աջակցության հայեցակարգ ստեղծելու հարցը», – թվարկեց տիկին Թոփուզյանը:
Հանրային խորհրդի գեներային և ժողովրդագրության հարցերի հանձնաժողովի անդամների հետ զրույցի ժամանակ նույնպես ձևավորվեց հարցերի բավական լայն մի շրջանակ,որոնք նրանք մտադիր են բարձրացնել: ՀանձնաԺողովի նախագահ և Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի նախագահ Ելենա Վարդանյանը համարում է, որ տնտեսական ճգնաժամի հետևանքով հանրապետությունում աղքատության մակարդակի զգալի բարձրացման և սրացման պայամաններում «կանանց օրակարգը» այս ընտրություններին կունենա ավելի խիստ սոցիալական ուղղվածություն, քան 2007-ին, երբ ճգնաժամ դեռևս չկար:
«Առաջնայինը սոցիալականն է, երկրորդը՝ միգրացիայի կանխումն է ՝ ի՞նչ անել, որ երկրի քաղաքացիներն իրենց ապագան կապեն հենց իրենց, ոչ թե այլ երկրների հետ: Երրորդը՝ ինչպե՞ս բարձրացնել ընտանիքի կարևորությունը, որը հասարակության կայունության գրավակականն է» – այսպիսին է կանանց օրակարգը Ելենա Վարդանյանի ներկայացմամբ: Նրա հավելմամբ, ակնհայտ է, որ այն պետք է ներառի նաև կանանց քաղաքական մասնակցության հարցերը և կին պատգամավորների և ՀԿ սեկտորի համագործակցությունը բոլոր թվարկած հարցերում:
Տեղեկացանք նաև, որ Քաղաքացիական հասարակության համագործակցության ցանցը (ՔՀՀՑ), որը միավորում է «ՕՔՍՖԱՄ»-ի գործընկեր՝ շուրջ 27 ՀԿ-ներ, պատրաստվում է դիմել կուսակցություններին՝ չառաջարկել իրենց ցուցակներում ընդգրկված կանանց հրաժարվել իրենց մանդատներից ընտրություններից հետո, քանզի հասարակությունը ուզում է տեսնել իրեն կողմից ընտրված բոլոր կանանց Ազգային ժողովում՝ նրանք այնտեղ պետք են…
Զրուցեցին՝
Նինել Հովհաննիսյանը,
Լիլիթ Քոչինյանը
Դիտումների քանակը` 5320