Ինչպիսի՞ն են հայ մայրերը…

Եվրոպացի հոգեբաններն ուսումնասիրություններ են անցկացրել` համեմատելով աշխարհի որոշ երկրներում մայրերի վերաբերմունքն իրենց երեխաներին: Ըստ արդյունքների  նախապատվությունը տրվել է ֆրանսիացի կանանց:

 

Թեպետ, նման հետազոտությունները հաճախ նման են հիվանդանոցի միջին ջերմաստիճանը ներկայացնելու փորձերին, քանի որ երեխաբների դաստիարակության հարցում ազգային առանձնահատկություններից բացի շատ ավելի մեծ դեր է խաղում անհատական  գործոնը: Բոլո դեպքերում հետազոտողների որոշ դիտարկումները ուշագրավ են:

 

Օրինակ, ամերիկացի մայրերը, ըստ ուսումնասիրության արդյունքների,  բավականին անտարբեր են իրենց երեխաների արտաքին տեսքի, առողջության և մտավոր զարգացման հանդեպ: Մասնավորապես` հետազոտողներին ապշեցրել է արագ սննդի չարաշահումը վաղ տարիքից և երեխանների գիրության փաստը:

 
Ռուս մայրերը չափազանց զիջող են վատ սովորույթների` ծխելու չարաշահման, ալկոհոլային խմիչքների օգտագործման հարցերում:
Բրիտանացի մայրերը չափազանց խիստ և հավատարիմ են բրիտանական դասական, «սառը» դաստիարակության չափանիշներին:

 

Առնվազն 8 տարի ուսումնասիրելով ֆրանսիացի կանանց, հետազոտողները պարզել են, որ նրանք հատուկ վերաբերմունք ունեն իրենց երեխաների հանդեպ: Նրանք իրենց երեխաներին ընդունում են ոչ թե որպես անօգնական արարածների, այլ որպես մտածող մարդկանց, ովքեր պետք է սովորեն: Ասենք, եթե երեխան լացում է, անգլիացի մայրերը խենթանում են անօգնական այդ վիճակից, իսկ ֆրանսիացի մայրերը դրան շատ սովորական են վերաբերվում` երեխան սովորում է քնել: Կամ, ասենք, եթե երեխան չի ուտում, ապա բիտանացի մայրերը դրանից ողբերգություն են սարքում և դիմում բժշկի, իսկ ֆրանսիացի կանայք ասում են` դե, գոնե մի կտոր փորձի, եթե դուր չգա` չես ուտի:

 

Պարզվում է, որ ֆրանսիացի մայրերը նույնիսկ թույլ են տալիս իրենց երեխաներին օգտագործել միակ ընտրված բառը էմոցիաներն արտահայտելու համար, իսկ մնացած բառերն արգելվում են: Սա դրական է ազդում երեխայի հոգեբանության վրա` այդպիսով նա կարողանում է ազատվել բացասական հույզերից: Երեխաների դաստիարակության ֆրանսիական մեթոդի հիմնական տարբերությունն այն է, որ երեխան վաղ հասակից ընկալվում է որպես անհատականություն` առանց հատուկ խստությունների և սահմանափակումների:

 

 

Իսկ ինչպիսի՞ն են հայ մայրիկները: Փորձեցինք ստանալ այս հարցի պատասխանը տեղական մասնագետներից:

 

Հոգեբան, Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիայի նախագահ Խաչատուր Մարոզյանը WomenNet.am-ի  հետ զրույցում նշեց, որ մյուս ազգերի հետ համեմատ հայ մայրերը տարբերվում են  առավել հոգատարությամբ և սիրով: Նրա դիտարկմամբ` երեխայի դաստիարակությունը հայ ընտանիքներում հիմնականում, եթե ոչ ամբողջությամբ, մոր ձեռքերում է, քանի որ ընտանիքի հիմնասյունը մայրն է: Սակայն, ըստ նրա, փոխվել են որոշ արժեհամակարգեր նաև երեխաների դաստիարակության հարցում:

 

 

«Այսօրվա հայ  ընտանիքներում  երեխաներին պատրաստում են ինչ-որ կոնկրետ դերակատարման կամ տեղ գրավելու համար: Ամեն ինչ հիմնված է հաշվարկների վրա` դիպլոմը կունենա, պապիկը կօգնի, Մոսկվայի արտաքին հարաբերությունների ինստիտուտը կավարտի, հետո կօգնեն, կդառնա դեսպան: Այսինքն` այս ամենի մեջ դաստիարակության տարր անգամ չկա: Եվ ամենասարսափելին  այն է, որ ոչ ոք չի մտածում իրական դաստիարակության մասին: Իսկ դա այն է, որ  այս երեխան առաջին հերթին պետք է մարդ դառնա, հայ մարդ: Իսկ դրա համար մայրը, կամ հայրն ասո՞ւմ են` բալես, մի հատ Սևակ կարդա, մեր գիրն ու գրականությունը կարդա, լավ ընկեր պետք է լինես, մեծին հարգող և այլն»,-ասաց հոգեբանը:

 

«Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի դիտարկմամբ`հայ  մայրերը համառ են, հոգատար. նրանք համարվում են ընտանիքի մշակույթի կրողը, իրենս ուսերի վրա են կրում ընտանիքի մի շարք կարևոր հարցեր, այդ թվում երեխաների դաստիարակության:

 

«Սակայն կան որոշ ավանդական նորմեր, որոնք մայրը փորձում է փոխանցել իր երեխաներին և դրանով բավարարում: Կյանքի հմտությունն, իմաստությունը, փորձառությունը կարողությունը մնում է ամեն մի հայի սեփականություն և դժբախտաբար մյուս սերունդներին այդպես էլ չեն փոխանցվում: Կան մայրեր, ովքեր պարտադրում են երեխաներին ապրել այնպես, ինչպես ինքն է ապրել»,- նկատում է սոցիոլոգը:

 

Ըստ նրա` հայ ծնողների մեծ մասը իրենց երեխաներին փորձում են հեռու պահել հնարավոր փորձանքներից, ինչի արդյունքում շատ են լինում սահմանափակումները, «չի կարելիները»:

 

«Նման դեպքերում գալիս է մի պահ, որ երեխան չի կարողանում ինքնուրույն կյանքին հարմարվել , որովհետև սեփական փորձառություն չունի»,-նշեց Ա.Ադիբեկյանը:

 

Դրա հետ մեկտեղ , սոցիոլոգի խոսքերով,  հայ հարսնացուներն  արտասահմանցի տղամարդկանց տեսանկյունից  առանձնանում են իրենց ջանասիրությամբ ու հոգատարությամբ : «Մի անգամ մեր ակումբ եկավ մի գերմանացի ու ասաց`տղաս մի տարօրինակ կնոջ հետ է ամուսնացել. Նա աշխատում է, բարձրակարգ մասնագետ է, մաքուր է պահում մեր երկու հարկանի տունը, լվացք է անում, ճաշ է պատրաստում, երեխաներին է խնամում, դպրոց է տանում , հետները դասերն է սովորում, և ես պարզապես ուզում էի իմանալ, թե այս տիպի կանայք որտեղ են ապրում, ու եկա Հայաստան»,- պատմեց Ա.Ադիբեկյանը:

 

Ա. Հակոբյան

 

Դիտումների քանակը` 4436

Գլխավոր էջ