Ինչպես խրախուսել բազմազավակությունը

 

Դատելով կառավարության այսօրվա նիստում տեղի ունեցած քննարկումից գործադիրը  դեռ չգիտի այս հարցի պատասխանը, սակայն գիտի ինչպես դա պետք չէ անել:

 

Խոսքը  մի խումբ պատգմավորների կողմից ներկայացված  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծի մասին է, որով առաջարկվում  է  խրախուսել բազմազավակությունը` երեք և ավելի երեխա ունեցող մայրերի համար կենսաթոշակի իրավունք տվող տարիքը և ստաժի համար սահմանված օրացուցային տարիները պակասեցնելու ճանապարհով:

 

Այսինքն` նախաձեռնության  նպատակն է խթա­նել ծնելիությունը և բարելավել ժողովրդագրական վիճակը: Կառավարությունը նպատակի հետ լիովին համաձայն է, սակայն  նպատակահարմար չի համարում ընդունել  ներկայացված նախաձեռնությունը` համարելով, որ խնդիրը  ավելի առարկայական  լուծումների կարիք ունի:

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրանը ներկայացնելով  գործադիրի  եզրակացությունը, մատնանշել է նախագծի անընդունելի դրույթները:  Ըստ նախարարի,  առաջարկվող փոփոխություններն էական ազդեցություն չեն կարող ունենալ ժողովրդագրական վիճակի բարելավման վրա:

 

«Նախագծի հեղինակներին առաջարկել ենք կառավարության հետ քննարկել ժո­­ղովրդագրական իրավիճակի բարե­լավ­մանը և ծնելիության խթանմանը միտված այլ ծրագրերի իրականացման հնարավորու­թյուն­ները: Կարծում եմ` առաջիկայում մենք ավելի առարկայական համատեղ առաջարկություններ կներկայացնենք կառավարություն»,-ասել է Արտեմ Ասատրյանը:

 

Նշենք, որ  նախագծի  հիմնավորման մեջ  բավականին մտահոգիչ վիճագրական տվյալներ են  ներկայացված, որոնք հաստատում են, որ Հայաստանում չի ապահովվում ոչ միայն ընդլայնված, այլ նաև պարզ վերարտադրությունը:

 

« 2011 թվականի ընթացքում ՀՀ-ում ծնվել են 43340 երեխաներ, իսկ 2012 թվականի ընթացքում 1000 ով պակաս՝ 42333 երեխաներ, որոնցից ընտանիքների երեք և ավելի երեխաներ են եղել 6546-ը, կամ՝ տարվա ընթացքում ծննդաբերող կանանց 15.4 %-ն են ունեցել իրենց երրորդ երեխան: Ծնելության անկման միտումները պահպանվել են նաև 2013 թվականի 6 ամսվա տվյալներով, քանի որ 2013 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվել են 18802 երեխաներ, ինչը նույնպես մոտ 1000-ով պակաս է 2012 թվականի 6 ամսվա ընթացքում ծնվածների թվից», – նշված է նախագծի հիմնավորման մեջ:

 

Նախագծի հեղինակները նաև նշում են, որ առաջնորդվել են   ՀՀ Նախագահի նախընտրական և   2013 թվականին հաստատված ՀՀ կառավարության գործունեության ծրագրերի դրույթներով:Մասնավորապես,   ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով նախատեսված է ծնելիությունը խթանելու նպատակով ներդնել մայրական կապիտալի համակարգ: Նաև  ՀՀ կառավարությունն իր գործունեության ծրագրի «ժողովրդագրություն» բաժնում ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով նախատեսում է բազմազավակ ընտանիքների՝ որպես հասարակության կարևորագույն օղակի աջակցության ծրագրերի իրականացում և ծնունդների սոցիալական խրախուսում՝ երեխաներ ունենալու և մեծացնելու համար բարենպաստ պայմանների ստեղծում:

 

«Ժողովրդագրական ակտիվ քաղաքականություն իրականացնելու ճանապարհներից մեկը համարվում է ներկայացված նախագծի ընդունումն ու իրականացումը»,- համոզված են  նախաձեռնության հեղինակները:   Կառավարությունն, ինչպես նշվեց, այս համոզմունքն չի կիսում` համարելով , որ ավելի «առարկայական միջոցներ»  են պետք:

 

Իսկ թե կոնկրետ ինչ միջոցներ ի նկատի ունի  – այս հարցի պատասխանը  դեռ բաց է…

 

Ա.Հակոբյան

Դիտումների քանակը` 4671

Գլխավոր էջ