Ինչպես աշխատեց քվոտան Գյումրու եւ Վանաձորի ավագանու ընտրություններում / ինֆոգրաֆիկա

 

inf7-1

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին հանրապետության երկու խոշոր քաղաքներում` Գյումրիում և Վանաձորում, ՏԻՄ ընտրություններն առաջին անգամ անցկացվեցին համամասնական ընտրակարգով: Ու թեև Գյումրիի դեպքում այսօր կարելի է խոսել միայն նախնական արդյունքների մասին, իսկ Վանաձորում ընդդիմությունը դեռ շարունակում է ավագանու նիստերի բոյկոտը, երկու քաղաքներում էլ կանանց ներկայացվածությունը ավագանիներում զգալիորեն աճել է ` 5%-ից դառնալով 24%: Եթե նախորդ ընտրությունների արդյունքում Գյումրու և Վանաձորի ավագանիներում մեկական կին էր ընդգրկվել 21 անդամից, ապա այս անգամ ավագանու կազմում ընտրված 33 անդամից 8-ը կին են:

 

 

Դա հնարավոր է դարձել նոր Ընտրական օրենսգրքով սահմանված գենդերային քվոտայի շնորհիվ, ըստ որի առաջադրվող կուսակցություններից յուրաքանչյուրի ընտրական ցուցակի 1-ին համարից սկսած` ցանկացած ամբողջ թվով քառյակներում (1-4, 1-8, 1-12 և այդպես շարունակ` մինչև ցուցակի ավարտը) յուրաքանչյուր սեռի ներկայացուցիչների թիվը չպետք է գերազանցի 75 տոկոսը:

 

ՏԻՄ ընտրություններում կանանց մասնակցության վերաբերյալ բոլոր  ինֆոգրաֆիկաները  դիտեք այստեղ

 

Միջինում կուսակցական ցուցակների մեկ երրորդը կանայք էին

 

Դիտարկելով, թե ինչպես է աշխատել քվոտան Գյումրիում և Վանաձորում առաջադրված կուսակցությունների ցուցակներում, նշենք, որ միջինում կուսակցությունների ցուցակների մեկ երրորդը կանայք էին:

 

 Գյումրիի ավագանու ընտրություններին 11 կուսակցություն է մասնակցել, որոնց նախընտրական ցուցակներում ընդհանուր թվով 419 թեկնածու էր ներկայացված: Թեկնածուներից 128-ը կամ 30,5 %-ը կանայք էին: Գյումրիում առաջադրված 11 կուսակցությունների ցուցակներում կանանց նվազագույն ներկայացվածությունը 25% է («Բալասանյան դաշինք» և «Բարգավաճ Հայաստան»), իսկ առավելագույնը` 44 % («Գյումրեցու ոգի», «Գործարար»): Մյուս կուսակցությունները 30-33% կին են ներկայացրել իրենց ցուցակներում:

 

Ընդ որում, 11 կուսակցություններից 8-ը ներկայացրել են կին թեկնածուներին ցուցակի առաջին եռյակում, մնացած երեքը` 4-րդ համարից սկսած: Ցուցակներից միայն մեկն էր կին գլխավորում` Եպրաքսյա Մեխակյանը (ՀԱԿ): Կուսակցություններից 7-ը երեք կին էին ընդգրկել իրենց ցուցակների առաջին տասնյակում:

 

Վանաձորի ավագանու ընտրություններին 8 կուսակցություն էր մասնակցել: Նրանց նախընտրական ցուցակներում, ընդհանուր թվով 326 թեկնածու էր ներկայացված, որոնցից 93-ը կամ 29%-ը կանայք էին: Կանանց ներկայացվածությունը տատանվում էր 25%-ից` իշխող ՀՀԿ-ի, «Բարգավաճ Հայաստանի» և «Լուսավոր Հայաստանի» դեպքում մինչև 33% «Համախմբում» և «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ցուցակներում: Մյուս կուսակցությունները 27-32%-ով էին ընդգրկել կանանց իրենց ցուցակներում: Ընդ որում, Վանաձորում առաջադրված կուսակցությունների կեսը ներկայացրել էր կին թեկնածուներին ցուցակի առաջին եռյակում, մյուս կեսը` 4-րդ համարից սկսած: Ցուցակներից միայն մեկն էր կին գլխավորում` Այծեմնիկ Օհանյանը ԲՀԿ-ից:

 

Ստացվում է, որ երկու դեպքում էլ կուսակցությունները կարողացան ապահովել իրենց ցուցակներում սեռերի 30/70 համամասնությունը, որը, ինչպես հայտնի է, նոր Ընտրական օրենսգրքով հետաձգված է մինչև 2021 թվականը: Ըստ էության, անցած ընտրություններն ապացուցեցին, որ այդ հետաձգումը արդարացված չէ, առավել ևս, եթե խոսքը խորհրդարանական ընտրությունների մասին է:

 

 

Այս անգամ օրենքը հօգուտ կանանց էր

 

Վանաձորում և Գյումրիում ընտրություններից հետո խմբակցությունների կազմավորման ժամանակ աշխատեց նոր Ընտրական օրենսգրքի առնվազն երկու դրույթ, որոնք կարգավորում են գենդերային քվոտայի պահպանումը մանդատների բաշխման ժամանակ, և որոնց կիրառման արդյունքում նույնիսկ նախկինում խանգարող ինքնաբացարկների պրակտիկան աշխատեց հօգուտ կանանց:

 

Այսպես, ընտրությունների արդյունքում Վանաձորի ավագանիում 5 կուսակցություն է ներկայացված. «Լուսավոր Հայաստանը» ստացել է 10 մանդատ, ԲՀԿ-ն` 3, «Հայկական վերածնունդը»` 5, ՀՀԿ-ն` 13, իսկ ՀՅԴ-ն` 2:

 

ՀՀԿ խմբակցության 13 անդամներից 3-ն են կին (13%). Գայանե Քալանթարյանը` «Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» ՊՓԲԸ տնօրեն, ՀՀԿ Լոռու տարածքային կազմակերպության կազմակերպիչ Մարինե Հովհաննիսյանը և երիտասարդ Սոխակ Մելքոնյանը: Ուշագրավն այն է, որ վերջինս ՀՀԿ ցուցակում 24-րդ հորիզոնականում էր ներկայացված, և նրանից առաջ դեռ 4 կին թեկնածու կար, սակայն կուսակցությունը հօգուտ նրա որոշում կայացրեց: Այստեղ է, որ աշխատեց Ընտրական օրենսգրքի դրույթը, ըստ որի երաշխավորվում է քվոտայի պահպանումը ընտրություններից հետո` մանդատից հրաժարվելու դեպքում: Մասնավորապես, եթե ինքնաբացարկի արդյունքում տվյալ խմբակցության որևէ սեռի ներկայացուցիչների թիվը նվազում է և արդյունքում ցածր է լինելու 20 տոկոսից, ապա մանդատը տրվում է այդ կուսակցության ընտրական ցուցակի նվազ ներկայացված սեռի հաջորդ թեկնածուին: Այդ դրույթը, ըստ էության, ապահովեց, որ կանանց ինքնաբացարկների դեպքում նրանց փոխարինի կին թեկնածուն և ոչ թե տղամարդը, ինչպես եղել է նախկինում:

 

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունում 10 անդամից երկուսն են կին (20%)` Կարինե Ղուկասյանը և Անահիտ Կարապետյանը: Նշենք, որ խմբակցության նիստում վերջինս` Անահիտ Կարապետյանը, ընտրվել է խմբակցության քարտուղար:

 

 «Հայկական վերածնունդ» խմբակցությունում 5 անդամներից միայն մեկն է կին (20%)` մանդատը բաժին է հասել «Աջակցություն հղի կանանց» ծրագրի սոցիալական աշխատող Մերի Եղիազարյանին:

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում 3 անդամից միայն մեկն է կին (33%)` կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Այծեմնիկ Օհանյանը:

 

ՀՅԴ խմբակցությունն ավագանիում կունենա ընդամենը երկու անդամ, որից մեկը` կին (50%): Կուսակցության որոշմամբ` մանդատը տրվել է ՎՊՀ, դոցենտ Արմենուհի Կյուրեղյանին: Ի սկզբանե Արմինե Կյուրեղյանը երրորդն էր կուսակցության ցուցակում, սակայն ՀՀ նոր Ընտրական օրենսգրքի պահանջով կուսակցությունը պարտավոր էր իր խմբակցության կազմում երկու սեռի ներկայացուցիչներ ապահովել:

 

Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի 114-րդ հոդվածի 6-րդ կետում նշված է. «Ընտրական ցուցակից ընտրվում է այն թեկնածուն, որի հերթական համարն ընտրական ցուցակում փոքր կամ հավասար է տվյալ ընտրական ցուցակին հասանելիք մանդատների թվին: Եթե դրա արդյունքում կուսակցության (կուսակցությունների դաշինքի) բոլոր մանդատները բաժին են հասնում նույն սեռի ներկայացուցիչներին, ապա ցուցակի հերթականությամբ վերջին ընտրվածի մանդատը տրվում է ընտրական ցուցակի չներկայացված սեռի նվազագույն համարով թեկնածուին, եթե կա»:

 

Գյումրիում, ինչպես հայտնի է, ավագանին կիսով չափ է ձևավորվել, ընդդիմությունը մանդատները չի վերցրել, բողոքարկելով ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի որոշումը, ըստ որի 17 մանդատ տրվեց «Բալասանյան դաշինքին», 8 մանդատ` «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, 4-ական մանդատ` «Հայկական վերածնունդ» և ԳԱԼԱ կուսակցություններին:

 

Այժմ պատկերը կանանց ներկայացվածության առումով հստակ է միայն «Բալասանյան դաշինքի» խմբակցության մասով, որի կազմում այսօր ներկայացված է 4 կին` ՀՀԿ-ական Լոլյա Խաչատրյանը, անկուսակցական Լուսինե Սանոյանը, Գայանե Սարգսյանն ու ՀՔԴՄ անդամ Կարինե Թաթարյանը:

 

Մնացած կուսակցությունների կազմում ըստ նախնական արդյունքների կլինեն ընդհանուր թվով 4 կին: «Բարգավաճ Հայաստանը» ավագանիում կունենա 2 կին` ԲՀԿ-ական անդամներ Սուսաննա Աստոյան և Արմենուհի Մխիթարյան: «Հայկական վերածնունդը» ավագանիում կներկայացնի միայն մեկ կին` ԵԿՏԱ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր Հասմիկ Եղիազարյանը: ԳԱԼԱ կուսակցության խմբակցությունում ևս ընդամենը մեկ կին ավագանի կլինի` Քրիստինա Մկրտչյանը:

 

Դիտումների քանակը` 3691

Գլխավոր էջ