Ինչպե՞ս են քվեարկել կին ընտրողները
Այս հարցի պատասխանը մեզանում բավականին դժվար է ստանալ, քանի որ ընտրությունների արդյունքները սեռի հատկանիշով տարբերակելու պրակտիկան Հայաստանում դեռևս չի ձևավորվել: Նախընտրական շրջանում կատարված գրեթե բոլոր սոցհարցումները նույնպես չեն տալիս այս հարցի պատասխանը: Այնպես որ, կանանց ու տղամարդկանց ընտրական նախապատվությունների տարբերության մասին պատկերացում ստանալու միակ ռեալ հնարավորությունը Exit Poll-ի արդյունքներն են:
Ինչպես հայտնի է, «Արմնյուզ» -ի նախաձեռնությամբ՝ Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան և Baltic Surveys/The Gallup Organization-ը փետրվարի 18-ին իրականացրեցին ելքի հարցում (Exit Poll), որի նպատակն էր բացահայտել և վերլուծել քվեարկության օրն ընտրողների որոշումը:
Հարցազրույցներն անցկացվել են բոլոր տասը մարզերի և Երևանի 122 ընտրատեղամասերում: Քվեարկության օրը 19 130 հարցազրույց է անցկացվել ընտրատեղամասից դուրս եկած յուրաքանչյուր 7-րդ ընտրողի հետ: Հարցվածների մեծամասնության` 41 տոկոսի տարիքը տատանվում է 31-50-ի սահմանում, 30 տոկոսինը` 50-ից բարձր են, իսկ 29 տոկոսը` 18-30 տարեկան են:
Ընտրություններից անմիջապես հետո հրապարակված Exit Poll-ի արդյունքների համաձայն` նախագահական ընտրություններին ընտրողների 58 տոկոսը քվեարկել է գործող նախագահ, Հանրապետական կուսակցության առաջնորդ Սերժ Սարգսյանի օգտին, 32 տոկոսը` «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի, երեքական տոկոս ձայն էին ստացել Հրանը Բագրատյանն ու Պարույր Հայրիկյանը, իսկ մնացած երեք թեկնածուները` Անդրիաս Ղուկասյան, Վարդան Սեդրակյան և Արման Մելիքյան հավաքել էին մեկական տոկոս ձայն:
Ինչպես են բաշխվել այդ ձայները ընտրողների սեռի հատկանիշով: Նշենք, որ Exit Poll-ի մասնակիցների 53 տոկոսը եղել են իգական սեռի ներկայացուցիչներ, իսկ 47 տոկոսը` արական:
Exit Poll-ի սեռով տարբերակված արդյունքներով՝
Սերժ Սարգսյանի օգտին է քվեարկել կանանց 57, իսկ տղամարդկանց 60 տոկոսը,
Րաֆֆի Հովհաննիսյանը վայելում է կանանց 35, իսկ տղամարդկանց 28 տոկոսի համակրանքը,
Պարույր Հայրիկյանին նախագահի պաշտոնում ցանկանում էր տեսնել կանանց 3, իսկ տղամարդկանց 4 տոկոսը,
Հրանտ Բագրատյանին կողմ էր կանանց 2, իսկ տղամարդկանց` 3 տոկոսը:
Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանն ու Արման Մելիքյանը հավասարաչափ ձայներ են ստացել երկու սեռի ներկայացուցիչների կողմից` մեկական տոկոս:
Այս տվյալները վկայում են , որ առաջին երկու հորիզոնականն զբաղեցրած թեկնածուների ընտրողների շրջանում առկա գենդերային տարբերությունը որոշիչ ազդեցություն չի ունեցել ընտրությունների արդյունքների վրա: Թեպետ Սերժ Սարգսյանի օգտին քվեարկած տղամարդկանց թիվը մոտ 3 տոկոսով ավել է, քան կանանց, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանին նախապատվություն տված ընտրողների թվի մեջ կանանց ձայները 7 տոկոսով ավել են, քան տղամարդկանց; Մյուս թեկնածուների օգտին քվեարկած տղամարդկանց ու կանանց միջև տարբերությունը ոչ էական է:
Նշենք, որ տղամարդկանց ու կանանց ընտրական նախապատվությունների տարբերությունը հատկապես կարևորվում է ԱՄՆ-ի ընտրություններում: Այդ տարբերությունը բավականին էական է և հաստատվում է նաև հասարակական կարծիքի հարցումներով: Հենց այս հողի վրա է ԱՄՆ-ում դեմոկրատների կուսակցությունը կատակով անվանում են մայրիկների կուսակցություն, իսկ հանրապետականը ՝ հայրիկների:
Օրինակ, 2012-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում գենդերային պառակտումը ընտրողների միջև կազմեց 18 տոկոսային կետ: Տղամարդկանց շրջանում Ռոմնին ուներ առավելություն 9 կետերով, կանանց շրջանում՝ նույնքան առավելություն ուներ Օբաման: Եվ քանի որ ողջ ընտրավազքի ընթացքում թեկնածուների ռեյտինգները գրեթե հավասար էին, գենդերային պառակտումը իսկապես որոշիչ դեր էր խաղում:
Հ. Հ.
Կարդացեք նաև այս թեմայի շուրջ մեր կայքում.
Ո ՞ւմ և ինչու՞ են նախապատվություն տալիս կին ընտրողները
Gallup International: «Հայ կանանց 7 տոկոսը պատրաստ է ստանձնել նախագահի պաշտոնը»
Դիտումների քանակը` 4014