Ինչպե՞ս ապահովել հավասար մեկնարկային հնարավորություններ

«Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրինագծի մասին մեր հարցերին պատասխանում են ԱԺ պատգամավորները:

Ի՞նչ կպատասխանեիք նրանց, ովքեր կարծում են, որ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն արդեն իսկ բավարար են, և հավելյալ օրենքի անհրաժեշտություն այլևս չկա:

Արծվիկ Մինասյան, ՀՅԴ խմբակցություն

 

Սա աբսուրդ հիմնավորում է: Եթե այդ սկզբունքով առաջնորդվենք, ապա Սահմանադրությամբ հռչակել ենք, որ ՀՀ-ն սոցիալական պետություն է, ուրեմն այս դրույթը պետք է որ բավարար լիներ« և այլևս անհրաժեշտ չէր քայլեր ձեռնարկել սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Սահմանադրությամբ հռչակվում են հիմնարար իրավունքները, որոնք հետո օրենսդրությամբ պետք է բացվեն, մշակվեն և մեխանիզմներ առաջադրվեն: Առանց դրա հնարավոր չէ ոչ միայն այդ իրավունքի պրակտիկ գործադրումը, այլև մարդկանց կողմից այդ իրավունքի պաշտպանության ընթացակարգի իրականացումը:

Եթե կան մարդիկ, ովքեր համարում են հռչակված օրենքները բավարար, առաջարկում եմ այդ օրենքով մտնեն որևէ մեկի իրավունքի պաշտպանության դաշտ, ում պատճառվել է վնաս հենց նույն սեռային պատկանելությունից ելնելով: Նրանք չեն կարող դա անել, քանի որ չկան համապատասխան մեխանիզմներ և ապացուցողական բազա, որը միայն առանձին օրենքով հնարավոր է ձևավորել:

Այսպիսի օրենքի անհրաժեշտությունը, բազմիցս նշել ենք, որ կա« և« ի տարբերություն շատ այլ օրենքների, այն չի պահանջում ֆինանսական մեծ ռեսուրսներ պետության կողմից, այլ միայն քաղաքական կամք և վճռական կեցվածք, որ սեռերը պետք է հավասարաչափ ներկայացված լինեն հասարակական կյանքի բոլոր ոլորտներում սկսած պետական կառավարումից մինչև քաղաքացիաիրավական հարաբերությունների դաշտ: Եվ եթե Սահմանադրությունը հարգող ժողովուրդ ենք, պետություն, ուրեմն պետք է հարգենք Սահմանադրությամբ ամրագրված խտրականության բացառման սկզբունքը: Օրենքի կարևոր դրույթներից էլ այն է լինելու, որ բոլոր նրանք, ովքեր խտրական մոտեցում կցուցաբերեն` սեռի հատկանիշով, պատասխանատվություն են կրելու ՀՀ օրենսդրությանը համապատասխան:

Համաձա՞յն եք արդյոք օրինագծի հիմքում ընկած մոտեցումներին:

 

Գալուստ Սահակյան, ՀՀԿ խմբակցության ղեկավար

 

 

Այս օրենքի նախագծին դեռևս ծանոթ չեմ, բայց այն գաղափարախոսությունը, որ բերվում է օտար աշխարհից` կապված կանանց հետ, ինձ համար ընդունելի չէ: Կին-մայր հասկացությունը մեզանում ամենաբարձր արժեքային համակարգում է, այնպես որ բերել այնպիսի օրենքներ, որ արտասահմանյան դրամաշնորհներով աշխատող կազմակերպություններն ավելի հզորանան, կարծում եմ այդպիսի խնդիր չունենք: Բոլոր դեպքերում քննարկման ժամանակ կտեսնենք, թե կանանց ո°ր իրավունքն է ոտնահարվել, որ հանկարծ ուզում են օրենքով ֆիքսել դրա իրագործման հնարավորությունը:

– Ի՞նչ մոտեցում ունեն օրինագծի նկատմամբ Ձեր տղամարդ գործընկերները:

 

Կարինե Աճեմյան, ՀՀԿ խմբակցություն

 

 

Բավական նորմալ են վերաբերվում և կարծում են, որ կնոջ դերը պետք է լինի հավասարակշռված, և այն կանայք, ովքեր կարողանում են ընտանեկան պարտականությունները համատեղել նաև մասնագիտական և հասարակական գործունեության հետ« պետք է հնարավորություն ունենան ներգրավված լինել հատկապես քաղաքականության մեջ:

Այս հարցերը շատ են քննարկվել Հանրապետական կուսակցությունում տարբեր ձևաչափերով և կանանց խորհրդում, և կուսակցության խորհրդում: Մի խոսքով բավարար աշխատանք կատարվել է: Մի շարք փոփոխություններ այդ համատեքստում արդեն իսկ ամրագրել ենք, օրինակ` ընտրական օրենսգրքում գենդերային քվոտայի ավելացումը և այլն: Ավելի քան վստահ եմ, որ ժամանակն է ընդունել այդ օրենքը, առավել ևս, որ արագ ինտեգրվում ենք եվրոպական արժեքներին:

Դրա հետ մեկտեղ Հանրապետական կուսակցությունը նաև պահպանողական կուսակցություն է` լավ իմաստով, որովհետև դա ենթադրում է ազգային ավանդույթների պահպանումը և փոխանցումը սերունդներին և այլն: Ուզում եմ հիշեցնել, որ հայերը միշտ էլ կանանց տեղ են տվել և վերաբերմունքը կնոջ հանդեպ բարձր մակարդակի է եղել, ուղղակի ՙկինը և քաղաքականությունը՚ ոլորտում կան որոշակի կարծրատիպեր, որոնք պետք է հաղթահարվեն: Այդ իմաստով մենք կարծում ենք, որ կանանց դերը, այո, շատ կարևոր է, բայց երբեք չի կարելի արհեստականորեն նրանց առաջ քաշել, պետք է ներգրավել այն կանանց, ովքեր իրոք պատրաստ են ակտիվ գործունեության:

Համենայն դեպս ես համոզված եմ, որ մենք այսօր պատրաստ ենք այս օրենքը կյանքի կոչելու, որովհետև բազմաթիվ կանայք ունենք, որոնք երկար տարիներ կուսակցական աշխատանքով են զբաղվում: Վստահ եմ նաև, որ շատ ակտիվ քննարկում է սպասվում, որովհետև օրինագիծը երկար տարիների խմորումների արդյունք է: Իսկ ինչ մնում է կընդունվի այն թե՞ ոչ, կարծում եմ հենց այնպես կառավարությունը չէր բերի… Ավելին` օրենքը մինչև խորհրդարանական ընտրությունները պետք է որ ընդունվի:

– Ինչպե՞ս կքվեարկեք կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների հավասարեցմանն ուղղված օրինագծին:

 

Վիկտոր Դալլաքյան, անկախ պատգամավոր

 

 

Հռոմեական մի ասացվածք կա, որ չգրված օրենքներն ավելի գործուն են, քան գրվածները: Կարծում եմ կանանց և տղամարդկանց հավասարության խնդիրները լուծվում են ոչ այնքան օրենքներով, թեև օրենսդրական միջավայրը խիստ կարևոր է:

Շատ ավելի կարևոր են քաղաքական ավանդույթները: Ցավոք, հայ իրականության մեջ, մասնավորապես, քաղաքականությունում կանանց ներկայացվածության առումով նման ավանդույթներ չեն ձևավորվել« և կարելի է ասել, որ Հայաստանն այդ ուղղությամբ առաջին քայլերն է կատարում: Բավական երկար ժամանակ պետք է անցնի, որ կնոջ և տղամարդու հավասարությունն իրականության և գիտակցության մեջ ամրագրվի: Առայժմ ես հակառակն եմ տեսնում. զոռբայության երևույթներ կանանց նկատմամբ և նրանց հասարակական-քաղաքական կյանքից դուրս մղելու միտումներ: Գուցե ես սխալվում եմ, բայց մեր հասարակության մեջ նման մտայնություններն այսօր գերակշռող են: Բայց պետությունը բոլոր դեպքերում պետք է համապատասխան օրենսդրական բազա ձևավորի, ապահովի հավասար մեկնարկային հնարավորություններ: Մնացածը պետք է հասարակությունը որոշի: Ես կողմ կքվեարկեմ: Չէի ցանկանա կանանց սիրաշահել, սակայն նրանք ավելի խելացի են, քանի որ տղամարդկանց ներշնչել են, որ նրանք իրենցից խելացի են: Իմ գնահատմամբ եթե կանայք ղեկավարեին աշխարհը, քաղաքական և ռազմական էքսցեսները կնվազեին:

– Արդյոք պատրա՞ստ է այսօր խորհրդարանն ընդունելու այս օրինագիծը:

 

Արամ Սաֆարյան, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի ղեկավար

 

 

Ես չեմ խոսի ամբողջ խորհրդարանի անունից: Բայց իմ կարծիքով կա այն ըմբռնումը, որ այս օրինագիծն անհրաժեշտ է ընդունել կանանց ներուժը երկրի զարգացման գործընթացներում լիարժեք ներգրավելու առումով: Բացի այդ, Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում մենք այս օրենքը պետք է ընդունած լինեինք դեռևս երկու տարի առաջ: Սակայն այն փաստը« որ մենք ընտրական օրենսգրքում արդեն ամրագրել ենք կանանց 20%-անոց ներկայացվածությունը համամասնական ցուցակներում, խոսում է այն մասին, որ եվրոպական չափորոշիչները մեզանում գտնում են իրենց տեղը:

Ծանոթ եմ այն դժվարություններին« որոնցով այս օրինագիծն անցել է, սակայն այսօր մենք ըստ էության մոտեցել ենք եզրափակիչ փուլին: Օրինագծի ընդունմամբ շահագրգռված են նաև հասարակական կազմակերպությունները: Նրանց հետ վերջին հանդիպման ժամանակ ես խոստացա, որ այս հարցը կլինի մեր հանձնաժողովի ուշադրության դաշտում: Կարծում եմ այս հարցով կարելի է նաև խորհրդարանական լսումներ անցկացնել` պարզելու, թե ինչպե՞ս է հասարակությունը վերաբերվում այս խնդրին:

– Ժամանակին նման օրենքի հեղինակ եք հանդիսացել, արդյոք հիմա՞ էլ նույնքան շահագրգռված եք դրա ընդունմամբ:

 

Հեղինե Բիշարյան, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար

 

 

Այս օրենքի ընդունումը կարևորում եմ նրանով, որ այն հնարավորություն կտա կանանց ի վերջո գտնել իրենց տեղը շատ ու շատ բնագավառներում, որտեղ իսկապես նրանք կարող են լուրջ դերակատարություն ունենալ: Այդ առումով ուրախությամբ նշեմ, որ վերջին շրջանում առաջընթաց ենք արձանագրել, օրինակ ընտրական օրենսգրքի փոփոխություններով ամրագրեցինք կանանց քվոտայի ավելացում ապագա խորհրդարանում: Բայց ես կարծում եմ, որ կանանց խնդիրը միայն օրենսդիր մարմնում ներկայացվածությամբ չէ, որ լուծվում է, որովհետև այսօր բոլոր ոլորտներում էլ, կառավարման բոլոր օղակներում և գերատեսչություններում, որտեղ կան կնճռոտ խնդիրներ, կանայք պարտադիր ձևով պետք է ներկայացված լինեն: Ստիպված ենք օրենքով այդ հարցը կարգավորել, որովհետև տեսել ենք, որ Հայաստանի անկախացման 20 տարիների ընթացքում կանանց դերն ու ներուժը այնպես չեն օգտագործվել պետության կայացման գործում, ինչպես հնարավոր էր:

Դրա հետ մեկտեղ նշեմ, որ օրինագիծը նպատակ ունի կարգավորելու կանանց և տղամարդկանց հավասար իրավունքները և հնարավորությունները, և շատերը հաճախ հասկանում են, որ այն վերաբերում է միայն կանանց: Այնինչ այդ նախագիծը նպատակ ունի հավասար դաշտում տեսնել թե° տղամարդուն, թե° կնոջը: Եվ սխալ է հասկանալ, թե այս օրենքով տարանջատվում է կինը, ու պաշտպանվում են միայն նրա շահերը:

 

Զրուցեցին Լիա Խոջոյանը,
Հասմիկ Հարությունյանը

Դիտումների քանակը` 6452

Գլխավոր էջ