Ինչու՞ էր այդքան մտահոգված օմբուդսմենը:
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագիծի շուրջ կայացած լսումների ժամանակ մի քանի մտահոգություն հայտնեց իր ելույթում
Ու՞ր են տղամարդ–պատգամավորները…
Օմբուդսմենի առաջին մտահոգությունը այն էր, որ գենդերային հավասարության քննարկմանը ներկա են յոթ կին և ընդամենը երկու տղամարդ պատգամավոր: Կարեն Անդրեասյանը ենթադրեց , որ այդ գենդերային անհավասարությունը կարող է ունենալ երկու բացատրություն:
«Մեկը , որ խմբակցությունները նման կարևոր հարցը վստահել են կանանց, իսկ երկրորդը՝ կանայք են այսօր կարևորում գենդերային հավասարությունը», – ասաց նա:
Քիչ անց լսումների մասնակիցների կողմից հնչեցվեց նաև նաև երրորդ հնարավոր պատճառը . Իսկ գուցե՞ տղամարդիկ համաձայն չեն օրինագծի հետ, բայց գերադասում են չվիճել այդ հարցի շուրջ, քանի որ, ինչպես նշվեց , քաղաքական որոշում է կա՝ այս օրենքը ընդունելու վերաբերյալ:
Երկընտրանքի առջև. «Կնոջ մազը երկար է…» թե՞ «Տղամարդը՝ տան գլուխն է…»
Պաշտպանի երկրորդ մտահոգությունը կապված էր գենդերային կարծրատիպերի հետ և գենդերային հավասարության հանդեպ հասարակությունում առկա որոշակի դիմակայություն հետ:
«Մարդիկ կարծում են, որ Հայաստանում տղամարդկանց և կանանց միջև անհավասարության խնդիր չկա, և այդ խնդիրն արհետսականորեն մեր վզին է փաթաթվում արևմտյան երկրների կողմից, որոնք վատ են պատկերացնում մեր ավանդույթներն ու հասարակական կարգը»,- նշեց նա:
Անդրեասյանը կտրականապես համաձայն չէ նմանատիպ հայտարարությունների հետ՝ ընդգծելով, որ Հայաստանում գոյություն ունի նաև ընտանեկան բռնության խնդիրը, և, անկասկած, առկա են տղամարդկանց և կանանաց անհավասար մրցակցային պայմաններ տարբեր բնագավառներում:
«Սակայն եթե բոլորը հասկանում են, որ բռնությունը վատ երևույթ է, ապա քչերն են գիտակցում այսօր տղամարդկանց և կանանց հավասար հնարավորությունների ապահովման կարևորությունը»,- ասաց նա:
Պատճառները, ըստ օմբուդսմենի, կարծրատիպերն են: «Կան կարծրատիպեր, որոնք արտահայտվում են ազգային ասացվածքներով՝ «Կնոջ մազերը երկար են, խելքը՝ կարճ», «Լսիր կնոջն ու հակառակն արա» և այլն: Մինչև այդ ցավոտ և սխալ պատկերացումները մեր հասարակությունից չվերանան, տղամարդիկ և կանայք հավասար դիրքերում չեն լինի»,- համարում է նա:
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, ով մինչ այդ պատմական էքսկուրսի միջոցով փորձում էր ապացուցել, որ գենդերային հավասարությունը մեր մտածելակերպի անբաժան մասն է, ընդհատելով բանախոսին հիշեցրեց մեկ այլ ասացվածք, որը իր կարծիքով ավելի մոտ է իրականությանը, այն է՝ «տղամարդը՝ տան գլուխն է, կինը՝ վիզը, որ կողմ կուզենա, կթեքի գլուխը»…
«Օրենքը հստակ մեխանիզմներ չունի, բայց այն պետք է ընդունել»…
Փորձ անելով մի փոքր շտկել իր ելույթի հոռետեսական տպավորությունը՝ օմբուդսմենը նկատեց, որ օրինագիծը, իր կարծիքով, գուցե հռչակագրային բնույթ է կրում և չի պարունակում խտրական դրսևորումները բացառող հստակ մեխանիզմներ, սակայն այն կարող է հասարակությունում կարծրատիպերի վերացմանը նպաստող ազդեցություն ունենալ, դրա համար էլ նա չէր ուզենա որ վիժեցվեր այս օրենքը:
«Օրինագիծը չի պատասխանում բոլոր հարցերին, այն ավելի դեկլարատիվ բնույթ է կրում, այնուամենայնիվ, եթե մենք ճիշտ լրամշակենք այն և հետագայում ճիշտ կիրառենք գործնականում, ապա այն կարող է գենդերային հավասարության գործուն մեխանիզմ դառնալ»,- եզրափակեց Անդրեասյանը:
Իդեպ, օմբուդսմենի գրասենյակում , ինչպես հայտնեց ինքը Կարեն Անդրեասյանը, գրեթե լիակատար գենդերային հավասարություն է տիրում: Աշխատակազմում՝ 21 կին և 24 տղամարդ է , ընդ որում ղեկավար պաշտոններում՝ 10 կին և 7 տղամարդ:
Կարծես թե, այս պատկերը պետք է որ առավել քան լավատես դարձներ մարդու իրավունքների պաշտպանին գենդերային հավասարության նկատմամբ , մինչդեռ նա, լսումների մասնակիցների կարծիքով, բավականին թերահավատ դիրքորոշում ցուցաբերեց իր ելույթում:
Թ.Հ.
Դիտումների քանակը` 4157