Ինչու՞ են «Օրինաց երկրի» կանայք ինքնաբացարկ հայտարարել:

«Օրինաց երկիր» կուսակցության համամասնական ցուցակից դուրս են եկել Աշխեն Մանուկյանը, Կարինե Մկրտչյանը եւ Մերիի Ղոնյանը:  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել այս թեկնածուների գրանցումները՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: 

 

Երեւանի Մ. Հերացիի անվան պետական բժշկական համալսարանի դասախոս Աշխեն Մանուկյանը զբաղեցնում էր ցուցակի 45-րդ հորիզոնականը: «Հայաստանում եվրոպական քոլեջ» հիմնադրամի Կապանի մասնաճյուղի տնօրեն Կարինե Մկրտչյանը ցուցակի 90-րդ հորիզոնականում էր: Իսկ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի Կապանի մասնաճյուղի լաբորանտ Մերի Ղոնյանը  ցուցակի 169-րդ հորիզոնական էր:

 

ՕԵԿ  մամուլի քարտուղար Հարություն Ամիրյանը լրատվամիջոցներին հայտնեց, որ այս կանանց  համամասնական ցուցակը լքելու պատճառը՝ տեղամասային հանձնաժողովներում աշխատելն է, ինչպես նաեւ այլ կուսակցական աշխատանքներով զբաղվելը:

 

Հարություն Ամիրյանի խոսքով՝ նրանց ինքնաբացարկ հայտնելու որոշումը քննարկվել է կուսակցությունում եւ դա համատեղ որոշում է: Մեկնաբանելով լրատվամիջոցներում տարածված լուրերը, որ  ՕԵԿ-ում բողոքի ալիք է բարձրացել, եւ դժգոհողները կանայք են, որոնք ներկայացված են ցուցակի ոչ անցողիկ տեղերում, մամուլի քարտուղարը հերքեց այդ տեղեկությունները:

 

Նշենք, որ անկախ պատճառից, որով առաջնորդվել կանայք ինքնաբացարկի դիմելով, ՕԵԿ-ի կուսակցական ցուցակում այժմ  ընդամենը 18,5 տոկոս կին է մնացել, այսինքն, ավելի քիչ քան դա նախատեսված է Ընտրական օրենսգրքում ամրագրված քվոտայով:

 

Դիտումների քանակը` 3436

Գլխավոր էջ