Ինչո՞ւ տապալվեց « Բազմազանության երթը»
Այս հարցին այսօր այսօր «Նովոստի» մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում փորձում էին պատասխան գտնել մայիսի 21-ին «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» և «Կանանց ռեսուրսային կենտրոն» հկ-ների կողմից կազմակերպված «Բազմազանության երթի» մասնակիցները եւ փորձագետները : Մեկ այլ տեղ նույն հարցի շուրջ իրենց մեկնաբանություններն էին ներկայցնում երթի հակառակորդները… Կարծիքների բազմազանությունը թեեւ ապահովված էր, բայց դրանց հատման կետերը չէին նշմարվում:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանի խոսքով Բազմազանության երթը ոչ մի կապ չուներ սեռական փոքրամասնությունների հետ, սակայն ապատեղեկատվության պատճառով այն վերածվեց իսկական քաոսի, և դա շատ մտահոգիչ է:
«Աբսուրդի գագաթնակետն էր՝ հայտարարել, թե տեղի ունեցածը գեյ-շքերթ է: Այն պաստառները, գոռոցներն ու կարգախոսները, որ այնտեղ հնչում էին, ուղղակի զարհուրելի էին: Սա վտանգավոր միտում է» – ասաց նա հորդորելով ԶԼՄ-ներին իրենց պատրաստած նյութերից հանել «Կասկադի գեյ-շքերթը տապալվեց» վերտառությունը: Նրա խոսքով իրականում ակցիան նպատակ ուներ հանդուրժողության, փոխհարգանքի և մշակութային զգայունության կոչ անելու, ինչպես նաև ևս ցույց տալու Հայաստանում առկա հարուստ բազմազանությունը:
«Կոնկրետ մեր ՀԿ-ն նպատակ ուներ Իրաքից և մուսուլմանական այլ երկներից բռնագաղթված կանանց իրավունքները բարձրաձայնել, որոնց հասարակության մեջ հաճախ «մուսուլման» կամ «թուրք» անվանումներն են տալիս: Այդ կանանցից ոմանք, ովքեր առանց այդ էլ հոգեբանական առումով խոցելի էին և ունեին պաշտպանության կարիք, նույնպես ներկա էին միջոցառմանը և այս ամենից հետո կարող են կորցնել հավատը՝ հասարակական աջակցություն ստանալու հանդեպ», – պարզաբանեց նա:
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն ներկայացնող Հովհաննես Մադոյանի հավաստմամբ՝ ոչ միջոցառման հրավերների տեքստերում, ոչ իրենց երթի պաստառների վրա չկային միասեռականության քարոզ պարունակող արտահայտություններ, ինչ-որ մարդկանց ուղղակի ձեռնտու էր երթին իրականությանը չհամապատասխանող գնահատական տալ և աղմուկ բարձրացնել:
«Որպես ՀՀ քաղաքացի ամեն օր հանդիպում եմ մարդկանց, ովքեր տարբերվում են և տեսնում եմ, թե ինչպես են մեկուսանում մեր հասարակությունից,ինչն ինձ համար անընդունելի է: Ավելի լավ է ընտրել պայքարն ինչ-որ մի բանի կողմ, դա կբերի բարոյական բավարարվածության», – նշեց նա:
Ասուլիսի մասնակիցները համոզված են, որ կատարվաժը չի կարելի վերագրել հայրենասիրության և ազգայնականության ինքնաբուխ դրսևորումներին. տոնակատարության խափանումը և դրան սեռական փոքրամասնությունների շքերթի պիտակ փակցնելը կանխամտածված գործողությունների հետեւանք էին:
Նրանք ուշադրություն հրավիրեցին նաեւ այն փաստի վրա, որ մշակութային բազմազանության երթի մասնակիցների թիվը շատ ավելի փոքր էր և ընթացքում ավելի փոքրացավ, քան երթը միասեռականների շքերթ անվանողների և դրանց դեմ պայքարողների թիվը:
Ասուլիսին ներկա գրող-հրապարակախոս Մարինե Պետրոսյանն նույնպես կարծիք հայտնեց, որ երեկ տեղի ունեցած Բազմազանության երթը տապալելը հստակ դավադրություն էր՝ կազմակերպված ինչ-ինչ ուժերի կողմից: «Ես հստակ տեսնում եմ, որ որոշ մարդիկ խաղ են կազմակերպում, և եթե խաղը հաջողվի, Հայաստանը դրանից միայն կտուժի, առաջին հերթին հետևանքները կքանդվեն իշխանությունների գլխին», – ասաց նա, միաժամանակ նշելով, որ սեռական բազմազանությունը մշակութային բազմազանության դրսևորումներից է:
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Գյուլնարա Շահինյանն իր հերթին նշեց, որ արդեն տասներորդ տարին է՝ ողջ աշխարհում նշվում է Մշակութային բազմազանության օրը, որը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում նույնպես ապրում են տարբեր մշակույթների ներկայացուցիչներ:
«Մշակույթի բազմազանությունը հարստություն է ցանկացած երկրի համար, այն օգնում է հաղթահարել կոնֆլիկտները, աղքատությունը, բերում է հարմոնիայի: Իմ կարծիքով` այս տոնին մասնակցություն պետք է ունենար ոչ միայն հասարակական սեկտորը, այլ նաև ՄԱԿ-ի ներկայացուցչությունը Հայաստանում, երկրի կառավարությունը: Այս տոնը կարող էր վերջերս նշված գրքի միջազգային օրվան նվիրված միջոցառումների շարունակությունը լինել», – ասաց նա:
Տեղի ունեցած միջադեպի պատճառներից մեկը, իր կարծիքով, կարող էր այն լինել, որ գուցե հասարակությունը բավականաչափ տեղեկացված չէր սպասվելիք միջոցառումների մասին:
«Ցավում եմ, որ երեկ այսպիսի միջադեպ եղավ: Գուցե իրազեկության պակաս կար, գուցե կառավարությունն ու ՄԱԿ-ն էին մեղավոր: Այն, ինչ կատարվեց երեկ, ցավում եմ, սակայն խիստ կարծրատիպային երևույթ էր»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը միացել է սեռական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ՄԱԿ-ի քաղաքական հայտարարությանը ( 2008-ին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ Հայաստանը 64 երկրների թվում եւս ստորագրել է մի հայտարարության տակ, ըստ որի՝ երկրները պարտավորվում են բացառել համասեռականության հանդեպ ցանկացած բռնություն- խմբ.) :
«Ով ինչ ուզում է, թող իր տանն անի, բայց այդ ամենը պետք չէ տարածել փողոցում»…
Մշակութային բազմազանության պաշտպանության համաշխարհային տոնին նվիրված երթի հակառակորդներն էլ երեկ ասուլիս տվեցին, հանդես գալով իրենց մեկնաբանություններով՝ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասին: Նրանք , մասնավորապես, հայտնեցին, որ իրենց սադրում էին և արհեստականորեն փորձում բախումներ առաջացնել:
Պատմաբան Վահե Աթանեսյանի խոսքերով՝ մայիսի 21-ին երկկողմանի շքերթ էր կազմակերպվել, ինչն էլ հասարակության մեջ հակասությունների տեղիք է տվել:
«Երկու կողմերի մասնակիցները միմյանց հանդեպ ավելի հանդուրժող էին տրամադրված, քան այդ ամենը մեկնաբանողները,- նշեց Աթանեսյանն ու ավելացրեց:- Ցավալի է, որ բազմազանության երթը խոչընդոտող մասնակիցներին սոցիալական ցանցերում ֆաշիստ են անվանում: Ես ազգասեր եմ, բայց ազգայնական, առավել ևս ֆաշիստ չեմ: Երթի ժամանակ համասեռականության քարոզ էր ընթանում: Ով ինչ ուզում է, թող իր տանն անի, բայց այդ ամենը պետք չէ տարածել փողոցում»:
«Սերունդ» ՀԿ-ի նախագահ Էդուարդ Սարիբեկյանը համոզված է, որ բազմազանության կողմնակիցներն ամենևին էլ բազմազանություն չեն ուզում, այլ ցանկանում են, բոլոր սահմանները ջնջելով, ստեղծել միատարր զանգված: Իր կարծիքով՝ անհրաժեշտ է միասեռականությունն ու Եվրոպայից փոխառած այլ բացասական երևույթներն արմատախիլ անել, պետք է մատնացույց անել դրանց կրողներին, ԶԼՄ-ներին էլ իրենք կոչ են անում նրանց լսարան չտրամադրել:
Ի դեպ, մեկ այլ «Հայազն» միությունը այսօր «Հայելի» ակումբում հանդես է եկել հայտարարությամբ, որով դատապարտում է երեկ տեղի ունեցած բազմազանության շքերթը: Միության ներկայացուցիչ Դավիթ Խոսրովյանի խոսքերով՝ իրենք դատապարտում են մայիսի 17-ին Եվրամիության ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի՝ ընդդեմ հոմոֆոբիայի եւ տրանսֆոբիայի միջազգային օրվան նվիրված հայտարարության բովանդակությունը եւ դրան պաշտոնական Երեւանի միանալը:
«Մենք մերժում ենք մարտնչող անբարոյության ագրեսիվ քարոզը, որ բխում է եվրոպական այդ դիրքորոշումից եւ շռայլորեն ֆինանսավորվում է: Այդ քարոզչության ընթացքում օգտագործվում են անիմաստ եւ իմաստափոխված հասկացություններ, ինչպիսիք են՝ «սեռական կողմնորոշում», «գենդերային ինքնություն», «սեռական փոքրամասնություն» եւ «երջանկության իրավունք»: Մենք ինչպես հասկանանք Սերոբ Տեր-Պողոսյանի երջանկության ցանկությունը, երբ նա դա գտնում էր անչափահաս տղաների հետ… Մենք դատապարտում ենք բոլոր գործիչներին ու կազմակերպություններին, այդ թվում՝ պետական հաստատություններին, որոնք գավառամտորեն կամ շահադիտական նկատառումներով սպասարկում են եվրոպական այս քաղաքականությունը Հայաստանում… Մեր երկրում այսօր միմյանց են բախվում մի կողմից անհատի իրավունքների եւ ազատությունների արեւմուտքում գերիշխող եւ աշխարհին պարտադրվող տեսությունը, մյուս կողմից՝ մարդու ընտանեկան ազգային եւ մարդկային բնական պարտականությունները: Այդ բախման ելքից է կախված այդ թվում հայոց ազգի եւ պետականության ապագան, եւ մենք վստահ ենք մեր դիմադրական ուժին», – ասվում է հայտարարության մեջ: :
Դիտումների քանակը` 4550