Ինչի՞ հետեւանք է ընտանեկան բռնությունը
«Ներկի հոտը շատ ուժե՞ղ ա, կուզե՞ս գնանք կողքի սենյակումը նստենք,- հարցնում է Վալյան ու ավելացնում,- ես հոտառություն չունեմ, ջահել վախտս Վալոդը որ թփեց, խփել էր քթիս, հոտառությունը կորցրել եմ»: Հիսունն անց կինն այնքան հանգիստ ու անվրդով պատմեց իր կյանքի այդ փոքրիկ դրվագը, կարծես ամուսնուց ստացած ծեծից ցավ չէր մնացել նաեւ հիշողության մեջ:
Վալյան նոր էր ավարտել սենյակի պատերի ներկումը, երբ այցելեցի սահմանամերձ գյուղում գտնվող նրա տուն: «Մի քիչ տունը ուզում եմ կարգի բերեմ, փոքր տղուս պիտի ամուսնացնեմ»,- ասում է ներկոտված ձեռքերով կինն ու ցույց տալիս, թե ինչքան գործ է արդեն արել. «Հարեւանի էրեխին ղարգել եմ դռելը բերի, թազա հայելի պիտի կախեմ, էլի ես պտի անեմ, Վալոդը դռելով չի կարում գործ անի…»: Վալոդը կնոջ կողքին կանգնած լուռ լսում է: Նրա ներկայությամբ կաշկանդվում եմ կնոջից հարցնել, թե ինչու է երիտասարդ տարիքում ֆիզիկական բռնության ենթարկվել ամուսնու կողմից:
«Վալոդ ձյա, բա ինչի՞ ես քո լավ կնոջը ծեծել ջահել ժամանակ»,- փորձում եմ ամուսնուն ներգրավել խոսակցության մեջ: «Տենց հարցեր մի տուր, էէ՜»,- ձեռքը թափ տալով դուրս է գալիս տնից: «Ինքը հիմա ամաչում ա իբր, բայց ջահել վախտս շան ծեծ էր տալիս, երկու անգամ ձեռքս կոտրալ ա»,- Վալյան այժմ դժվարանում է հիշել, թե ինչն էր հանդիսանում ծեծի պատճառ, ասում է, թե ամեն անգամ մի առիթ գտնվում էր. մի օր Վալոդն էր հարբած լինում, մի օր սկեսրոջ հետ էին վիճած լինում:
Ամուսնու կողմից բռնության ենթարկվելու մասին Վալյան ժամանակին ոչ մեկի չի պատմել՝ նույնիսկ հարազատ մորը, սակայն տարիներ անց չի կաշկանդվում խոսել այդ մասին. «Դու գրի, որ առաջ ուրիշ էր, հիմա դարը փոխվել ա, շատ աղջկերք միլիցիա են դիմում, եթե ամուսինը ծեծում ա…»:
Հասկանալու համար, թե որքանով է դարը փոխվել, զրուցեցինք ընտանեկան բռնության հարցերով փորձագետ, Կանանց աջակցման կենտրոնի տնօրեն Մարո Մաթոսյանի հետ. նրա ներկայացրած տվյալները առանձնապես հուսադրող չեն: Միայն 2013 թվականի ընթացքում ընտանեկան բռնության արդյունքում Հայաստանում մահվան 6 դեպք է գրանցվել:
«Սրանք պաշտոնական տվյալներն են, սակայն չի բացառվում, որ կան շատ ավելի դեպքեր, որոնք չեն դիտվել որպես ընտանեկան բռնություն: Շատ դեպքերում բռնարարները փորձում են կաշառելով ծածկել իրականությունը եւ իրենց մեղավորությունը»: Փորձագետի խոսքով՝ շատ դեպքերում կանայք նախընտրում են հանդուրժել կամ լավագույն դեպքում մտերիմների աջակցությանը դիմել:
«Ընտանեկան բռնության ենթարկվող կանանց միայն փոքրամասնությունն է դիմում ոստիկանություն, այդ պատճառով շատ դժվար է ստույգ տվյալներ ունենալ եւ տեսնել բռնության իրական պատկերը»,- նշում է Մարո Մաթոսյանը:
Շատ դեպքերում նույնիսկ բիրտ ֆիզիկական բռնության զոհ դարձած կանայք չեն գիտակցում, որ իրենք բռնության են ենթարկվում, քանի որ իրազեկված չեն:
«Սա գալիս է այն փաստից, որ հասարակությունը այս հարցի շուրջ պետականորեն չի իրազեկվում, եւ չկա ընտանեկան բռնության մասին օրենք, որտեղ հստակ կսահմանվի ինչ է ընտանեկան բռնությունը եւ որոնք են դրա դրսեւորումները»,- ասում է Կանանց աջակցման կենտրոնի տնօրենը եւ ավելացնում, որ իրականում կանայք սխալ կերպով են դաստիարակվում իրենց ընտանիքներում՝ շեշտը դրվում է նրա վրա, որ իրենք պետք է ենթարկվեն, հնազանդ ու հանդուրժող լինեն այն ամենի հանդեպ, ինչ տղամարդը կանի եւ կասի:
Փորձագետին հարց ուղղեցինք, թե ի՞նչ պետք է անել ընտանիքում կանանց նկատմամբ բռնությունները վերացնելու կամ գոնե նվազեցնելու համար:
«Երիտասարդ տարիքից սկսած աղջիկները եւ տղաները պետք է իրազեկվեն, թե ինչ է առողջ հարաբերությունը : Երբ երիտասարդները հասկանան, թե ինչպես պետք է ճիշտ վերաբերմունք ցուցաբերել միմյանց նկատմամբ , սեր ու հարգանք արտահայտել, այդ ժամանակ նրանք կհասկանան, որ բռնարար հարաբերությունը նորմալ չէ: Նաեւ լավ կլիներ, որ մեր հեռուստատեսային ծրագրերը, որին շատերը հետեւում են, նույնպես կնոջ նկատմամբ հարգանք քարոզեն, դատապարտեն բռնությունը եւ զերծ մնան կնոջը նվաստացնող կերպարներ ցուցադրելուց:
Ա. Ղ.
Դիտումների քանակը` 4111