«Իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն, հարսն ով է…». սկեսուրների դերակատարումը տղաների ընտանիքներում

«Ինչ պարտադիր ա, որ կինն էլ տղամարդուն հավասար լինի…Մեկ ա, ինչքան էլ հավասար լինի, դարերից եկել ա, որ տղամարդն ա տան գլխին կանգնած: Ես երկու տղա եմ դաստիարակել ու չեմ պատկերացնում, որ հանկարծ հարսը կարա գա ու ասի՝ էս տան իշխանությունը իմն ա ու վսյո: Չէ, մեր տունը տենց բան չի կարող լինել», – այսպիսի  կարծիք էր հայտնել  «Վորլդ Վիժն Հայաստանի»  կողմից իրականացված «Սկեսուրների դերակատարումը. սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները Հայաստանում»  հետազոտության  մասնակիցներից մեկը՝ բնորոշելով իր վերաբերմունքը գենդերային հավասարությանը:  

 

Հետազոտության նպատակն էր  ոչ միայն հասկանալ սկեսրոջ կողմից հնարավոր ազդեցությունը երեխայի սեռի ընտրության վրա, այլ նաև պարզել  այդ դերակատարման պատճառահետևանքային կապերը՝ կենսագրական պատմությունների հավաքագրման միջոցով: Հետազոտությունն իրականացվել էր Երևանի 7 վարչական շրջանում՝ Աջափնյակ, Ավան, Էրեբունի, Կենտրոն, Նոր Նորք,  Շենգավիթ, Քանաքեռ-Զեյթուն: Հետազոտության  ընտրանքը  հիմնվում էր  կրթության չափանիշի վրա՝ միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն: Բացի այդ, ընտրանքում ներառվել են միայն աղջիկ, միայն տղա, ինչպես նաև և աղջիկ, և տղա թոռներ ունեցող կանայք՝ սկեսուրները: Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 30 հարցազրույց:

ԵՊՀ գենդերային հետազոտությունների և առաջնորդության կենտրոնի տնօրեն Գոհար Շահնազարյանը, ներկայացնելով սկեսուրների շրջանում հարցման արդյունքները, նշել է, թե  շատերը  խոստովանել են, որ երիտասարդ տարիներին իրենց սկեսուրներն իրենց այնքան էլ լավ չեն վերաբերվել, և դա ազդել է նրանց հետագա կյանքի վրա: Հետաքրքիր է, որ բարձրագույն կրթություն ստացած կանանց տեսակետներն ու վարքագիծը զգալիորեն տարբերվում են միջնակարգ կրթություն ստացածներից: Շատ կանայք, որոնք Երևան էին եկել գյուղերից և  համալսարանում չեն սովորել, ինչպես պարզվել է, հազվադեպ են վերլուծում  իրենց վարքագիծը հարսի նկատմամբ և պարզապես կրկնում են իրենց սկեսրոջ գործողությունները: Իսկ լավ կրթություն ստացած և իրենց կարիերայում հաջողություններ ունեցած կանայք ավելի հաճախ են կասկածի տակ դնում «հարս-սկեսուր» ավանդական հարաբերությունների ճշգրտությունը և սովորաբար իրենց հարսներին ավելի լավ էին վերաբերվում։

 

Հարցվածների զգալի մեծամասնությունը գտնում է, որ իրենք անհամեմատ ավելի լավ սկեսուրներ են և շատ ավելի լավ են վերաբերվում իրենց հարսներին, քան իրենց վերաբերվել են իրենց սկեսուրները: Սկեսուրների մեծ մասն էլ նշել է նաև, որ ներկա սերունդը շատ է փոխվել և իրենք չեն կարող պատկերացնել, որ կարող են նույն կերպ վարվել իրենց հարսների հետ, ինչպես իրենց հետ ժամանակին վարվել են իրենց սկեսուրները: Մյուս  կողմից  այսօրվա հարսները կարող են իրենց այնպիսի բաներ թույլ տալ, ինչը իրենք,որպես հարս, չէին կարող անել:

 

«Ես չեմ միջամտում,  տղաս փողը աշխատում է ինձ է տալիս»…

 

Փորձելով պարզել,  թե ինչպիսի դեր են ունենում սկեսուրները պտղի նախածննդյան ընտրության հարցում ,  հետազոտողները  նկատել են, որ տղա ունենալու ցանկությունը դրսևորվում է թե հարցված սկեսուրների, թե իրենց սկեսուրների, և թե ըստ հարցվող սկեսուրների՝  իրենց հարսների մոտ: Ամենատարածված մոտեցումը, որը բազմիցս հնչել է տարբեր հարցազրույցներում, ինչպես նշում է Գոհար Շահնազարյանը, կարելի է ամփոփել հետևյալ կերպ. «Որ առաջինը տղա  է լինում, արդեն արխային ես ըլնում, երկրորդը՝ ինչ կլինի, կլինի: Կարող ա ասենք մի երեք աղջիկ լիներ, Աստված կանչեր, որ մի հատ էլ գոնե տղա լիներ, բայց մեր մոտ տենց չի եղել»:

 

Հարցվողների շրջանում կային իհարկե և այնպիսիք, որոնք կտրականապես դեմ էին որդու ընտանիքներին մեջ խառնվելուն, առավել ևս, ասելու՝ քանի և ինչ սեռի երեխա նրանք պետք է ունենան: Իհարկե, ըստ Գոհար Շահնազարյանի, ավելի խորը վերլուծություններից  կարող են փաստել, որ դա միանշանակ այդպես չէ, այդ սկեսուրներն էլ են ակնկալում տղա թոռ ունենալ: «Նրանք, որոնք ունեին տղա թոռներ, ավելի վստահ էին, որ ժառանգ ունենալու կարևոր միսիան արդեն ավարտված է»,- ասում է նա:

 

Հարցազրույցների առավել խորքային վերլուծությունը ցույց է տվել, որ հիմնականում հարցվող սկեսուրները ցանկանում են ներկայացնել իրենց ավելի դրական լույսի ներքո, քան դա իրականում կա: «Հարցված սկեսուրներից մեկի խոսքով , ինքը  որևէ կերպ չի միջամտում իր տղայի ընտանիքի գործերին: Ասում է. «Ես չեմ միջամտում,  տղաս փողը աշխատում է ինձ է տալիս»:    Այսինքն ընտանիքի գումարը տնօրինելը  չի ընկալվում որպես միջամտություն»,- նշում է  Գոհար Շահնազարյանը:

 

Ըստ նրա՝ միջամտությունները տղայի և հարսի հարաբերությունների մեջ որոշ դեպքերում տեղի են ունենում անուղղակի ձևով, և այսպիսի անուղղակի միջամտությունները սկեսուրների կողմից ընդհանրապես չեն ընկալվում որպես ներխուժում տղայի ընտանիքի մեջ: «Նշում են՝ իմ տղան ինձ է պաշտում, ես՝ իրեն: Հարսն ով է, որ իր պատճառով վատ հարաբերություն ունենամ: Եվ  սա ասում էր այն սկեսուրը, որն ասում էր, թե չի խառնվում»,- նկատում է Գոհար Շահնազարյանը:

 

Հետազոտողները լսել են նաև հարսների նկատմամբ բռնությունների կիրառման պատմություններ, սակայն դրանք բացառություններ են: Արտառոց դեպքեր են եղել, երբ սկեսրայրները որոշել են, որ հարսի մազերը շատ երկար են և ստիպողաբար կտրել են տվել։

 

Գոհար Շահնազարյանը նաև ներկայացրել է, որ որոշ սկեսուրների համար հարսի՝ սկեսուրին «մամա» ասելը մեծ ձեռքբերում է: «Այն սկեսուրները, որոնց հարսներն իրենց «մամա» են ասում, իրենք գոհ էին և ասում էին, որ այնքան լավն են, որ իրենց որպես մայր են ընկալում: Նրանցից ոմանք նաև հպարտությամբ նշել են, թե իրենք հասել են նրան, որ հարսներն իրենց «մամա» ասեն»,- նշել է հետազոտողը:

 

Հարևան-բարեկամի հետաքրքրվելը՝ «բա  ե՞րբ ես ամուսնանալու», միշտ եղել է…

 

Հարցումների արդյունքներից պարզ է դառնում՝ այն սկեսուրները, որոնք միայնակ են ապրում, իսկ որդիներն իրենց ընտանիքների հետ առանձին են ապրում, այդ կանայք իրենց երջանիկ չեն համարում, ավելին՝ կարծում են, որ իրենք անտեսված են և այդքան լավը չեն եղել, որ որդիները չեն ցանկացել իրենց հետ ապրել: Բարձրագույն կրթություն ունեցող կանանցից մեկը նշել է, որ եթե հիմա մենակ չապրեր, ապա կասեր՝ և երջանիկ է, և հաջողակ: «Երբ մի տղաս առանձնացավ, մտածեցի՝ կյանքի օրինաչափություն է, հետո մեծս էլ գնաց… ու 10 տարի մենակ եմ, ամուսինս էլ մահացել է»,- ասել է կանանցից մեկը՝ հավելելով, որ մենակ ապրելը երջանկության հետ անհամատեղելի է:

 

Գոհար Շահնազարյանի խոսքով,  հարցումների ընթացքում նաև պարզվել է, որ հաջողակ և երջանիկ լինելը շատ անգամ կապվում է չիրականացած երազանքների հետ: Շատերն ասել են, որ ունեն երազանքներ, ցանկացել են այլ կերպ կյանքը դասավորել, բայց «ստիպված ամուսնացել են», և ամբողջ կյանքը այլ կերպ է դասավորվել: «Օրինակ նրանք ցանկացել են ճանապարհորդել, աշխարհ տեսնել, բայց ամուսնանալուց հետո այդ երազանքներն անկատար են մնացել: Կանանցից մեկն էլ ասել է՝ ես էդ հույսով էի Բրյուսով ընդունվել, լեզու սովորել՝ իմանալով, որ ինձ պետք կգա, բայց…»,- նշում է հետազոտողը:  

 

Վերոնշյալ կանայք նաև ամուսնական պարտականություններն են համարել արգելք իրենց ստեղծագործական կյանքում, կարիերայում: «Ստեղծագործելու շատ բան կունենայի, բայց կենցաղն, ամեն դեպքում, սահմանափակում է: Ես շատ երազներ ունեի և շատ ուշ հասկացա, որ երևի չպետք է ամուսնանայի. ես ավելի ստեղծագործող մարդ կդառնայի»,- ասել է  հարցված կանանցից մեկը:  

 

Գյուղերից տեղափոխված կանայք էլ, օրինակ, նշել են, որ իրենց երիտասարդ տարիներին չամուսնանալու մասին անգամ չէին կարող մտածել, քանի որ հանրության ճնշումը, հարևան-բարեկամի հետաքրքրվելը՝ «բա  ե՞րբ ես ամուսնանալու», միշտ եղել է: Նրանք նաև  մտածել են, որ Երևանում ամուսնանալն ու մնալն իրենց համար շատ ավելի լավ է, քան գյուղ վերադառնալը, քանի որ այդ կերպ կյանքն ուրիշ կերպ կդասավորվեր:

 

Մեկ այլ կին էլ նշել է՝ բացառված էր չամուսնանալը, քանի որ հայրը միշտ ասել է՝ «Տղա չունեցա, գոնե փեսեքս լավը դուրս գան»: «Այսինքն՝ մեր ականջին օղ էր, որ մեր հայրը երեք փեսա պետք է ունենա»,- ընդգծել է կինը:

 

Հարցվածներից մեկն էլ խոստովանել է, որ հաճախ է մտածել՝ ինչու ամուսնացավ, քանի որ կինը գոնե մի քիչ իրեն հարմար մարդու հետ պետք է կյանքը կապի. «Ես, Թիֆլիսում մեծացած աղջիկ, ամուսնացա երևանցի մի սովորական ընտանիքի տղայի հետ, որն ուներ 4 քույր: Նրանք ամբողջ կյանքում ինձ նեղություն տվեցին: Մենակ էրեխեքիս համար է, որ չեմ փոշմանել»:  

 

Հետազոտությունում նաև անդարադարձ է կատարվում այն հարցին,  թե սկեսուրներն ազատ ժամանակ ինչով են զբաղվում: Արդյունքում պարզվել է, որ բարձրագույն կրթություն և միջնակարգ կրթություն ունեցող կանանց միջև այդուհանդերձ տարբերություններ կան: Օրինակ՝  միջնակարգ կրթություն ունեցող կանանց համար ազատ ժամանակի անցկացման միակ տարբերակը թոռներին պահելն է, խնամելը, իսկ բարձրագույն կրթություն ունեցող  և աշխատող կանայք այլ նախասիրություններ ունեն:

 

Միևնույն ժամանակ, հարցված կանանցից մի քանիսը  խոստովանել են, որ ազատ ժամանակն  իրենց ուզածի նման տնօրինելու համար բացակայում են ֆինանսական միջոցները: «Կուզենայի մի տեղ գնալ, բայց հասարակ մի տեղ գնալն արդեն գումարի հետ է կապված, չես ուզում երեխայիցդ, թոռնիկիցդ կտրես ու ինչ-որ տեղ գնաս»,- ասել են նրանք՝ ընդգծելով, որ չեն ցանկանում նաև նեղություն տալ իրենց զավակներին: 

«Կինը պետք է հնազանդ լինի ու ծառայի ընտանիքին»

 

Հետազոտությամբ փորձ է արվել ներկայացնել դիրքորոշումներ գենդերային դերերի վերաբերյալ:  Գոհար Շահնազարյանի դիտարկմամբ,  բաձրագույն կրթությունն ընդհանուր առմամբ չափորոշիչ չի հանդիսանում գենդերային հավասարության կողմնակից լինելու հարցում, շատ հաճախ իրենց խոսքում հենց կանայք են շարունակում խորացնել կարծրատիպերը և դրանցից բխող ու անկնալվող ծայրահեղ կարծրատիպային  վարքը: «Նրանք կարծում են, որ կինը պետք է հնազանդ լինի ու ծառայի ընտանիքին, նույնը փորձում են վերարտադրել իրենց որդիների ընտանիքներում»,- ասում է հետազոտողը:  Հարցվածներից շատերի մոտ  հարս լինելու գաղափարը ասոցացվել է ծառայելու հետ: Նշել են, որ իրենք այդպես էլ ընկալել են՝ եթե ամուսնացել են, նոր ընտանիքում պետք է հարմարվեն ու ծառայեն: Նաև ասել են, թե դա իրենց ճակատագիրն է, որ սա իր վերուստ տրված էր, ու թեկուզ փոշմանել են, միևնույն է ոչինչ չէին կարող անել: Այդուհանդերձ որոշ կանայք ՝ հիմնականում բարձրագույն կրթությամբ, հարցականի տակ են դրել դարերից եկած ավանդույթներն  ու գենդերային հարաբերությունները և փորձել են դա տեսնել դաստիարակության մեջ:

 

Հետազոտությունը  նաև բացահայտել է  հարևանների ազդեցությունը.  հարցված սկեսուրների կեսը հայտնել են, որ հարևանները կարևոր դերակատարություն ունեն: Մասնավորապես, նշել են, որ իրենք կարող էին այլ կերպ վերաբերվել իրենց հարսներին, շատ հարցերում չմիջամտել նրանց կյանքին, բայց հարևանները որոշակի «ճնշում» են գործադրում: «Տղաս ազատ մտածելակերպ ունի, հարսիս չի ասի՝ կարճ մի հագի, էս շորը մի հագի, էստեղ մի գնա, բայց հարևաններ կան՝ ասում են, թե ոնց եք թողնում էդպես հագնվի: Ու  կարծես նրանք փորձում են ինչ-որ ձևով հարմարվել հարևանների այդ կարծիքների հետ», – ասել է  հարցված կանանցից մեկը:

 

Հետազոտության նպատակներից մեկն էր նաև պարզել սկսեսուրների պատկերացումները իրենց ամուսնական կյանքի, ամուսնու ընտանիքում հարմարվելու, սկեսուրի հետ հարաբերությունների մասին: Պարզվել է, որ հարցվողների մեծամասնությունն ամուսնացել է բարեկամների, ծանոթների միջամտությամբ: Այնուամենայնիվ, միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող կանանց շրջանում միջնորդությամբ ամուսնանալը առավել տարածված երևույթ էր, քան բարձրագույն կրթություն ունեցող կանանց շրջանում: Քիչ չեն նաև այնպիսի դեպքերը, երբ կանայք ստիպված են եղել ենթարկվել իրենց ծնողների որոշումներին՝ մի կողմ դնելով սեփական զգացմունքները:

 

Հարցված սկեսուրները, ինչպես ներկայացնում է  Գոհար Շահնազարյանը, կարծում են նաև, որ ընտանիքում համերաշխությունը կախված է կնոջից: «Սա ուղերձ էր հարսներին»,- հավելել է հետազոտողը:

 

Մ.Մարգարյան 

 

Հետազոտությանն ամբողջությամբ կարելի է  ծանոթանալ  այստեղ.

Դիտումների քանակը` 11312

Գլխավոր էջ