Իզաբելլա Աբգարյան. «Երևանի խնդիրներին անդրադարձել եմ միշտ՝ անկախ ընտրական գործընթացից»:

 

Բլոգեր, ակտիվիստ, անկուսակցական Իզաբելլա Աբգարյանն ընդգրկված է «Բարև Երևան» դաշինքի ավագանու ընտրությունների համամասնական ցուցակի 16-րդ հորիզոնականում: Իզաբելլա Աբգարյանը «Ժառանգության» ցուցակով երկրորդ անգամ է մասնակցում ընտրություններին: Խորհրդարանական ընտրություններում նա  կուսակցության համամասնական ցուցակի 9-րդ տեղում էր:

 

 

Երևանի ավագանու ընտրությունների քվեարկությանը մնացել է մի քանի օր: Անելիքների ու խնդիրների մասին WomenNet.am-ը զրուցել է Իզաբելլա Աբգարյանի հետ:

 

 

Դուք արդեն երկրորդ անգամ եք մասնակցում ընտրությունների: Ի՞նչ եք խոստանում այս անգամ Ձեր ընտրողին:


– Թե՛ բլոգիս ընթերցողները, թե՛ ընկերներս լավ գիտեն, որ Երևան քաղաքի խնդիրներին անդրադարձել եմ միշտ՝ անկախ ընտրական գործընթացից: Նաև փորձել եմ, կապ հաստատելով քաղաքապետարանի հետ, որոշ խնդիրների լուծում տալ: Ընտրողներին խոստանում եմ էլ ավելի նպաստել քաղաքացի-քաղաքապետարան անմիջական երկխոսությանը և ուշադրության կենտրոնում պահել հատկապես մեր պատմա-մշակութային և ճարտարապետական հուշարձանները: Փակ շուկայի ճակատագրին այլևս որևէ հուշարձան չպետք է արժանանա, իսկ շուկան այդ օրին հասցրածները պետք է կանգնեն պատասխանատվության առջև:

 

Երևանի խնդիրների մասին այս օրերին շատերն են բարձրաձայնում, Դուք` որպես կին, ի՞նչից կսկսեիք, ի՞նչ կփոխեիք կամ կավելացնեիք Երևանում:



-Երևանը վերջին տարիներին, ենթարկվել է կոսմետիկ գեղեցկացման, բայց խորքային խնդիրներն այդպես էլ չեն լուծվել՝ տրանսպորտ, բնակֆոնդի անմիխաթար վիճակ: Դա նման է պզուկներով կնոջ դեմքին անընդհատ հաստ շերտով դիմափոշի քսելուն, այնինչ մաշկի խնդիրները լուծել է պետք բուժման եղանակով:

 

Դուք միշտ եղել եք առաջամարտիկ բնապահպանական ու ճարտարապետական խնդիրների մասին բարձրաձայնող ակցիաներում: Ի՞նչպես կգնահատեք Երևանը` բնապահպանական ու ճարտարապետական առումով, ի՞նչ է կատարվում:


– Երևանը էկոլոգիական աղետի շեմին է: Եվ դա սպասելի էր, քանի որ տարիներ շարունակ, շինարարության թույլտվություն տալիս, հաշվի չի առնվել բնապահպանական կողմը՝ ոչնչացվել են կանաչ տարածքներ, խիտ-խիտ շենքեր են կառուցվել, իսկ ավտոմեքենաների հետզհետե ավելացող թիվը երևանյան օդը վտանգավոր է դարձրել թոքերի համար: Չունենք նաև մեծ զբոսայգիներ, որտեղ քաղաքցիները կարող են երեխաների հետ անցկացնել շաբաթ-կիրակին՝ խոտածածկի վրա պառկած, առանց սրճարանների ու ատրակցիոնների, որտեղ մարդիկ առավոտյան վազքով կզբաղվեն: Իսկ ճարտարապետական առումով Երևանում տիրում է անճաշակությունը ու երևանյան հին շունչը վերացնելու քաղաքականությունը: Հուշարձանների մասին արդեն ասացի …

Հայ իրականության մեջ կանանց խոսքը վճռորո՞շ է քաղաքական պրոցեսներում:

– Հայ իրականության մեջ վճռորոշ է միայն իշխանավորի խոսքը՝ անկախ նրանից կին է, թե տղամարդ: Եթե ունես կապեր բարձր ատյաններում, ապա կարող ես ինչ-որ բան փոխել, ինչ-որ բանի հասնել, եթե չունես՝ ձեռքերդ շղթայված են: Ի դեպ, կանանց դերը հետզհետե ավելանում է, ավելի շատ են հորիզոնում հայտնվում քաղաքականությամբ զբաղվող կանայք: Դա ողջունելի է և միայն սկիզբն է: Շատ անելիք կա դեռ այս առումով:

 

 

Հ. Կարապետյան

Դիտումների քանակը` 3393

Գլխավոր էջ