Ի՞նչ փոփոխություններ են կատարվել երեխայի խնամքի նպաստի վճարման կարգում
Կառավարության վերջին նիստերից մեկում մի շարք փոփոխություններ են իրականացվել մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի նշանակման և վճարման կարգում, դրան նախորդել էին նպաստների մասին օրենքում կատարված փոփոխությունները: Այդ մասին WomenNet.am-ը զրուցել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության վարչության գլխավոր մասնագետ Արմինե Բալյանի հետ:
Նախ նշենք, որ գումարի չափը՝ 18 հազար դրամ, որևէ փոփոխության չի ենթարկվել: Այս տարվա հունվար ամսվա գումարի վճարումը դեռ կուշանա: Նախարարության ներկայացուցիչն ասաց, անցումային փուլի հետ կապված խնդիրներով պայմանավորված՝ հունվար ամսվա երեխայի խնամքի նպաստի վճարման ցուցակը վճարող կազմակերպություններին կփոխանցվի մինչև ս.թ. փետրվարի 10-ը: Այսուհետ յուրաքանչյուր ամիս՝ երրորդ աշխատանքային օրվանից սկսած, վճարման ցուցակով կվճարվի նախորդ ամսվա խնամքի նպաստը: Հիշեցնենք, որ մինչ այս այն վճարվում էր ընթացիկ ամսվա վերջին:
«Մինչև 2016 թվականի հունվարի 1-ը երեխայի խնամքի նպաստը նշանակում և վճարումն ապահովում էին սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների մնիջոցով, հունվարի 1-ից հետո դա կիրականացնեն նախարարության սոցապահովության պետական ծառայության տարածքային բաժինները»,-ասաց Ա. Բալյանը, բացատրելով, որ նման որոշումը պայմանավորված է եղել միասնական համակարգի անցմամբ: Մայրության նպաստները տրամադրվում են հենց այս բաժինների կողմից:
Բալյանը նշեց, որ մինչ այս պարտադիր պայման էր, որ մայրը և երեխան հաշվառված լինեին միևնույն հասցեում: Փոփոխությունների արդյունքում այդ դրությը հանվել է, կարևորը որ ծնողն ու երեխան Հայաստանի Հանրապետությունում հաշվառված լինեն:
«Նույն հասցեում հաշվառված լինելու պահանջը հանել են: Պարտադիր չէ նաև գործատուից տեղեկանքը, որ մայրը գտնվում է արձակուրդում: Տեղեկատվական համակարգերում եկամտահարկի ու սոցիալական վճար կատարելու բազային տվյալներ կան: Դրանց միջոցով ճշտվում է, տվյալ անձը գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մե՞ջ է, թե գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում»,-ասաց նա, նշելով, որ սա արվել է շահառուներին ավելորդ փաստաթղթաշրջանառությունից ազառելու համար:
Գործատուից տեղեկանք պահանջվում է միայն այն պարագայում, երբ ՀՀ օրենսդրության համաձայն շահառուի աշխատանքի մասին տվյալները սահմանափակ օգտագործման ենթակա են:
Փոփոխություններից մեկն էլ վերաբերում է նպաստ ստանալու համար դիմելու ժամկետներին, նախորդ մեկ տարին կրճատվել է՝ դառնալով վեց ամիս: Փոփոխությունը հետադարձ ուժ չունի և դա չի վերաբերում 2015-ին խնամքի արձակուրդ գնացած մայրերին:
«Հստակեցվել է նաև խնամքի նպաստը լիազորագրով վճարելու կարգը և պայմանները: Խնամքի նպաստը վճարվում է ծնողի տված ու նոտարի կողմից հաստատաված լիազորագրով: Լիազորագրով խնամքի նպաստը վճարվում է վեց ամիս, հստակեցվել են խանամքի նպաստի դադարեցման ու վերականգնման կարգերը»,-ասաց գլխավոր մասնագետը:
Եթե մինչև երկու տարեկան դառնալը, կինը ևս մեկ երեխա է ունենում, ապա կրտսեր երեխայի խնամքի նպաստի իրավունքը ծագում է ծննդյան օրվանից 70 օր անց՝ հաջորդող ամսվա սկզբին:
«Այդ ընթացքում վճարվում է նաև առաջին երեխայի խնամքի նպաստը, իհարկե մինչև նրա երկու տարեկան դառնալը»,-մանրամասնեց Ա. Բալյանը:
Հետայսու խնամքի նպաստը կարող է վճարվել նաև բանկային հաշվին փոխանցվելու միջոցով, եթե շահառուն անձամբ կամ այլ անձի միջոցով Ծառայության տարածքային բաժին ներկայացնի Նախարարության հետ համապատասխան պայմանագիր կնքած բանկում բացված բանկային հաշվի համարը:
Նախարարությունից տեղեկացնում են, որ 2016 թվականի փետրվարի 1-ի դրությամբ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր են կնքել հետևյալ բանկերը.
1) Հայբիզնեսբանկ,
2) Պրոմեթեյ բանկ
3) ՀայԷկոնոմբանկ
Միաժամանակ, համապատասխան քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ խնամքի նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ:
Բաժնի պետ Անահիտ Գալստյանն էլ Womennet.am-ի հետ զրույցում հստակեցրեց, եթե կինը մինչ երեխա ունենալն աշխատել է համատեղության կարգով, այսինք աշխատանքային հարաբերությունների մեջ է եղել մի քանի գործատուների հետ, նրանց խնամքի նպաստ տրվում է, եթե միաժամանակ բոլոր գործատուների մոտ գտնվում է խնամքի արձակուրդում:
Կինը կարողէ խնամքի նպաստ ստանալ այն պարագայում, եթե գործատուներից մեկի հետ նա կնքել է քաղաքացիաիրավական պայմանագիր:
«Աշխատանքային պայմանագրով աշխատողը պետք է բոլոր գործատուների մոտ գտնվի խնամքի արձակուրդում, որպեսզի իրավունք ունենա խնամքի նպաստ ստանալ, քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատելը նրա՝ այդ իրավունքի վրա չի ազդում: Դա եղել է թե նախկին, թե փոփոխված օրենսդրության պարագայում»,-ասաց բաժնի պետը:
Ինչ վերաբերում է չաշխատող մայրերին տրվող մայրության նպաստի նշանակման և վճարման գործող կարգին, ապա նախարարությունից հստակեցնում են.
2016 թվականի հունվարի 1-ից չաշխատող մայրերին նշանակվում և վճարվում է մայրության նպաստ: Մայրության նպաստ նշանակելու կամ մերժելու որոշումը կայացվում է դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
Միաժամանակ, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 20-ի նիստում ընդունված որոշումների՝ մայրության նպաստի գումարը վճարվում է բացառապես անկանխիկ եղանակով՝ Նախարարության հետ պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այսպես՝ շահառուի անվամբ բանկում բացվում է բանկային հաշիվ և նպաստի գումարը փոխանցվում է այդ հաշվին: Շահառուն գումարը կարող է ստանալ՝ անձնագրով ներկայանալով բանկի ցանկացած մասնաճյուղ:
2016 թվականի փետրվարի 10-ից՝ վերոնշյալ ընթացակարգով նպաստը վճարվելու է Հայբիզնեսբանկի և Հայէկոնոմբանկի միջոցով (այսօրվա դրությամբ միայն այդ բանկերն են կնքել համապատասխան համաձայնագիր):
Առաջիկայում համապատասխան համաձայնագիր կկնքվի նաև Արդշինբանկի հետ (ժամկետների մասին խոստանում են տեղեկացնել լրացուցիչ):
Վճարումն իրականացնող բանկի վերաբերյալ շահառուին կտրվի հետադարձ տեղեկատվություն, իսկ շահառուն հնարավորություն ունի ցանկացած ժամանակ փոխել բանկը: Միաժամանակ, քայլեր են ձեռնարկվում բոլոր բանկերի հետ վերը նշված ընթացակարգով նպաստի անկանխիկ վճարման պայմանագիր կնքելու ուղղությամբ, որի շրջանակներում շահառուն կարող է բանկն ընտրել իր ցանկությամբ:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4338