Ի՞նչ ռիսկեր է պարունակում պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները արգելող օրինագիծը. քննարկում են մասնագետները
Նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով արգելվում են պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումները, ոլորտի մասնագետները գնահատում են դրական և կարևորագույն քայլ, սակայն միևնույն ժամանակ մտահոգություն հայտնում հնարավոր ռիսկերի առումով: Այս թեմային էր նվիրված «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկումը:
Հիշեցնենք, որ WomenNet.am –ը անդրադարձել էր հուլիսի 2-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած այս նախագծի մանրամասներին, որի հիմնական գաղափարն է՝ օրենսդրորեն արգելել պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումը: Այժմ մասնագետները քննարկում են թե ինչ մեխանիզմներով են կյանքի կոչվելու առաջարկվող փոփոխությունները եւ ինչ ռիսկեր կան այս հարցում:
ՀՀ Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանը ներկայացնելով նախագիծը նշեց, որ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է հղիության արհեստական ընդհատմանը, վերախմբագրվել է և առաջարկվել է օրենքով ամրագրել մի շարք կարևոր դրույթներ: «Մինչև 12 շաբաթական հղիության ժամկետը կինը թեեւ կարող է իր ցանկությամբ ընդհատել իր հղիությունը, սակայն այժմ այդ քայլին դիմելու համար գրավոր դիմում ներկայացնելու պահանջ է դրված», – ասաց Գայանե Ավագյանը՝ նշելով, որ այս օրինագիծն ուղղված է ոչ միայն հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատումների նվազեցմանը, այլև ընդհանրապես աբորտներին:
«Բժիշկը պետք է ամեն ինչ անի, որպեսզի կնոջը ցույց տա, որ իր արգանդում զարգանում է մի էակ, որն արդեն իսկ ունի ապրելու իրավունք, ունի սրտի աշխատանք, ունի ձևավորված մարմնի մասեր: Նման բացատրությունը, իր ապագա երեխային տեսնելը շատ- շատ մայրերին հղիությունը ընդհատելուց հետ կպահի», – հավելեց նա:
Նրա խոսքով , կնոջը տրամադրվում է 3 օրացույցային օր, որպեսզի կինը լրացուցիչ անգամ մտածի, խորհի իր ցանկության և որոշման մասին: Այդ ընթացքում բժիշկը պետք է անպայման կնոջը տրամադրի հոգեբանական, սոցիալական խորհրդատվություն և փորձի հասկանալ հղիության ընդհատմանը դիմելու պատճառները: Պտղի սեռով պայմանավորված հղիությունների ընդհատումը ցանկացած ժամկետում արգելվում են, քանի որ ոչ միայն 12 շաբաթականում, այլ դրանից առաջ՝ 10-11 շաբաթականում հնարավոր է որոշվի պտղի սեռը: Մինչ օրս նման արգելք ՀՀ օրենսդրության մեջ բացակայում էր:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը՝ վկայակոչելով ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կատարված հետազոտությունը նշեց, որ այս խնդիրը բազմաշերտ է, իսկ պատճառները գալիս են հասարկության մտածելակերպից: «Ուրախ եմ, որ այս երեք տարվա մեջ մենք կարողացանք հասնել մի իրավիճակի, երբ խնդիր ընկալվեց և որոշակի քայլեր կատարվեցին սեռի հատականիշով պտղի նախածննդյան ընտրության դեմ պայքարելու համար, որովհետև կան երկրներ, որտեղ այդ խնդիրը բացահայտելուց մինչև կոնկրետ քայլերի անցնելը պահանջվում է 15-20 տարի: Մեզ մոտ դա տևեց ընդամենը 3 տարի, ինչը ուրախալի փաստ է»,- ասաց Հայրապետյանը:
Ինչպես ցույց են տալիս հետազոտության արդյունքները՝ սեռերի անհամամասնությամբ Հայաստանը աշխարհում զբաղեցնում է երրորդ տեղը, Չինաստանից ու Ադրբեջանից հետո: «Մեզնից հետո Վրաստանն են ու Ալբանիան: Հայաստանում 113 տղա է ծնվում 100 աղջկա հաշվով: 1993 -ից մինչ օրս Հայաստանում արդեն իսկ մոտ 50 հազար ավելի շատ տղա երեխաներ են ծնվել, քան աղջիկներ: Ամուսնական շուկայում դա դեռեւս չի զգացվում, սակայն միտումը շարունակելու դեպքում լուրջ ժողովրդագրական խնդիրների առաջ են կանգնելու », – հիշեցրեց Հայրապետյանը:
Նրա դիտարլմամբ միշտ չէ, որ հղիությունն ընդհատելու որոշումը կնոջն է պատկանում , այդ իսկ պատճառով միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շնորհիվ մշակվել են համապատասխան գերատեսչությունների համար նախատեսված ուղեցույցներ, որոնք թույլ կտան ապահովել տղամարդկանց ներգրավվածությունը խնդրի լուծման գործընթացում:
Կանանց ռեսուրսային կենտրոնի ծրագրերի ղեկավար Տաթևիկ Աղաբեկյանն էլ իր հերթին նշեց, որ այս հարցում մեծ դեր ունի մարդկանց մտածելակերպը: «Ինչու՞ են բոլորը այդքան ջանք գործադրում տղա երեխա ունենալու համար, մինչև անգամ պատրաստ են բազմաթիվ աղջիկ երեխաներով հղիություններից ազատվել գոնե մեկ տղա ունենալու համար: Խնդիրը տղա երեխայի գերակայության մեջ է : Կարծում եմ, այստեղ բազմակողմանի աշխատանքի կարիք կա և ավելի շատ կրթական ծրագրերի անհրաժեշտություն: Հույս ունեմ, որ պետությունը ինչ-որ ծրագրեր կձեռնարկի, միգուցե բացի Առողջապահության նախարարությունից ԿԳՆ-ն իր պատրաստակամությունը կհայտնի ինչ- որ քայլեր ձեռնարկելու համար: Բժիշկները պետք է իրազեկման, անգամ հոգեբանական աշխատանք տանեն»,- ընդգծեց Աղաբեկյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետազոտությունների և զարգացման բաժնի ղեկավար Վահան Ասատրյանն կարծում է, որ անհրաժեշտ է զարգացնել բուժանձնակազմի էթիկայի կարողությունները, որպեսզի վերջիններս կարողանան իրազեկման աշխատանք տանել հղի կանանց եւ նրանց ընտանիքների հետ: «էթիկայի մասով շատ անելիքներ կան բուժանձնակազմի հետ, թե պետական ծրագրում, թե աջակցության մեխանիզմներում: Առաջիկայում պետք է մասնագետների կարողությունների զարգացման աշխատանքներ տարվեն: Հիմքեր կան այս օրինագծով դրական փոփոխություններ ակնկալելու, բայց կան նաև վտանգներ: Ցանկացած առիթով հղիության արհեստական ընդհատումների ազատական օրենսդրությունը սահմանափակելը սովորաբար ռիսկեր է պարունակում: Միջազգային փորձը ցույց է տալիս, որ խիստ սահմանափակումների դեպքում ընդհատումների թիվը չի պակասում` պակասում է միայն անվտանգ ընդհատումների թիվը: Իսկ ոչ անվտանգ աբորտները մայրական մահացության բարձրացմանը տանող ամենակարճ ճանապարհն է», – նշեց Ասատրյանը՝ հավելելով, որ քանի դեռ օրինագիծը գտնվում է քննարկան փուլում, պետք է չէ բացառել, որ ռադիկալ փոփոխություններ կարող են առաջարկվել:
Գայանե Ավագյանը լավատես է այն առումով, որ վերջին տասը տարում ՀՀ-ում մայրական մահացություն չի գրանցվել հղիության արհեստական ընդհատումից, իսկ վիճակագրության համաձայն` 1990-ի համեմատ 3-4 անգամ նվազել է հղիության արհեստական ընդհատումների հաճախականությունը:
Նա հիշեցրեց, որ օրինագծի պահանջով բժիշկը պարտավորվելու է հղի կնոջ բժշկական փաստաթղթերում կատարել խորհրդատվության վերաբերյալ գրավոր վավերացում: Բացի այդ, օրինագիծը բացառելու է հղիության՝ սեռով պայմանավորված ընդհատման վերաբերյալ որոշման միանձնյա կայացումը բժշկի կողմից:
«Մանկաբարձ-գինեկելոգը միանձնյա որոշում չի կարող կայացնել: Նա ենթարկվելու է վերահսկողության իր վերադասների կողմից: Բացի այդ, առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչությունը անց է կացնելու օրենքի կիրարկման եւ գնահատման մոնիտորնիգ: Սրանք այն մեխանիզմներն են, որոնք կօգնեն նվազեցնել հնարավոր իրավախախտումները: Եթե բժիշկները չկատարեն օրենքով սահմանված գործողությունները, ապա նրանց նկատմամբ վարչական մեծ տուգանքներ կկիրառվեն»,- ասել է Գայանե Ավագյանը՝ հիշեցնելով, որ նոր օրինագիծը չի սահմանափակում կնոջ՝ մինչեւ 12 շաբաթական հղիության ընդհատման կնոջ իրավունքը, եթե դա պայմանավորված չէ պտղի սեռով:
«Մեր գործընկեր բժիշկները բոլորը չեն, որ ունեն օրինազանց մարդու վարքագիծ: Հուսով եմ, որ նրանք կհարգեն օրենքի պահաջները և կփորձեն աշխատել օրենքի սահմաներում», – հույս հայտնեց Ավագյանը:
Նա նաեւ հավելեց, որ ՀՀ վարչապետի հանձնարարականով առողջապահության ու աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունները մշակել են 2 տարի տեւողությամբ ծրագիր, որը պարունակում է իրազեկվածության մակարադակի, հասարակությունում կնոջ դերի բարձրացմանն ուղղված բաղադրիչներ:
Հիշեցնենեք, որ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կանխատեսումներով՝ եթե Հայաստանում շարունակվեն ապագա երեխայի սեռի հատկանիշով պայմանավորված աբորտները, ապա մինչև մինչև 2060 թ. յուրաքանչյուր տարի 2000 երեխա լույս աշխարհ չի գա միայն այն պատճառով, որ ձևավորվել է որպես աղջիկ: Արդյունքում մինչեւ 2060 թվականը Հայաստանը կկորցնի գրեթե 93.000 աղջիկ կամ ապագա մայր: Այդ կանխատեսումները հիմնված են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի պատվերով կատարված առնվազն երկու համապետական հետազոտությունների, խնդրի խորքային ուսումնասիրությունների և վիճագրական բոլոր հնարավոր տվյալների վերլուծության վրա:
Քննարկման ամբողջական տեսանյութը դիտեք այստեղ:
Կարդաեք թեմայի շուրջ մեր կայքում.
Սելեկտիվ աբորտների դեմն առնելու նոր մոտեցում առաջարկվեց
«Տղուց տղա է ծնվում, լավ տղուց՝ աղջիկ»…
Արգելե՞լ պտղի սեռը հայտնելը, թե՞ ոչ. կողմ եւ դեմ
Արգելել ապագա երեխայի սեռը հայտնելը հղիության վաղ ժամկետներում
«Ավելի լավ է քար ծնեիր». գենդերային սելեկցիան Դաղստանում
Ինչպե՞ս պայքարել սելեկտիվ աբորտների դեմ
Պե՞տք է արդյոք ծնողներն իրավունք ունենան ընտրելու իրենց երեխայի սեռը
Սելեկտիվ աբորտները խտրականության դրսևորում են և պետք է արգելվեն
Բագրատյանն անդրադարձավ գենդերցիդին…
Վիգեն Սարգսյան.«Սեռով պայմանավորված աբորտները ` պարզապես խայտարակություն են մեր ազգի համար»…
Գարիկ Հայրապետյան. «Սելեկտիվ աբորտների հիմքում՝ գենդերային անհավասարությունն է»
Ինչու՞ ենք գերադասում ընդամենը մեկ-երկու երեխա ունենալ
Դ-ր Գիլմոտո. «Հայաստանը մինչև 2060-ը կկորցնի գրեթե 93 հազար պոտենցիալ ապագա մայր»
«Կորսված հավասարակշռություն. արու զավակի նախընտրությունը Հայաստանում»
Ոչինչ չի եղել, ուղղակի մի Լիլիթիկով պակաս կծնվի Հայաստանում…
Աբորտը ՝ մարդասպանություն է, բայց օրենքով դրա արգելումը խնդիր չի լուծում
Յուրաքանչյուր տարի կորցնում ենք մոտ 1400 պոտենցիալ մայր
Մարդկության մայրամուտը սկիզբ կառնի, երբ երկրի վրա «վերջանան» կանայք
Դիտումների քանակը` 5071