Ի՞նչ է փոխվել ՀՀ Սահմանադրության մեջ երեխայի իրավունքների մասով

Դեկտեմբերի 22-ին ուժի մեջ մտած  ՀՀ Սահմանադրության փոփոխություններով երեխայի իրավունքներին վերաբերող նոր հոդված է ավելացել:

 

Հոդված 37. Երեխայի իրավունքները

1. Երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը, երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, հաշվի է առնվում իրեն վերաբերող հարցերում:

2. Երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պետք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

3. Յուրաքանչյուր երեխա ունի իր ծնողների հետ կանոնավոր անձնական փոխհարաբերություններ և անմիջական շփումներ պահպանելու իրավունք, բացառությամբ այն դեպքի, երբ դա, դատարանի որոշման համաձայն, հակասում է երեխայի շահերին: Մանրամասները սահմանվում են օրենքով:

4. Առանց ծնողական խնամքի մնացած երեխաները պետության հոգածության և պաշտպանության ներքո են:

 

WomenNet.am-ի  խնդրանքով պարզաբանելով կատարված փոփոխության էությունը` Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասում է, որ այս հոդվածը երեխայի իրավունքների և շահերի պաշտպանության լիարժեք համակարգ է ամրագրում:

 

Այսպես,  37-րդ հոդվածը նախատեսում է, ոչ միայն երեխայի ` կարծիք արտահայտելու ազատության իրավունքը, այլեւ երեխայի իրավունքների եւ շահերի  պաշտպանության լիարժեք համակարգ է ամրագրում, իսկ   հոդվածի 2-րդ մասում ամրագրվում է, որ երեխային վերաբերող հարցերում երեխայի շահերը պեք է առաջնահերթ ուշադրության արժանանան:

 

‘’Բազմաթիվ են դեպքերը, երբ տարբեր իրավասու  մարմինները` վարչական կամ դատական ատյանները որոշումներ են կայացնում, բայց շատ հաճախ  երեխայի կարծիքը կամ տեսակետը նկատի չի առնվում: Այս հոդվածը ոչ միայն հնարավորություն է տալիս դա պարտավորեցնել այդ մարմնիններին, այլեւ հասարակության մեջ եւ շրջապատում  երեխայի շահերն առաջնահերթ համարել’’,-womennet –ի հետ զրույցում ասում է Արծվիկ Մինասյանը:

 

Նույն հոդվածի 3-րդ մասում սահմանվում է, որ  երեխան ունի ծնողի հետ կանոնավոր հարաբերություններ  եւ անձնական շփումներ պահպանելու իրավունք: Այս իրավունքը  առանձին դեպքերում, օրենքով  նախատեսված հիմքերով կարող է սահմանափակվել:  Օրինակ, եթե ծնողական իրավունքից զրկումը տեղի է  ունեցել այնպիսի հանգամանքներում, որը վնասում է երեխայի բնականոն ու ներդաշնակ զարգացմանը:

 

Արծվիկ Մինասյանը բարեփոխված Սահմանադրության մեջ երեխայի իրավունքներին առնչվող եւս մի նորմ է կարեւորում, որը բացակայում էր գործող Սահմանադրության  մեջ: Փոփոխություններով ամրագրվել է, որ առանց ծնողական խնամքի մնացած երեխաներն ուղղղակիորեն գտնվում են պետության խնամքի  ու պաշտպանության ներքո:

 

«Այս բոլոր նորմերն անշուշտ եղել են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների և ստորագրած պայմանագրերի շրջանակում, ինչպիսին է, օրինակ` «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիան, «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ գործող օրենքը: Ամրագրելով Սահմանադրության մեջ, ավելի են բարձրացնում պաշտպանվող արժեքները, և, որ ամենակարևորն է` երեխան դառնում է մարդու իրավունքների և ազատությունների ապահովման կարևոր սուբյեկտ»,- ընդգծում է Մինասյանը:

 

Բացի այս, սահմանադրական նոր կարգավորումներով պետությունը պարտավորություն է ստանձնում երեխայի իրավունքների պաշտպանության մակարդակն անընդհատ բարձրացնելու ուղղությամբ և դրա վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու խորհրդարանին: Այս դրույթը պատգամավորն անչափ կարևորում է և նշում, որ դա ինքնին մեխանիզմ է, որը կապահովի Սահմանադրության մեջ նշված նորմերի ոչ միայն իրականացումը, այլ նաև առաջընթացը:

 

Այսուհետ հանրային իշխանության բոլոր մարմինները ստանձնում են պարտավորություն` բացառապես առաջնորդվել երեխայի իրավունքներով, ինչը 2005 թ. ընդունված Սահմանադրության մեջ չկար և առանձին դեպքերում իրավակիրառ պրակտիկայում հետնահանջի կամ տեղում դոփելու հնարավորություն էր ստեղծում: «Հիմա, յուրաքանչյուր հաջորդ ժամանակահատվածում մենք պետք է առաջընթաց արձանագրենք, եթե չլինի այդ առաջընթացը, իրավասու մարմիններին սպառնում է մինչև անգամ պաշտոնանկություն»,- նշում է Մինասյանը:

 

«Յուրաքանչյուր տարի բաց, թափանցիկ հաշվետվություն պետք է ներկայացվի, սա ինքնին մեխանիզմ է, բացի այս ամրագրված նորմերը` հիմնական իրավունքների եւ ազատույթուններին առնչվող դրույթները իրավակիրառ  պրակտիկայում աներկբա կիրառման նորմեր են դառնում, որովեհետեւ, եթե մինչեւ այս փոփոխությունները մենք ունեինք օրենսդրության թերի կատարումներ կամ տարբեր մեկնաբանություններ, սահմանադրական այս կարգավորումները բացառում են այդ հնարավորությունը եւ միանշանակ են դարձնում երեխաների իրավունքների պաշտպանության համակարգը: Երրորդ կարեւոր երաշխիքն այն է, որ պետության առջեւ պարտավորություն սահմանաելով, կոնկրետ  սուբյեկտավորվում են այն անձինք եւ մարմինները, որոնք պարտավոր են ապահովել երեխայի իրավունքների իրականացման հնարավորությունները: Դրանք ոչ միայն գործադիր իշխանության մարմիններն են , ինչպիսին կառավարությունն է, նախարարություններն  են, այլեւ դատական իշխանությունն ու օրենսդիր մարմինը, որովհետեւ սահմանադրական  փոփոխություններով չի կարող ընդունվել այնպիսի օրենք,  որը իրավունքի գերակայնության սկզբունքին կհակասի, իսկ տվյալ դեպքում, երեխայի իրավունքները համարվում են իրավունքի գերակայություն»,- պարզաբանում է պատգամավորը:

 

Սահմանադրության մեջ փոփոխություններ կան նաեւ երեխայի իրավունքների հետ ուղղակիորեն առնչվող ընտանիքի մասին դրույթում: Առաջին անգամ սահմանադրական  փոփոխություններով ընտանիքը համարվել է այն հիմնական բջիջը, որը վերարտադրության օղակ է դիտվում: «Դա բնական ընտանիքն է: Պետության պարտավորությունն է ճանաչել եւ հովանավորել այդպիսի ընտանիքը»,-նշում է Արծվիկ Մինասյանը: Սահմանադրական նոր կարգավորումների համաձայն,   ընտանիքի կազմավորման փուլում ամուսնություն է դիտվում կնոջ եւ տղամարդու` միմյանց հետ միավորումը: Սա, ըստ Մինասյանի,  նշանակում է, որ մենք ունենք ավելի ընդլայնված եւ ավելի կոնկրետ նորմեր:

 

Ինչ վերաբերում է այն մտահոգություններին` իբր երեխայի իրավունքների ընդլայնումը կարող է վնասել ավանդական ընտանեկան արժեքները, ապա պատգամավորի համոզմամբ` ֆորմալ առումով իրավունքների ընձեռումը չէ, որ կարող է փոխել ձևավորված արժեքները: «Մեր ավանդական ծնող-երեխա հարաբերությունը   չի կարող սահմանադրական նոր կարգավորումներով վնասվել` միայն ելնելով նրանից, որ երեխայի իրավունքներն ընդլայնվել են, հակառակը` սահմանադրական փոփոխությունների հիմքում ավելի ամուր ընտանիք ունենալն է և ծնող-երեխա, երեխա-ծնող հարազատական կապը առավելագույնս պաշտպանելն ու խրախուսելը»,- եզրափակում է նա:

 

P.S. Կարդացեք հարցի  շուրջ նաեւ  Save the children կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության դիրքորոշումը .

 

ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ դիրքորոշման արտահայտում Հայաստանում երեխաների իրավունքների տեսանկյունից

 

 

 

 

Դիտումների քանակը` 4439

Գլխավոր էջ