Ի՞նչ է խոսվել ու որոշվել ՄԱԿ-ի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի նստաշրջանում
Մարտի 9-20-ը Նյու Յորքում, ՄԱԿ-ի Կենտրոնական գրասենյակում կայացած Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 59-րդ նստաշրջանի մասին են պատմել Հայաստանից մեկնած ԱԳՆ-ի եւ հասարակական սեկտորի ներկայացուցիչները: Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ նրանք նշեցին, որ նստաշրջանի ընթացքում բավականին հավակնոտ նպատակ է հռչակվել՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարությանը կյանքի բոլոր բնագավառներում: Հիշեցնենք, որ նստաշրջանը նվիրված էր Պեկին+20 գործընթացի ամփոփմանը եւ այն անցնում էր «Կանանց հնարավորությունների ընդլայնումը՝ ողջ մարդկության հնարավորությունների ընդլայնումն է» կարգախոսի ներքո:
Հայաստանի պետական պատվիրակությունը, ցավոք, չի մասնակցել հանձնաժողովի նիստին, թեպետ ինչպես հավաստիացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը՝ պատվիրակությունը կազմավորված էր, ամենը պատրաստ էր այցի համար՝ և՛ վիզաները, և՛ տոմսերը, և՛ հյուրանոցն էր ամրագրած: Բայց…
Կարինե Սուջյան.
« Ներկայացվեց Հայաստանի ազգային զեկույցը»
ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը իր խոսքում նախ հիշեցրեց, որ 1995-ին Պեկինում տեղի ունեցած Կանանց դրության չորրոդ համաշխարհային գագաթնաժողովը աննախադեպ էր մի շարք իմաստներով՝ թե մասնակիցների թվով, և թե ներկայացված երկրների քանակով: Նշենք, որ մասնակցում էին պետական պատվիրակությունների 17 հազար անդամներ եւ 30 հազար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում Հայաստանից 26 կին: Բայց ամենակարևորը, Սուջյանի խոսքով, այն է, որ այդ գագաթնաժողովում ընդունվեց մի շատ կարևոր փաստաթուղթ՝ Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը, որով աշխարհի 189 պետություններ, այդ թվում Հայաստանը, հստակեցրեցին իրենց պարտավորությունները կանանց և տղամարդկանց համար հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ ապահովելու հարցում: Գործնականում դա նշանակում էր, որ որոշումներ կայացնելիս, ռազմավարություններ մշակելիս պետք է հավասարապես հաշվի առնվեն կանանց և տղամարդկանց շահերն ու կարիքները եւ ապահովված լինի նրանց հավասար ներգրավվածությունը. «Պեկինի հռչակագիրը և գործողությունների ծրագիրը ենթադրում էր նաև հաշվետվողականություն՝ երկրները պետք է ներկայացնեն այն աշխատանքները, որոնք կատարվում են այդ փաստաթղթի իրականացման ուղղությամբ: Բացի այս, փաստաթղթի առանձնահատկությունն այն էր, որ շատ մեծ ուշադրություն էր դարձվում վիճակագրությանը, քանի որ հենց վիճակագրական տվյալների հիման վրա պետք է կատարվի վերլուծություն, գնահատվի իրավիճակը եւ մշակվեն հետագա քայլերը»,- նշեց Կ. Սուջյանը:
Անդրադառնալով Նյու Յորքում տեղի ունեցած միջոցառմանը պաշտոնյան նշեց, որ մինչ դրա մեկնարկը երկրներին կոչ էր արվել ներկայացնել ազգային զեկույցներ, որոնցում պետք է ներառված լիներ Պեկինի գործողությունների ծրագրի իրականացման համար կատարված աշխատանքների մասին տեղեկատվությունը՝ 20 տարվա կտրվածքով: Հայաստանը ներկայացրել էր պահանջված փաստաթուղթը դեռեւս անցյալ տարվա մայիսին ( Զեկույցին կարելի է ծանոթանալ այստեղ – խմբ): Զեկույցը , նրա խոսքով, ներառեց չորս հիմնական բաղադրիչներ՝ 1995-ից մինչ օրս կատարված աշխատանքների գնահատականը, վերջին հինգ տարվա առաջընթացը, վիճակագրական տվյալներ և այն հիմնախնդիրների վերլուծությունը, որոնք դեռևս ուշադրության կարիք ունեն: Տիկին Սուջյանը հավաստիացրեց, որ զեկույցի պատրաստման գործում սերտորեն համագործակցել են նաև ՀԿ ներկայացուցիչների հետ:
Հասմիկ Սիմոնյան.
«Նոր քաղաքական հռչակագիր ընդունվեց»
Հանձնաժողովի նստաշրջանին մասնակցած ՀՀ ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի երկրորդ քարտուղար Հասմիկ Սիմոնյանն իր խոսքում տեղեկացրեց, որ նստաշրջանում նախևառաջ նշվել է, որ որևէ երկիր չի կարողացել ամբողջությամբ իրականացրել Պեկինյան հռչակագիրն ու գործողությունների ծրագիրը և նշվել է, որ առաջընթացն այս ոլորտներում անընդունելիորեն դանդաղ է եղել. «Կան նույնիսկ հաշվարկներ, թե ներկա տեմպերի պայմաններում քանի տարի կպահանջվի, որպեսզի հասնենք գենդերային հավասարությանը ՝ տնտեսական ոլորտում կամ քաղաքական մասնակցության ոլորտներում: Օրինակ, տնտեսական ոլորտում՝ ներկա տեմպերով, հավասարությանը կարելի է հասնել 80 տարի անց, իսկ քաղաքականում՝ 50 տարի անց: Եվ սա գիտակցելով է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունն իր ելույթում նշեց, որ նման տեմպերով շարժվելը անընդունելի է և ժամանակային շեմ նախանշեց՝ 2030 թվականը: Մինչ այդ պետությունները պետք է այնպիսի գենդերային քաղաքականություն իրականացնեն, որը թույլ կտա հասնել հավասարությանը բոլոր 12 ոլորտներում, որոնք նախանշված են Պեկինի ծրագրում»,- հայտարարեց նա:
«Սա նաև վերահաստատվեց նստաշրջանին ընդունված քաղաքական հռչակագրում , որում նշվում էր, որ անհրաժեշտ է գործել Պեկինի գործողությունների ծրագրի հիման վրա: Որպես նպատակ նախանշվել է , որ մինչև 2020թ. արդեն իսկ պետք է զգալի առաջընթաց արձանագրվի գենդերային հավասարության, կանանց առաջընթացի եւ նրանց հնարավորությունների ընդլայնման ոլորտներում, իսկ 2030 թվականը 50/50 հավասարության շեմն է, երբ լիակատար հավասարություն պետք է լինի բոլոր ոլորտներում», – նշեց Հ. Սիմոնյանը : Նրա խոսքով, այս փաստաթուղթը քաղաքացիական հասարակության , հասարակական կազմակերպությունների մոտ որոշակի հիասթափություն առաջացրեց, քանի որ այն ընդամենը վերահաստատում էր նախկին հանձնառությունները և նոր հանձնառություններ, որոնք կարող էին ստիմուլ հանդիսանալ առաջ շարժվելու համար, չէր պարունակում: Սակայն փաստաթղթի հիմքում այն գիտակցումն էր, որ լիարժեք չի հաջողվել իրականացնել Պեկինում 1995թ-ին վերցված պարտավորությունները ու դեռ պետք է աշխատել այդ ուղղությամբ:
Ջեմմա Հասրաթյան.
«Գենդերային հավասարությունը դիտարկվում է որպես կայուն զարգացման նպատակ»
Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը , ով 1995-ին Պեկինի գագաթնաժողովի մասնակիցներից է, իր խոսքում շեշտադրեց Պեկինի գործողությունների ծրագրի կարեւորությունը որջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, կանանց շարժման կայացման եւ զարգացման հարցում: Նախքան 59-րդ նստաշրջանի միջոցառումներին անդրադառնալն ասաց, որ շատ է ցավում, որ այս անգամ ՀՀ պաշտոնական պատվիրակությունը չկարողացավ մասնակցել դրա աշխատանքներին. «Չգիտեմ՝ ո՞ւմ մեղքով, բայց Նյու Յորքում, երբ տեսնում էի, որ երկրների պատվիրակություններն ու նրանց ղեկավարները ելույթ են ունենում, մտածում էի, թե ինչն էր և ով էր մեղավոր, որ Հայաստանի պետական պատվիրակությունը չմասնակցեց այս կարևոր միջոցառմանը»,- ակնարկեց նա:
Ինչ վերաբերում է նստաշրջանին , ապա գլխավոր նկատառումն, ըստ տիկին Հասրաթյանի այն էր, որ լուրջ պահանջ դրվեց երկրների կառավարությունների առջեւ, որպեսզի վերջիններս ավելի հետևողական լինեն Պեկինի հռչակագրի ու գործողությունների ծրագրով նախատեսված պարտականությունների կատարման հարցում: «Նստաշրջանի հիմնական գնահատականն այն էր, որ Պեկինյան գործողությունների ծրագիրն իրականացվել է ոչ լրիվ չափով և դա նշանակում է, որ աշխատանքը պետք է շարունակվի և պետք է շարունակվի նոր թափ հաղորդելով դրան՝ պետություններն ու ՄԱԿ-ը պետք է անեն ամեն ինչ, որ այն նշաձողը, որ Պեկինում վերցվել էր, որը, ի դեպ, բավականին բարձր էր ու մինչև հիմա մենք չենք կարողանում դրան հասնել, անպայման կատարվի: Եվ այս տեսակետից մի նոր բանաձև ընդունվեց, որը հստակեցրեց ինչ նվաճումներ պետք է արձանագրենք մինչև 2020թ-ը: Եվ հաշվի առնելով, որ սեպտեմբերին պետք է կայանա պետությունների ղեկավարների մեծ հանդիպում Հազարամյակի կայուն զարգացման նպատակների շուրջ , նստաշրջանի ժամանակ ընդունված բանաձևում շեշտադրվեց, որ այդ հանդիպման շրջանակում ոչ միայն պետք է քննարկվեն գենդերային հավասարության հիմնախնդիրները որպես առանձին նպատակ, այլ մնացած բոլոր նպատակները պետք է դիտարկվեն կանանց և տղամարդկանց հավասարության տեսակետից»,- նշեց տիկին Հասրաթյանը: Նա նաեւ կարևորեց այն հանգամանքը, որ հանձնաժողովի նիստերին մասնակից ՀԿ-ներին հնարավորություն տրվեց ներկայացնելու ոչ միայն իրենց գործունեությունն , այլև տեսակետները խնդրահարույց հարցերի շուրջ:
Թամարա Հովնաթանյան.
«Ազդանշանները «զուգահեռ հարթակից» միշտ չէ, որ լսելի էին»
Նստաշրջանի ևս մեկ մասնակից՝ «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահ եւ WomenNet.am կայքի գլխավոր խմբագիր Թամարա Հովնաթանյանը անդարադարձավ նստաշրջանին զուգահեռ ընթացող ՀԿ ֆորումի աշխատանքներին: Ավանդույթը ձեւավորվել էր դեռես Պեկինում եւ այս անգամ էլ նստարջանին մասնակցելու համար գրանցվել էին մոտ 1100 կազմակերպություններից 8600 ներկայացուցիչներ: Պաշտոնական մակարդակում նստաշրջանի օրակարգը ներառում էր պլենար նիաստերից բացի նաեւ 188 հարակից միջոցառումներ ( side-events), եւս 450 զուգահեռ միջոցառումներ (parallel events) անցկացվել են ՀԿ-ների ֆորումի շրջանակներում: Կազմակերպիչները նշում էին, որ դա ռեկորդային թիվ է: Դրա հետ մեկտեղ, հատկապես այն պատվիրակները, ովքեր ժամանակի մասնակցել էին Պեկինի գագաթնաժողովին նշում էին, որ, ընդհանուր առմամբ, Պեկինից հետո ազդանշանները «զուգահեռ հարթակից» դեպի կառավարությունների մակարդակ ավելի թույլ են հասնում: Միասնակությունը սակայն զգացվեց նստաշրջանի մեկնարկից անմիջապես առաջ՝ մարտի 8-ին Նյու Յորքում տեղի ունեցած Կանանց երթի ընթացքում, որին մասնակցեց նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը: Երթն անցավ «Մոլորակ 50/50 » կարգախոսի ներքո: «Զրուցել եմ շատ կանանց հետ, ովքեր 20 տարի առաջ մասնակցել էին Պեկինի գագաթնաժողովին ում ու բոլորը միաբերան որպես կարեւոր առանձնահատկություն նշում էին էնտուզիազմով լի մթնոլորտը: Նույնը կարելի էր ասել հետպեկինյան բոլոր գործընթացների մասին, Պեկինից 10,15 տարի անց, սակայն այս անգամ էնտուզիազմը զգալի կերպով պակասել էր, ու կարելի է միայն ենթադրել , թե ինչու: ՀԿ-ֆորումի քննարկումների ժամանակ նշվեց, որ ընդհանուր առմամբ կանանց շարժումը ողջ աշխարհում անկում է ապրում, ինչը կապված է տարբեր գործոնների հետ, որոնց թվում տնտեսական ու քաղաքական ճգնաժամերն են, կրոնական ֆունդամենտալիզմի , ծայրահեղության եւ կանանց իրավունքների դեմ ուղղված այլ պահպանողական դրսեւորումներն են, որոնց համատեքստում լուրջ խնդիրների առաջ են կանգնում նաև կին իրավապաշտպանները»,- ասաց Հովնաթանյանը:
Նա նաև անդրադարձավ այն դժգոհությանը, որը արտահայտել էին նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրի տեքստի հետ կապված կանանց ՀԿ-ները, ի դեմս կանանց խոշորագույն եւ հեղինակավոր կազմակերպության AWID-ի («Կանայք զարգացման մեջ») : Թեև հռչակագրի տեքստը դեռ հունվարից ուղարկվել էր պետություններին, որպեսզի վերջիններս ՀԿ սեկտորի հետ այն քննարկեն և առաջարկություններ ներկայացնեն մինչև 59-րդ նստաշրջանը, այդ մեխանիզմը, ըստ էության, չէր աշխատել.«Գոնե մենք գիտենք, որ Հայաստանում նման քննարկում չէր եղել եւ դատելով այլ երկրների կանանց ՀԿ-ների դիտարկումներից նույնը եղել էր նրանց մոտ: Դրա համար էլ ՀԿ-ների մոտ դժգոհություն առաջացրեց այն փաստը, որ հռչակագիրն ընդունեցին ոչ թե նստաշրջանի վերջում, այլ հենց առաջին օրը` դրանով իսկ զրկելով ՀԿ ներկայացուցիչներին իրենց կարծիքն արտահայտելուց: Ու թեպետ կառավարությունների մակարդակում ընթացող նիստերի ժամանակ գրեթե բոլոր ելույթներում նշվում էր, թե ինչ մեծ գործ են արել ՀԿ-ները, որքան կարևոր է նրանց դերը, բայց ստացվեց, որ դա միայն խոսքեր են, քանի որ կապը հասարակական սեկտորի և պետական պատվիրակությունների միջև շատ ավելի թույլ էր, քան նախորդ հետպեկինյան հավաքների ժամանակ»,- ասաց «ՊրոՄեդիա-Գենդեր» ՀԿ նախագահը:
Հետխորհրդային երկրների ներկայացուցիչները բազմաթիվ միջոցառումներ էին կազմակերպել , որտեղ ներկայացնում էին իրենց աշխատանքը, սակայն տարածաշրջանային միայն մեկ միասնական հավաք ունեցավ՝ AWID –ն էր կազմակերպել: «Հետխորհրդային երկրների ներկայացուցիչները գրեթե նույն մտահոգությունները հայտնեցին, արձանագրելով , որ կին իրավապաշտպանները լուրջ խոչընդոտների են հանդիպում, ծայրահեղականությունը գլուխ է բարձրացնում, գրեթե ամենուր ընթանում են հակագենդերային կամպանիաներ, գենդերային տերմինաբանության խեղաթյուրման փորձեր եմ արվում և այլն»,- թվարկեց նա, նշելով, որ Ադրբեջանի ՀԿ սեկտորի ներկայացուցիչները բացակայում էին, ինչը բավականին խոսուն փաստ է իրավապաշտպանների վրա այնտեղ սկսված ճնշումների համատեքստում: Հովնաթանյանը նաեւ պատմեց , որ նստաշրջանի հարակից միջոցառումներից մեկում հատուկ քննարկվել է «Կանայք եւ ԶԼՄ-ները» խնդրահարույց ոլորտը եւ նշվել է , որ առնվազն 700 տարի կպահանջվի, որպեսզի այս ոլորտում գենդերային հավասարության հասնենք:
Նա նաեւ տեղեկացրեց, որ նստաշրջանի աշխատանքների մասին առավել մանրամասն կարելի է կարդալ WomenNet.am կայքում, որտեղ ռեպորտաժների շարք է հրապարակվել անմիջապես Նյու Յորքից եւ անցյալ տարվա հունիսից սկսած լուսաբանվել է Պեկին+20 ողջ գործընթացը:
Սուսաննա Վարդանյան.
«Ընտանեկան բռնության ոլորտում իրական գործ է անում միայն ՀԿ–սեկտորը»
Կանանց իրավունքների կենտրոնի նախագահ Սուսաննա Վարդանյանը իր խոսքում հիշեցրեց, որ կանանց նկատմամբ բռնության ոլորտը Պեկինի գործողությունների ծրագրի շրջանակներում խնդրահարույց ոլորտներից մեկն է եւ այն իր մեջ է ներառում առաջարկությունների երկու ուղղություն՝ կառավարական և ոչ կառավարական սեկտորին: Եվ ահա այսօր առաջին ու տրամաբանական հարցը, որ առաջ է գալիս ՝ ի՞նչ է փոխվել այս քսան տարիների ընթացքում, նշեց նա. Նկատելով, որ ոչինչ էլ չի փոխվել, բացի նրանից, որ երկու տարի առաջ ՀՀ ոստիկանությունում անչափահասների վարչության ցուցանակի վրա ավելացվեց նաև «և ընտանեկան բռնության վարչություն».
«Բայց առ այսօր ես չեմ տեսնում ինչ-որ դասընթացներ անցած ու որակավորված ոստիկանների, որոնք գիտեն, թե ինչ է ընտանեկան բռնությունը»,- ցավով նշեց նա՝ տեղեկացնելով, որ համեմատած այլ երկրների , Հայաստանն, ըստ էության, ասելիք չուներ, քանի որ առնվազն 124 երկրում այսօր օրենքներ են ընդունված կամ գոնե իրավական ակտեր գոյություն ունեն ընդդեմ ընտանեկան բռնության, բացի այս՝ շատ երկրներում ոստիկանության կից արագ արձագանքման խմբեր կան, պետմիջոցներով ապաստարաններ են բացվում զոհերի համար և այլն.
«Մենք այս իմաստով ասելիք չունեինք, քանի որ չնայած «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի լայնածավալ գործունեությանը, մինչ օրս չենք կարողանում ոչ մի կերպ ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը», – ասաց Վարդանյանը, նշելով, որ մեզանում այս բնագավառում իրական գործ է անում միայն ՀԿ-սեկտորը: Նա նաև նշեց, որ մի կարևոր միտում է թափ առնում ողջ աշխարհում՝ բռնության ենթարկված կանանց պետք է ոչ միայն հոգեբանական ու իրավաբանական օգնություն ցուցաբերել, այլև աջակցել իրենց կայացմանը տնտեսապես, որպեսզի կանայք կարողանան դուրս գան տղամարդկանց կախվածությունից և կարողանան ինքնուրույնություն դրսևորել՝ այդպիսով փոխելով իրենց կյանքը: Եվ սա այն հարցերին մեկն է, որտեղ ոչ միայն ՀԿ-ները, այլեւ պետությունը մեծ անելիքներ ունի:
Առանց տղամարդկանց հավասարության հասնել չի լինի
Եվս մեկ նկատառում, որ նշվեց ասուլիսի բոլոր բանախոսների կողմից, կապված էր տղամարդկանց մասնակցության հետ: Առանց տղամարդկանց հնարավոր չէ հասնել գենդերային հավասարությանը – այս դիրքորոշումը մեկ անգամ չէ, որ հնչեցվեց նստաշրջանի ընթացքում: Ավելին, Պեկին+20 գործընթացի շրջանակներում սկիզբ է առել «Նա՝ հանուն նրա» (HeForShe) քարոզարշավը, որի նպատակն է համախմբել այն տղամարդկանց, որոնք պատրաստ են գենդերային հավասարության գաղափարն առաջ տանել: Նախաձեռնության HeForShe. org կայքում տղամարդիկ և պատանիներն իրենց ստորագրություններն են թողնում` համաձայնություն հայտնելով միանալ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությանը: Նախաձեռնությունն, որը առաջ է տանում հայտնի դերասանուհի Էմմա Ուոթսոնը, արդեն իսկ մոտ 300 հազարի չափ ստորագրություններ են հավաքվել, այդ թվում պետությունների ղեկավարների կողմից: Մեր տարածաշրջանից՝ Հայաստանից միայն 72 տղամարդ է միացել, Ադրբեջանից 59 , իսկ Վրաստանից` 238:
Ի՞նչ է արվելու
Ի դեպ, ելույթների վերջում հարցուպատասխանի հնարավորություն ընձեռվեց և օգտվելով դրանից Առողջապահության նախարարության մայրության և վերարտադրության բաժնի պետ Գայանե Ավագյանը հետաքրքրվեց՝ այդ ինչպե՞ս ստացվեց, որ Հայաստանը պետական մակարդակով չի ներկայացվել նստաշրջանում և այս նստաշրջանի արդյունքում ստացված տպավորությունները, նաև առաջարկությունները ներկայացվելու են Կառավարությանը, թե ոչ. « Ուզում եմ հասկանալ՝ մենք խոսում ենք, ՀԿ-ները ակտիվություն են ցուցաբերում, բայց այս ամենը բարձրաձայնվելու է ձեր կողմից ինչ-որ առաջարկությունների կամ փաթեթի ձևով»,- հետաքրքրվեց տիկին Ավագյանը:
Արձագանքելով հարցադրմանը ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի բաժնի վարիչ Կարինե Սուջյանը նշեց, որ առաջիկայում տեղի կունենա վարչապետին կին Կանանց խորհրդի նիստը, որի ժամանակ կներկայացվի Պեկին+ 20-ի հետ կապված դիտարկումները, ինչպես նաև անդրադարձ կարվի այն խնդրին, թե ինչպես պատահեց, որ պատվիրակությունը ամբողջ կազմով չմասնակցեց նստաշրջանին. «Այդ հարցի պատասխանը կտրվի, թե ինչո՞ւ վերջին պահին ամենը չեղյալ հայտարարվեց»,- հավաստիացրեց նա:
Լիա Խոջոյան
Կարդացեք Պեկին+20 գործընթացի մասին մեր կայքում.
ՄԱԿ- ը հավակնոտ նպատակ հռչակեց՝ մինչև 2030թ. հասնել գենդերային հավասարության
Կանանց նկատմամբ բռնությունը թանկ է նստում աշխարհի վրա
«Մենք սպասում ենք ձեզ, տիկին Գլխավոր քարտուղար»…
«Առնվազն 700 տարի կպահանջվի լրատվամիջոցներում գենդերային հավասարությանը հասնելու համար»
Բիզնեսը հավասարություն է ենթադրում
«Կանայք քաղաքականության մեջ – 2015». ներկայացվեց նոր քարտեզը
«Յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր երեխա». հաջողվել է փրկել 2,4 մլն. կյանք
«Կապանքներից ազատենք կանանց ներուժը հանուն բոլորի համար ապահով ապագայի»
Կանանց երթը Նյու Յորքում « Մոլորակ 50/50» կարգախոսով
Յուրաքանչյուր կին, Յուրաքանչյուր իրավունք, Յուրաքանչյուր րոպե
56 երկրներ, այդ թվում Հայաստանը, ամփոփեցին Պեկին+20-ի արդյունքները
Ոչ կառավարական կազմակերպությունների ֆորումը Ժնևում/ լուսանկարներ
Էմմա Ուոթսոնը կոչ արեց տղամարդկանց պայքարել գենդերային հավասարության համար
«Գենդերային անհավասարության վերացման վերջնաժամկետը հայտնի է. դա 2030 թվականն է»…
«ՄԱԿ կանայք» կառույցը ազդարարել է Պեկին+20 գործընթացի սկիզբը
Պեկին+20. « Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում»
Պեկին+20.« Կանանց հիմնախնդիրները չեն ծերանում» – քարոզարշավի մեկնարկ
Անվտանգություն, մարդու իրավունքներ և կանանց հնարավորությունների ընդլայնում
Դիտումների քանակը` 4995