Թրաֆիքինգի գործերով և տուժողների, ե մեղադրյալների մեծ մասը կանայք են
Հայաստանում թրաֆիքինգի զոհերը հիմնականում չաշխատող երիտասարդ կանայք են: ՀՀ գլխավոր դատախազության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Արմեն Մարուխյանի ներկյացրած տվյալների համաձայն, 2010-2011թվականներին դատախազական վերահսկողություն իրականացրած գործերով հայտնաբերվել են 39 տուժողներ:
«Նրանք բոլորն էլ կանայք են եղել»,-այս մասին WomenNet.am-ի հետ զրույցում հայտնեց Ա. Մարուխյանը, ով մասնակցում էր արտաքին գործերի նախարարությունը Միգրացիայի միջազգային կազմակերպության Հայաստանի գրասենյակի օժանդակությամբ կազմակերպված «Մարդկանց շահագործման թրաֆիքինգի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում և միջազգային համագործակցությունը» խորագրով համաժողովին, որը նախատեսված է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների հյուպատոսների և հյուպատոսական ծառայողների համար:
Դատախազի ներկայացրած տվյալների համաձայն, տուժած կանանցից 5-ը կամ 121.8 տոկոսը եղել են 15-18 տարեկան, 11 կին կամ 28.2 տոկոսը եղել են 18-24 տարեկան, 7 կին կամ 17.9 տոկոսը 25-29 տարեկան են, 16 կին կամ 41 տոկոսը եղել են 29-49 տարեկան: Ավելի բարձր տարիքի կանայք, կարելի է ասել, ապահովագրված են թրաֆիքինգի զոհ դառնալուց:
«Վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս զոհերի ճնշող մեծանասնությունը աշխատանք չեն ունեցել»,-ասաց դատախազը:
Նախորդ երկու տարիների վիճակագրությունը փաստում է, որ տուժած 39 կանանցից միայն մեկն է աշխատանք ունեցել: Դեպքերի վերլուծությունը ցույց է տվել, որ 27 մեղադրյալներից 16-ը կամ 59.2 տոկոսը կանայք են, իսկ 11-ը` տղամարդիկ են:
«Նրանց ազատազրկման միջին չափը տատանվում է 6-9 տարի»,-ասաց դատախազը:
Ա. Մարուխյանն այս պահին էլ թրաֆիքինգի ընթացող գործերից մեկով մեղադրող դատախազ է, գործը քննում է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը: Կազմակերպված խումբ է զբաղվել գործով: Ամբաստանյալի աթոռին այս պահին ութ անձ է նստած, մի քանիսը հետախուզման մեջ են, տուժողները 8 կանայք են: Նրանք սեռական շահագործման են ենթարկվել Արաբական Միացյալ Էմիրություններում: Առաջին տուժողը ոստիկանությանը դիմել է դեռ 2004-ին, դրանից հետո կծիկը կամաց-կամաց բացվել է, վերջին տուժածին հայտնաբերել են 2010 թվականին: Հիմա ոչ բոլոր տուժողներն են Հայաստանում, սակայն վեցը դատարանում ցուցմունք են տվել:
Կանանցից մի քանիսը սեռական շահագործման ենթարկվելու պահին անչափահաս են եղել, նրանց խոստացել են աշխատանք` ասենք երեխա խնամել, աման լվանալ, տուն մաքրել, մի քանիսին հենց Հայաստանում տեղյակ են պահել, որ մարմնավաճառությամբ են զբաղվելու:
«Նրանց էլ աշխատանքի լրիվ այլ պայմաններ են առաջարկել»,-ասում է դատախազն ու չի մանրամասնում պայմանների մասին: Նրա համոզմամբ, զոհերը հիմնականում չաշխատող, ցածր կրթական մակարդակ ունեցող անձինք են, որոնք գայթակղվում են արված առաջարկություններով:
Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 4-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Ռոբերտ Գրիգորյանի խոսքով, այս տարվա առաջին կիսամյակում թրաֆիքինգի 15 դեպք է հայտնաբերվել: Թիվը նախորդ տարվա համեմատ ավելացել է, 2011-ի ընթացքում գրանցվել է 16 դեպք: Իրավապահ մարմինների ներկայացուցիչների խոսքով, ոչ թե դեպքերն են ավելացել, այլ իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի շնորհիվ ավելի շատ են դրանք բացահայտվում: Նրանք խորհուրդ են տալիս դա դիտել` որպես դրական գործոն:
«Այս տարվա առաջին կիսամյակում հայտնաբերվել է 13 նոր զոհ, մեկը եղել է անչափահաս, 8-ը եղել են կանայք, մեղադրանք է առաջադրվել 8 անձանց»,-ասաց ոստիկանության ներկայացուցիչը:
Թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ Դավիթ Թումասյանի խոսքով, կանանց նկատմամբ թրաֆիքինգի ընթացքում առավել հաճախ են կատարվում բռնության սպառնալիք և բռնություն: Ներկայացված տվյալների համաձայն, աշխատանքային թրաֆիքինգի Հայաստանի քաղաքացիներն առավել շատ ենթարկվում են Ռուսաստանի Դաշնությունում, իսկ սեռական շահագործման` Արաբական Միացյալ Էմիրություններում և Թուրքիայում:
«Դատապարտելով երևույթը, մենք այնքան էլ լավ արդյունքների չենք հասնի: Հայտնի բան է, եթե կա պահանջարկ, ուրեմն կա նաև առաջարկ: Մենք պետք է աշխատենք նվազեցնել այն մարդկանց թիվը, որոնք պատրաստ են օգտվել զոհերի ծառայություններից»,-ասաց Դ. Թումասյանը: Ի դեպ, նա նշում է, թեև հայաստանյան օրենսդրությունը հեռու չէ կատարյալ լինելուց, սակայն բացեր կան:
Թրաֆիքինգի զոհեր առավել հաճախ դառնում են նաև երեխաները: Օրինակ, այս տարվա հայտնաբերած դեպքերից մեկը երեխային մուրացկանության մեջ ներգրավելն է: Թրաֆիքինգի դեմ պայքարի 2013-2015 թթ եռամյա ծրագրում նախատեսվում է երեխաների պաշտպանությանն ուղղված առավել մեծ շեշտադրումներ կատարել:
Արտաքին գործեր նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը նշում է, որ չնայած երևությը մեր երկրում վաղուց կա, սակայն դրա դեմ պայքարի պաշտոնական մեկնարկը տրվել է 10 տարի առաջ: Կատարված աշխատանքները` օրենսդրության բարելավման, թրաֆիքինգի կանխարգելման, դեպքերի հայտնաբերման, զոհերի աջակցության, ՀԿ-ների հետ համագործակցության առումով, Կաժոյանը արդյունավետ է համարում: Աշխատանքերի արդյունավետության մոնիտորինգի վերջնական արդյունքները հայտնի կլինեն մոտ մեկ ամսից, իսկ մինչ այդ, նախնական արդյունքների հիման վրա հաջորդ եռամյա ծրագիրն են մշակում:
Փորձեցինք պարզել, թե ինչ օգնություն է ցուցաբերվում թրաֆիքինգից տուծա անձանց: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների համաձայն, ՀՀ պետական բյուջեից ֆինասավորվող «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում՚» ծրագիրը մեկնարկել է 2009 թվականին և շարունակական է: Ծրագրի շրջանակներում զոհերին ցուցաբերվում է առաջնային օժանդակություն, կազմակերպվում են նրանց վերականգնողական աշխատանքները` բժշկական, սոցիալական, հոգեբանական օգնություն ու խորհրդատվություն տրամադրելու տեսքով, ինչը նախատեսվել է 2007-2009թթ. և 2010-2012թթ. Ազգային ծրագրերի միջոցառումների ժամանակացույցերում:
Ծրագիրն իրականացվում է «ԱՄՔՈՐ» բարեգործական կազմակերպության հետ, 2009 թվականից, համաֆինասավորման եղանակով` համաձայն կողմերի միջև ստորագրված պայմանագրի:
2009 թվականին ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 16,4 մլն դրամ (չի օգտագործվել), 2010 թ-ին` 25,966.4 հազ. դրամ (օգտագործվել է 6. 072, 00), 2011-ին ` 32.874.00 (օգտագործվել է 6,624,000.0) և 2012թթ.` 6,624,000.0 (օգտագործվել է):
Հիշեցնենք, որ մարդկանց շահագործումը քրեորեն պատժելի արարք է:
Հ. Կարապետյան
Դիտումների քանակը` 4520