Թուրք կին գործարարները Երևանում. «Փակ սահմանը ճիշտ չէ»
Ապրիլի 8-9-ը Երևանում կայացավ «Առևտրային և տնտեսական հարաբերությունների հաստատում» թեմայով հայ և թուրք գործարար կանանց ֆորումը, որը կազմակերպել էին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության « Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը»(EDMC) և «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը:
Ֆորումի նպատակն էր ծանոթացնել թուրք գործարար կանանց Հայաստանի բիզնես միջավայրին, հարկային և մաքսային համակարգին: Ֆորումին մասնակցեցին 25 հայ և 30 թուրք կին գործարարներ, ովքեր քննարկեցին գործնական կապերի հաստատման հնարավորությունները: Ֆորումի ընթացքում մի քանի ուշագրավ հայտարարություններ հնչեցին՝ փակ սահմանը բացելու անհրաժեշտության մասին:
Ապրիլի 8-ին ՝ ֆորումի բացմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնտեսական աճի գրասենյակի մասնավոր հատվածի մասնագետ Դիանա Ավետյանը, Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլը, Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը և «Կանանց ֆորում» կազմակերպության նախագահ Լիլիթ Ավետիսյանը: Բանախոսները կարևորել են միջոցառմանը գործարար կանանց մասնակցությունը, որը նրանց համար գործնական կապեր հաստատելու և ուղղակի բանակցություններ սկսելու հնարավորություն է:
Մասնավորապես, Թուրքիայի Դիարբեքիր քաղաքի առևտրի և արդյունաբերության պալատի նախագահ Դիյաեդին Գեզերը հայտարարել է, որ հայ-թուրքական առևտրատնտեսական կապերի զարգացումը կնպաստի պաշտոնական Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«Հայ-թուրքական սահմանի բացումը և երկաթուղու վերագործարկումը լավ կանդրադառնան մեր երկրների միջև գործարար կապերի հաստատման և զարգացման վրա: Մենք գիտենք, որ Հայաստանում գյուղատնտեսությունն ու տեքստիլ արդյունաբերությունը սիրողական մակարդակի վրա են, մինչդեռ մեր երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները մեծ ներուժ ունեն: Սահմանի բացումից հետո Հայաստանն իր արտաքին առևտրի 65 %-ը կիրականացնի Թուրքիայի հետ»,- ասել է Դիարբեքիրի առևտրի և արդյունաբերության պալատի ղեկավարը:
Նրա խոսքերով, Հայաստանի և Թուրքիայի գործարարները պետք է շարունակական աշխատանք տանեն երկրների միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ՝ սկսելով առևտրատնտեսական հարաբերությունների հաստատումից:
Թուրքիայի արևելյան և հարավարևելյան գործարար կանանց «Դոքունքադ» միության նախագահ Նևին Իլն իր խոսքում նկատել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը փակ է երրորդ երկրների մեղքով:
«Մենք պատմական աշխատանք ենք տանում՝ փորձելով պատմական խնդիրները լուծել առևտրի միջոցով: Անցյալի վերքերը պետք է բուժել, հարաբերությունները պետք է կարգավորվեն: Սա մեր պատասխանատվությունն է սերնդների առջև: Առևտուրը լեզու չի ճանաչում, սահման չի ճանաչում, երկիր չի ճանաչում…. Հայաստանը մեզ համար շատ կարևոր երկիր է՝ 1993թ-ից փակ սահմանը ճիշտ չէ», – հայտարարեց Նևին Իլը:
Ֆորումի շրջանակներում կայացած ցուցահանդեսին հայ և թուրք գործարար կանայք ներկայացրել են իրենց արտադրանքը, իսկ այսօր ` ապրիլի 9-ին, մասնակիցները ծանոթացել են Հայաստանի հարկային և մաքսային ընթացակարգերին: Այնուհետև տեղի են ունեցել «բիզնեսը՝ բիզնեսին» ձևաչափով հանդիպումներ և գործնական այցելություններ:
Նշենք, որ Ֆորումի մասնակից կին գործարարներ ներկայացնում են տարբեր ոլորտներ՝ զբոսաշրջությունից, բժշկական կոսմետոլոգիայից, հրուշակեղենի, արհեստագործական իրերի ու տեքստիլի արտադրություններից մինչև շինարարություն և շինանյութերի արտադրություն, ապրանքների փաթեթավորում, կաթնամթերքի արտադրություն և բեռնափոխադրումներ:
Դիտումների քանակը` 4271