Թուրքիայում հայ կանայք ապրում են սարսափի մթնոլորտում
Թուրքիայում հայ կանայք ապրում են սարսափի մթնոլորտում: Այս մասին տեղեկացնում է Ermenilraber.am լրատվական կայքը` վկայակոչելով թուրք հոդվածագիր Մուրադ Գյոզօղլուի «Թիրախում հայ կանա՞յք են» հոդվածը:
Հոդվածում հեղինակը անդրադառնում է Թուրքիայում բնակվող հայ կանանց սպանության և բռնության դեպքերին և նշում, որ միային վերջին 1 ամսվա ընթացքում հայաշատ Սամաթիա թաղամասում բռնության զոհ է դարձել 3 հայ կին:
Նշվում է, թե ինչպես բոլորովին վերջերս սեփական բնակարանում դաժանորեն սպանվել էր 84-ամյա հայուհի Մարիթսա Քյուչուքը: Կնոջ մարմնի վրա հայտնաբերվել էր դանակի 8 հարված: Մարիթսա Քյուչյուքի թաղմանը մասնակցել է նաև Ռաքել Դինքը: Երբ վերջինիս հարցրել են, թե ճանաչե°լ է արդյոք Քյուչյուքին, նա ասել է. «Ոչ , ես իմ բողոքն արտահայտելու համար եմ եկել»:
Գյոզօղլուն ընդգծում է, որ Քյուչուքի սպանությունը միակը չէ: Անցած տարվա դեկտեմբեր ամսին կրկին Սամաթիայում 87-ամյա մեկ այլ հայ կին էր դաժան ծեծի ենթարվել և կորցրել տեսողությունը: Իսկ Սուրբ Ծննդյան օրը` հունվարի 6-ին, անհայտ անձինք փորձել էին առևանգել մեկ այլ տարեց հայուհու:
Հեղինակը նշում է, որ վերջին ամիսների նշյալ դեպքերից հետո, Սամաթիայում միայնակ հայ կանայք ապրում էն սարսափի մթնոլորտում և ավելացնում. «Այս անհանգստությունը սկսվել է 1915 թվականից և շարունակվում է առ այսօր: Ցեղասպանությունից հետո գոյություն ունեցող 200 հազարանոց հայ բնակչությունն այսօր նվազել է մինչև 40-50 հազարի: Հասկանալի է, որ այս հանցագործությունները կատարվում են ատելության հողի վրա և հետևանք են պետության վարած շովինիստական քաղաքականության և հայերի, քրդերի ու հույների դեմ ուղղված ռասիստական դրսևորումների»:
Դեկտեմբերի վերջին Թուրքիայում 85-ամյա հայուհու դաժան սպանությանը անդրդարձ է կատարել նաեւ «Ակօս» շաբաթաթերթի խմբագիր Ռոբեր Քոփթաշին, նշելով, որ Թուրքիայի հայ համայնքը մտահոգ է, քանի որ դեպքի մանրամասները չներկայացվեցին, և համապատասխան մարմինները չարձագանքեցին։
«Մարիցա Քյուչուքի սպանությունը, առաջին հայացքից, Թուրքիայում գուցե և ամեն օր տեղի ունեցող դեպքերից մեկն էր՝ մտել են կնոջ տուն, կտրել վիզը, գողացել որոշ զարդեր։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Ընտանիքը ցավի մեջ է։ Այսքանը դարձել էր լուր, լրագրողները փակել էին թեման, իսկ պաշտոնյաները շարունակում են լռել»,-գրում է Քոփթաշը։
Խմբագիրը, սակայն, հիշեցնում է, որ այս սպանությունը Ստամբուլի Սամաթյա թաղամասում մեկ ամսվա ընթացքում հայ կնոջն ուղղված երկրորդ հարձակումն էր, և դա իմացող «մի բուռ մարդկանց» համար Մարիցա Քյուչուքի սպանությունը շատ ավելի անհանգստացնող կերպարանք է ստանում։ Այս երկու դեպքերի միջև որևէ հնարավոր կապի առկայությունը, մեղմ ասած, երկյուղալի է։
Դարձյալ Սամաթյա թաղամասում, դարձյալ դեկտեմբերին, ճիշտ Մարիցա Քյուչուքի պես միայնակ բնակվող 87-ամյա մեկ այլ կին էր հարձակման ենթարկվել։ Տուն մտնելու ընթացքում բռնության ենթարկված կնոջ զարդերը գողացել էին, իսկ հարձակման հետևանքով նրա աչքերից մեկը կուրացել էր, կինը որոշ ժամանակ վերակենդանացման բաժանմունքում անցկացնելուց հետո դուրս էր գրվել։
«Մարիցա Քյուչուքի սպանությունը Ստամբուլում բնակվող հայերին անմիջապես այս դեպքը հիշեցրեց։ Նույն ամսվա ընթացքում, նույն թաղամասում երկու հայ կին նույն ձևով հարձակման են ենթարկվում, նրանցից մեկը մահանում է, իսկ երկրորդը կորցնում է աչքը։ Դրանից բացի՝ տեղեկություն տարածվեց, որ Մարիցա Քյուչուքը մերկ է եղել, ավելին՝ նրա որդին՝ Զատիկ Քյուչուքը, ով հայտնաբերել էր սպանված մոր դին, պատմել էր, որ մոր մարմնին դանակով խաչ է արվել։
Զատիկ Քյուչուքն ավելի ուշ «Ակօս»-ին ասել է, որ գուցե պատկերը խաչ չէր, սակայն խոսքն արդեն մեկ անգամ ասվել էր»,-գրում է պարբերականի խմբագիրը։
Միջադեպը Ստամբուլում բնակվող շուրջ 50.000 հայերի մտքում պատկերում է դանակահարված, մարմնի վրա դանակով խաչ գծված, սպանված և մերկ մի կնոջ պատկեր, և կասկած է առաջանում՝ արդյոք կինը հայկական ինքնության պատճառով չի՞ սպանվել։
Ռոբեր Քոփթաշը մի քանի հարցեր է նշել, որոնց պատասխաններն ակնկալում են ստանալ պոլսահայերը.
•Ճի՞շտ է, որ Մարիցա Քյուչուքի մարմնին խաչ է պատկերվել։
•Նույն ընթացքում Սամաթյայում երկու հայ կանանց դեմ հարձակումն արդյոք պատահականությո՞ւն է։
•Երկու դեպքերի ընթացքում էլ եթե սոսկ գողություն է, ինչո՞ւ է այն այսքան բռնությամբ ուղեկցվել։
•Գողության մասին պնդումը ճի՞շտ է։ Երկու կանանց վրայից զարդեր են գողացել, սակայն արդյոք նրանց տներից որևէ բան գողացվե՞լ է, թե գողությունն ընդամենը քողարկելու համար է եղել։
•Ոստիկանությունը Քյուչուքի ընտանիքին ասել է, որ դեպքը «սիրողական մակարդակով» է արվել և ձերբակալությունը րոպեների հարց է։ Սա արդյոք ճի՞շտ մոտեցում է։
Վերջին հարցի կապակցությամբ Քոփթաշը գրում է. «Դա հիշեցնում է Ստամբուլի ոստիկանության պետ Ջելալեթթին Ջերրահի խոսքերը՝ Հրանտ Դինքի սպանությունից անմիջապես հետո։ «Հանցագործ խմբավորման հետ կապ չունի։ Ազգայնական հողի վրա իրականացված սպանություն է»,-ասել էր ոստիկանապետը։ Այդ հայտարարությունից հետո հետաքննությունն առողջ չեղավ, և, ի վերջո, անգամ դատավճիռն արձակող դատավորի խիղճը հանգիստ չէր, և դա բոլորս տեսանք»։
Նա հիշեցրել է, որ Ստամբուլի ոստիկանությունը նման մի հայտարարություն էլ արել էր 2011թ.-ին։ Տաքսիստի կողմից ծեծի ենթարկված հայ կինը ոստիկանություն էր դիմել, ոստիկանները հայտարարել էին, որ տաքսիստի ձերբակալությունը րոպեների հարց է, սակայն անցել է 15 ամիս, և նա դեռ չի ձերբակալվել։
«Գուցե զուր ենք անհանգստանում։ Գուցե այս երկու դեպքերին առնչվող բոլոր կասկածներն անտեղի են։ Գուցե իրոք երկու կանայք նման բազմաթիվ հարձակումներից մեկին են զոհ գնացել։ Սակայն օրերն անցնում են, և որևէ պաշտոնյա մեկնաբանություն չի անում, ընդհակառակը, բոլորը լռում են և նախընտրում ձևացնել, որ նման դեպք ընդհանրապես չի եղել, ինչը Թուրքիայում ապրող հայերի անհանգստությունն ավելի է մեծացնում»,-գրում է Քոփթաշը։
Աղբյուրը՝
Panorama.am
Թերթ.ամ
Դիտումների քանակը` 5821