Թունավորում Բաղրամյան գյուղի դպրոցում / լրացված

   Դպրոցական սնունդի անվտանգության վերաբերյալ կասկածներ հայտնող՝      « Ինչ են ուտում  հայաստանցի դպրոցականները»  մեր   հրապարակումից  ընդամենը մի քանի օր անց, ցավոք, մասայական թունավորման  դեպք է գրանցվել  Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցում:

 

Այսօր Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը հաղորդագրություն տարածեց, որի համաձայն  Արարատի մարզի Բաղրամյան գյուղի դպրոցի 5-րդ դասարանի 20 երեխա թունավորման նախանշաններով տեղափոխվել է Արտաշատի ԲԿ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ հիվանդանոց է տեղափոխվել 37 երեխա:

 

WomenNet.am-ի հետ զրույցում Բաղրամյանի գյուղապետ  Սոսիկ Բենյամինյանը տեղեկացրեց, որ  աշակերտները դպրոցի բուֆետից նրբերշիկով կարկանդակ են գնել ու կերել: Նախնական տվյալներով, դա է եղել թունավորման պատճառը:

 

Ավելի ուշ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տարածեց հաղորդագրություն, ըստ որի. «ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչներն անմիջապես այցելել են դպրոց, այժմ լաբորատոր հետազոտության նպատակով նմուշառում են կատարում դպրոցի սննդի կետում առկա բոլոր ուտեստներից, ինչպես նաև լվացուկներ՝ սննդամթերքի հետ շփվող մակերեսներից: Այս մասին հայտնում են ծառայությունից:

 

ՍԱՊԾ մասնագետներն այցելել են նաև Արտաշատի բժշկական կենտրոն՝ տեղում տեղեկություններ ստանալու համար թունավորում առաջացրած հնարավոր սննդամթերքի վերաբերյալ:  Հանձնարարվել է ժամանակավորապես դադարեցնել դպրոցի սննդի կետի գործունեությունը՝ մինչև չպարզվի թունավորման պատճառը և չվերացվեն բոլոր խախտումները: ՍԱՊԾ-ն մանրամասն տեղեկություններ կհայտնի ավելի ուշ»:

 

WomenNet.am-ի հետ զրույցում, ոչ գյուղապետը, ոչ ՍԱՊԾ մամուլի խոսնակը չկարողացան հայտնել այն ընկերության անունը, որը սնունդ է մատակարարել տվյալ դպրոցին: Հետևաբար այս պահին հստակ էլ չէ, թե նույն սնունդը էլ ո՞ր դպրոցներում կարող է հայտնվել: ՍԱՊԾ-ից հայտնեցին, որ տեսուչները դպրոցում են, կպարզեն նաև մատկարարին:

 

Դպրոցի տնօրեն Ռուզան Թադևոսյանը հայտնեց, որ 15 տարուց ավելի դպրոցին սնունդ մատակարարում է «Սարգսյան Գոհար» անհատ ձեռներեցը: Մթերքը ստացել են այսօր առավոտյան, սառնարան չեն դրել, քանի որ մի քանի ժամ անց վաճառվել է:

 

«Սառնարան ունենք: Ամեն օր րեխաները օգտվել են նրա բերած մթերքից:  4-5 երեխա էր վատացել, շտապ օգնություն կանչեցինք,  բժիշկն ասաց, ով կերել է, բոլորին պիտի տանենք հիվանդանոց»,-ասաց տնօրենը:

 

Նրա ներկայացմամբ, երեխաների մոտ փսխում, փորլուծություն չի եղել, սրտխառնոց են զգացել ու 37.1 ջերմություն են ունեցել:«Տարբեր բաներ են կերել՝ մեկը կեքս է կերել, մեկը գաթա, մեկը՝ հոթ դոգ: Ես անմիջապես զանգել եմ, եկել են անալիզներ են վերցրել: Իրավիճակն այնքան բարդ չէ, ինչպես ներկայացվում է»,-ասաց Ռ. Թադևոսյանը:

 

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ն ուսումնական տարվա մեկնարկի առաջին օրերին երևանյան մի քանի դպրոցներում այցեր է կատարել: ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ մամուլի միջոցով ահազանգել է, որ դպրոցներում սնունդի հետ կապված երեք հիմանակն խնդիր կա՝ արգելված սնունդ են վաճառում, սանիտարահիգիենիկ պայմանները, ինչպես նաև սնունդի պահպանման պայմանները: Ահազանգից հետո համապատասխան մարմինները հետևողական չեն եղել, խնդիրների վերացման ուղղությամբ աշխատանք չեն իրականացրել, ինչն էլ հանգեցնում է նման դեպքերի:

 

Ինչ վերաբերում է մատակարող ընկերության անունը չիմանալուն, ապա Պիպոյանը դա «անլուրջ» աշխատանքի հետևանք է համարում: Հիշեցնում է, որ երևանյան մի քանի մանկապարտեզնում գրանցված միջադեպերից հետո Երևանի քաղաքապետարանը մանկապարտեզներին սնունդ մատակարարող ընկերությունների բազա է մշակել, իսկ ՍԱՊԾ-ն պետք է ուղղակի այդ փորձը կիրառեր մարզերի ուսումնական ու նախակրթական հաստատություններին սնունդ մատակարարող ընկերությունների վրա:

 

«Պատկան մարմիններն անլուրջ են վերաբերվում իրենց աշխատանքին՝ չհասկանալով, որ գործ ունեն մարդկանց կյանքի և առողջության հետ»,-ասաց Պիպոյանը:

 

Արարատի մարզպետարանի առողջապահական վարչության, ինչպես նաև Արտաշատի ԲԿ-ի քաղաքային հեռախոսահամարներին ուղղված զանգերն անպատասխան մնացին: Shamshyan.com-ի հաղորդմամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ մարզի բոլոր դպրոցներում այս պահին ստուգումներ են սկսվել:

 

Նշենք, որ  «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» վերաբերյալ առողջապահության նախարարի ստորագրած կանոնակարգով  սննդային գործոնով պայմանավորված զանգվածային վարակիչ հիվանդությունների և սննդային թունավորումների առաջացման ու տարածման, ինչպես նաև զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման նպատակով` ելնելով առողջ և ռացիոնալ սննդի սկզբունքից՝ ուսումնական հաստատություններում չի օգտագործվում ստորև նշված սննդամթերքը և չեն պատրաստվում նշված ճաշատեսակներն ու խոհարարական կերակրատեսակները`

 

1) ձու` անլվա կճեպով,

2) ջրլող թռչունների (բադի, սագի և այլն) միս, ձու,

3) բորբոսի և փչացման հատկանիշներով բանջարեղեն ու միրգ, կանաչած կարտոֆիլ,

4) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված պահածոներ,

5) նախորդ օրվա պատրաստած կերակրատեսակներ կամ օգտագործած կերակրատեսակների մնացորդներ,

6) կրեմային հրուշակեղեն` տորթեր, հրուշակներ և այլն,

7) դոնդողածածկ ճաշատեսակներ (մսի և ձկան), խաշ, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված մսատրորվածքներ (պաշտետներ),

8) ֆլյագայով կաթ՝ առանց ջերմային մշակման (եռացման),

9) տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաթթվային մթերք, թթված կաթ, այդ թվում նաև՝ կաթնաշոռի պատրաստման համար,

10) կաթնաշոռ` չպաստերիզացված կաթից, տնային պայմաններում և ուսումնական հաստատության խոհանոցում պատրաստված կաթնաշոռ,

11) մակարոն՝ աղացած մսով (ֆարշով)` «նավատորմային» և մակարոն կտրատած ձվով` առանց կրկնակի թերմիկ մշակման,

12) աչքով-ձվածեղ, թերխաշ և հում ձու,

13) սունկ և դրանից պատրաստված կերակրատեսակներ, սնկի արգանակ,

14) տարբեր սննդային խտանյութեր, այդ թվում՝ արգանակներ, և դրանց հիմքի վրա պատրաստված կերակրատեսակներ,

15) հում ապխտած մսից պատրաստված ուտեստներ (բաստուրմա, սուջուխ և նմանատիպ այլ արտադրանք),

16) արյունային, լիվերային, ապխտած, կիսաապխտած, հում ապխտած երշիկեղեն,

17) տապակած կերակրատեսակներ, այդ թվում՝ ֆրիտյուրի մեջ (ճարպով, յուղով)` կարկանդակներ, փքաբլիթներ, կարտոֆիլ, մսով կամ կաթնաշոռով պատրաստված բարակաբլիթներ (բլինչիկներ), չիպս և այլն,

18) մարգարին, խոհարարական և տրանսճարպեր,

19) քացախ, մանանեխ, ծովաբողկ գյուղական (սովորական), կծու պղպեղ (կարմիր, սև) և այլ կծու համեմունքներ,

20) կծու սոուսներ, կետչուպներ, մայոնեզ,

21) սուրճ բնական, ինչպես նաև կոֆեին պարունակող ըմպելիքներ, էներգետիկ ըմպելիքներ, ալկոհոլային խմիչքներ, այլ խթանիչներ,

22) օրգանիզմի տոնուսը բարձրացնող և հյուսվածքների աճի վրա ազդող կենսաբանական ակտիվ հավելումներ (ԿԱՀ), նաև դրանց օգտագործմամբ արտադրանք և հյութեր,

23) գազավորված ըմպելիքներ,

24) պիստակ, նուշ, գետնանուշ, ծիրանի կորիզի միջուկ, և այլն,

25) շաքարների և աղի բարձր պարունակությամբ սննդամթերք, առանց մրգային միջուկի կարամել,

26) բուսական ճարպերի հիմքով պատրաստված կաթնամթերք,

27) պաղպաղակ:

 

Հ. Կարապետյան

 

Հ.Գ. Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել դեպքի առնչությամբ.Ըստ հաղորդագրության,  ներկայումս 45 հիվանդից 43-ը հոսպիտալացված է, 2-ն ամբուլատոր բուժում է ստանում: Բոլոր երեխաները դպրոցահասակ են, տարբեր դասարաններից։ Նշում են, որ կերել են դպրոցի բուֆետից գնված նրբերշիկով հոթ-դոգ։ Մի քանիսը նաև տեղեկացնում են, որ վերջինս եղել է քաղցրահամ: Բոլոր երեխաներն ունեցել են սրտխառնոց, գլխապտույտ, դող, ընդհանուր թուլություն, փորացավ: Երեխաների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության։  Բոլորն էլ հոսպիտալացված են «Արտաշատի ԲԿ»-ում և ստանում են համապատասխան բուժում:

Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ հոթ-դոգերը արտադրվել են Բաղրամյան գյուղում գտնվող մեկ արտադրամասում, որի արտադրանքը մատակարարվել մարզի ևս 13 բնակավայրերի դպրոցների: Դպրոցների տնօրեններին և արտադրամասի պատասխանատուներին հրահանգվել է մատակարարված արտադրանքը չիրացնել և վերադարձնել: ՀՀ առողջապահությ ան նախարարության մասնագետներն ահազանգն ստանալուն պես նշված գյուղերում կազմակերպել են բակային համայցեր գանգատներ ունեցող հնարավոր հիվանդներին հայտնաբերելու համար:

Աշխատանքները շարունակվում են:

 

 

 

Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.

 

 

Թունավորում Բաղրամյան գյուղի դպրոցում. մատակարար ընկերությունն առայժմ անհայտ է

Ի՞նչ են ուտում հայաստանցի դպրոցականները

«Երեխաներիս առողջ ու լիարժեք սննդով ապահովելն այսօր ինձ համար խնդիր է»…

Արմավիրում երեխաների թունավորման դեպքեր . Ի՞նչ է պարզել նախաքննությունը

Հեղինե Բիշարյան. «Բա ես չիմանա՞մ՝ ինչ եմ ուտում, էս ո՞ր դարն է»

500 հազար դրամ տուգանք` մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակած հավեր մատակարարողին

Առողջ սնվելու օր. հիվանդությունների 90 տոկոսը ոչ ճիշտ սնվելու արդյունք է

«Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Հայաստանում թերաճ է»

Հայաստանի բնակչության 60 տոկոսը ստանում է օրական 2100 կալ ցածր սնունդ

Ինչպե՞ս բացառել մանկապարտեզներում երեխաների թունավորման դեպքերը

 

Դիտումների քանակը` 5099

Գլխավոր էջ