Թե ինչպես մի կին դարձավ մի ամբողջ համակարգի պատասխանատու

Երեւանում տեղի ունեցող աննախադեպ իրադարձությունների ֆոնին առավել ակնառու դարձավ հասարակության գգալի մասի  մոտ կանանց նկատմամբ խտրական վերաբերմունքի առկայությունը:

 

Կին ոստիկաններից մեկը, ում գործողությունները ըստ էության ոչնչով չէին տարբերվում իր տղամարդ գործընկերների արարքներից, դարձավ քավության նոխազ եւ մի ամբողջ համակարգի  նկատմամբ կուտակված ատելության հասցեատերը: Հանրային ծայրաստիճան պարսավանքն այնքան ընդլայնվեց, որ նույնիսկ ՊՊԾ գունդը գրավելուց հետո ընդհատակ անցած  Հիմնադիր Խորհրդարանի  անդամներից մեկը  չզլացավ եւ սեքսիստական գրառում արեց կին ոստիկանի վերաբերյալ:

 

Մինչդեռ  վերոնշյալ ոստիկանը արժանի էր  քննադատության ճիշտ այնքան, որքան եւ իր տղամարդ գործընկերները, որոնք բռնություն են գործադրում քաղաքացիների նկատմամբ: Սակայն տղամարդ  ոստիկանների դեպքում հանրությունը նրանց անցյալը չի փորփրում, լուսանկարները չի տարածում՝ սեքսիստական գռեհիկ գրառումներ անելու նպատակով:  Արդյունքում ստացվեց, որ կարեւորը ոչ թե բռնության փաստն է,   այլ  բռնություն  գործադրողի  սեռն ու արտաքին տեսքը, նրա անցյալի մանրամասները…

Նշենք, որ կին ոստիկանի հանդեպ քննադատությունն  առավել սրվեց, երբ համացանցում տեղեկատվություն շրջանառվեց այն մասին, որ ներկայիս ոստիկանը նախկինում գիշերային ակումբում պարուհի է աշխատել: Սա, ինչպես ասում են, յուղ լցրեց  կրակի վրա, եւ ընդլայնեց վերջինիս քննադատողների սեռական երեւակայությունը: Նրա նկարներով տարատեսակ կոլաժներ պատրաստվեցին եւ լայնորեն տարածվեցին սոցիալական ցանցերում:  Լրատվամիջոցներն էլ  սկսեցին ցիտել ֆեյսբուքյան գրառումները՝ լի սեքսիզմով եւ ագրեսիայով:  Գործը հասավ նույնիսկ  հատուկ  ասուլիսների  հրավիրմանը  նրա անձնական կյանքից   ինչ-որ   բացահայտումներ ներկայացնելու  նպատակով:

 

Զարմանալիորեն, այդ կնոջն այցյալը դարձավ առավել կարեւոր եւ հնչեղ թեմա, քան երկրում ստեղծված ճգնաժամը, վերակենդանացման բաժնում  գտնվող Սասնա Ծռերի անդամները  եւ ոստիկանական բաժանմունքներ տարված  քաղաքացիները:

 

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ լարված քաղաքական իրավիճակում  հասարակությունը թիրախավորում է կնոջը: Պատրիարքալ հասարակությունը  անմիջապես  լայնածավալ գրոհ է սկսում  իր պատկերացումներում չտեղավորվող  ցանկացած  կնոջ   դեմ:   Հիշենք, թե ինչպիսի հարձակում  տեղի ունեցավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրողներին սենդվիչներ առաջարկող աղջկա վրա: Ի դեպ, հասարակությունը խտրական վերաբերմունք է դրսեւորում ոչ միայն  իշխանության թիմում հանդես եկող, այլեւ փողոցում ժողովրդի կողքին պայքարող աղջիկների նկատմամբ:  ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդող հավաքներին ակտիվություն ցուցաբերած Անի  Նավասարդյանը եւս իր մաշկի վրա զգաց պատրիարքալ հասարակության անհանդուրժողականությունն  իր նկատմամբ:

 

Կանանց նկատմամբ սեքսիզմի ալիքի ուժգնացումը եւս մեկ անգամ վկայում է, որ հայաստանյան հասարակությունում դեռեւս առկա է կանանց ու տղամարդկանց  նկատմամբ տարբերակված մոտեցում:   Կանանց առավել խիստ են դատում եւ առավել հաճախ են թիրախավորում՝ այսպիսով լուրջ խոչընդոտներ ստեղծելով նրանց համար հանրային կյանքում ինքնադրսեւորվելու:

 

Արման  Ղարիբյան

 

P.S.  Նշենք, որ ի պատասխան  լրատվամիջոցների հարցադրմանը,   թե արդյո՞ք ծառայողական քննություն չպետք է անցկացվի «Հրեշտակների» գնդի կին ոստիկանի նկատմամբ, որը, համացանցում տարածված տեսանյութի համաձայն, ոլորում է տարեց կնոջ ձեռքերը, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվական ծառայությունից  հայտնեցին, որ  ցանկացած հրապարակում ուսումնասիրվում է…

 

 

Դիտումների քանակը` 3877

Գլխավոր էջ