Թեհմինա Վարդանյան. «Ուզում եմ տեսնել քաղաքն առողջ, անհոգ ու ժպտացող»
Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի ցուցակով առաջադրված Թեհմինա Վարդանյանը մասնագիտությամբ միջազգային լրագրող է , ունի նաեւ սոցիոլոգիայի եւ բիզնեսի կառավարման ոլորտներում աշխատելու որոշակի փորձ: Ընտրություններում առաջադրվելու որոշումը կայացրել է ընդդիմադիր դաշտում երկար տարիներ ակտիվ մասնակցությունից հետեւանքով:
– Ո՞րն է Ձեր ու Ձեր թիմի հիմնական ասելիքը երևանցիներին, ինչո՞ւ երևանցին պետք է Ձեզ ընտրի:
– Այսօր Երևանը գտնվում է կարելի է ասել ճգնաժամային իրավիճակում: Ոչինչ իր տեղում չէ, ոչ ոք իր տեղում չէ: Ամենևին պետք չէ քաղաքականությամբ զբաղվել` դա տեսնելու ու արձանագրելու համար: Այսօր մենք կայուն այլընտրանք ենք, մեր պրոֆեսիոնալ և գրագետ թիմով կարող ենք քաղաքը դուրս բերել ստեղծված իրավիճակից: Մենք առաջարկում ենք մեր իրատեսական ծրագիրը, որը լուծելու է հասարակության բոլոր շերտերին վերաբերող խնդիրներ:
– Ինչպե՞ս եք գնահատում գործող ավագանու աշխատանքը, ձեռքբերումներ տեսնու՞մ եք …
– Գիտեք, երեխան, երբ ծնվում է, նորածին չի մնում, օր օրի մեծանում է: Նույնն էլ քաղաքն է: Վերջին տարիների ընթացքում ավելացել են խաղահրապարակներ, վերանորոգվել որոշ բակեր, կառուցվել նոր բազմաֆունկցիոնալ սպորտային համալիրներ, այն էլ մասնավոր ներդնողների կողմից, նոր շինություններ , ի դեպ, զգալի մասը ապօրինի… Մոտավոր կազմակերպվել է աղբահանություն, շեշտում եմ՝ մոտավոր, ավելացվել է թվով 36 լուսացուցային օբյեկտ, կառուցվել 8 վերգետնյա անցում… Բայց, հավատացեք, դրանով ամենևին չի բարձրացել երևանցու կյանքի որակը: Մնացել են հզարավոր խնդիրներ, որոնց վրա քաղաքապետարանը ուղղակիորեն աչք է փակում: Քարոզարշավի ընթացքում բակ առ բակ շրջելով համոզվում ենք, որ չկա ոլորտ, որում ներկայիս քաղաքային իշխանությունը թերացած չլինի և լուրջ բացթողումներ չունենա: Կարծում ենք, գործող քաղաքապետը օգտագործել է իր՝ ի պաշտոնե եկող ներուժի ոչ ավելի քան 5 %-ը:
– Երևանի ավագանու ընտրություններն ըստ Ձեզ քաղաքակա՞ն են:
– Այո, այս ընտրությունները համարում եմ շատ կարևոր և քաղաքական ընտրություն: Ընտրական իրավունքը դա քաղաքական իրավունք է, իսկ քաղաքական իրավունքի գործընթացը չի կարող չլինել քաղաքական:
– Երևանի քաղաքապետի պաշտոնին առաջին անգամ կին թեկնածու է հավակնում: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը:
– «Եթե կինն իրավունք ունի բարձրանալ կառամատույց, նա պետք է իրավունք ունենա նաև բարձրանալ հարթակ». 1971 թվականին ֆրանսիական հեղափոխության ժամանակ ասել է Օլիմպիա դե Գուժը, ում դա կյանք է արժեցել: Ամբողջովին կիսում եմ համարձակ կնոջ կարծիքը: Ժամանակի ընթացքում կանանց քաղաքական մասնակցությունն առաջընթաց է ապրել: Կոտրվել են կարծրատիպերը: Ոչ մի խնդիր չեմ տեսնում, որ տիկին Փոստանջյանն ուզում է իրեն փորձել նաև որպես ավագանի կամ քաղաքապետի թեկնածու:
– Որքանո՞վ է մեր երկրում օգտագործվում կանանց ռեսուրսը և ինչո՞վ է կարևոր կանանց դերը քաղաքականության մեջ:
– Փաստացի, կինը քաղաքական դաշտում գնալով ավելի է ամրապնդում իր դիրքերը: Գովելի է, որ վերջին տարիներին հայաստանյան իրականության մեջ նույնպես ի հայտ են գալիս նաև կին քաղաքական գործիչներ: Պատմական կանայք ապացուցել են՝ այսպես կոչված «թույլ սեռը» ունակ է իր վրա վերցնել խնդիրներ և բարդություններ, որոնք սովորաբար տղամարդու առավելություններ են համարվում: Կինն ունի սեփական սոցիալական հետաքրքրություններ, ավելի էֆեկտիվ և նպատակադրված է աշխատում և հետևողական հասնում շոշափելի արդյունքի: Հայ կինը միշտ աչքի է ընկնում արժանապատվությամբ և ինտելեկտով: Կարծում եմ, վերը նշված փաստարկները բավարար են, որ Հայաստանում կարևորվի և խրախուսվի կնոջ քաղաքական դաշտում գործելու մշակույթը:
– Վաղվա Երևանի Ձեր տեսլականը:
-Երևանն այս պահին ինձ հիշեցնում է քաղցկեղով հիվանդի, ում ողջ մարմինը լի է մետաստազներով, բայց դեմքին շպար է արված: Ես ուզում եմ տեսնել քաղաքն առողջ, անհոգ ու ժպտացող: Երևանն իմ ծննդավայրն է, իմ քաղաքը, ջերմության իմ կենտրոնն է աշխարհում: Եվ, հավատացեք, մեր թիմը ջանք ու եռանդ չի խնայելու, որպեսզի վերականգնի Երևանի անհոգ կյանքն ու ժպիտը…
Գայանե Սարգսյան
Դիտումների քանակը` 5212