Թեժ քննարկում ԱԺ-ում. «Շնչող» թե՞ «շնչահեղձ» արված օրինագիծ
Չենք սխալվի, եթե նկատենք, որ մեխանիզմների բացակայության մասին մտահոգությունը այն «հերթապահ» նկատողությունների թվից է, որ հնչեցվում են Ազգային ժողովում քննարկվող գրեթե բոլոր օրենքների վերաբերյալ: Շատ դեպքերում այն հիշատակում են, երբ տվյալ օրինագծի վերաբերյալ ավելի կոնկրետ ասելիք չի լինում, սակայն առկա է ելույթ ունենալու ցանկությունը: Գոյություն ունի նաև նման դեպքերի համար նախատեսված հերթապահ պատասխան, այն է՝ օրենքը շնչող օրգանիզմ է, ընդունենք, իրագործման ընթացքում պարզ կառնա ինչու չի աշխատում՝ փոփոխություններ կանենք:
Թեև «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքի նախագծի շուրջ քննարկումը նույնպես ընթացավ այդ «հերթապահ» ճանապարհով, այնուամենայնիվ մեխանիզմների բացակայության մասին դիտարկումը որոշակի հիմքեր ուներ:
«Կառավարությունը սկզբնական տարբերակը «բլբլահան» է արել », « «անատամ» մի նախագիծ է ներկայացրել, որը ավելի շատ դեկլարատիվ բնույթ է կրում, քան ունակ է գենդերային հավասարության խնդիրներ լուծել», – այս մտահոգությունները լսումների ընթացքում հնչեցվեցին տարբեր բանախոսների կողմից:
Թեմայի շուրջ հիմնական զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը փորձ արեց ապացուցելու, որ կառավարությունը ընդամենը խմբագրական աշխատանք է տարել՝ հստակեցնելով որոշակի դրույթները, սակայն նրա դիտարկումները շատերին ոչ այնքան համոզիչ թվացին: Հարցի շուրջ թեժ քննարկում ծավալվեց:
Ջեմմա Հասրաթյան. «Քաղաքական կամքը առկա է, մնում են մեխանիզմները»
Հիշեցնենք, որ օրենքի վրա սկզբնական փուլում աշխատող փորձագիտական խմբում ընդգրկվել էին ԱԺ պատգամավորներ, ԱԺ և Արդարադատության նախարարության իրավաբան- մասնագետներ և ՀԿ սեկտորից գենդերային քաղաքականության գծով փորձագետներ: Խմբի ղեկավարն էր՝ Համալսարանական կրթությամբ կանանց ասոցացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը: Աշխատանքային խմբի այս կազմը հնաավորություն տվեց լսումների ժամանակ հայտարարել, որ օրինագիծը ՝ կոնսենսուսի արդյունք է:
Կանանց կազմարկերպությունների ներկայացուցիչները այս փաստը թեև չեն ժխտում, համարելով, որ խորհրդարան վերջապես հասած այս նախագիծը նրանց երկար տարիների ջանքերի արդյունք է, բայց միաժամանակ վերապահումներ ունեն կառավարության կողմից խմբագրված օրինակի հանդեպ: Այսինքն, կոնսենսուսը առկա է գաղափարի շուրջ և ոչ թե օրինագծի ներկայիս տեքստի, որից խմբագրման ընթացքում առնվազն երկու գլուխ հանվել է, ընդ որում, հատկապես այդտեղ են շարադրված եղել մեխանիզմները և գենդերային անհավասակշռությունը հաղթահարող ժամանակավոր միջոցները:
«Ինձ համար ցավալի է, որ քննադատական խոսք հնչեց օրինագծի գործիքակազմի վերաբերյալ, – ասաց զեկուցող Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանը՝ նշելով, որ հենց մեխանիզմների ներդրումն էր այն հիմնական սկզբունքը, որով առաջնորդվել է օրինագծի վրա աշխատող խումբը: Հիմնվելով մի շարք երկրների փորձի վրա՝ դա իրենց կարծես թե հաջողվել էր: Սակայն կառավարության կողմից ներկայացված տարբերակում հատկապես մեխանիզմների հետ կապված կոնկրետ մոտեցումները բացակայում են:
«Մեր դիտարկմամբ՝ նախնական տեքստից հանվել են որոշ սկզբունքային մոտեցումներ: Մենք կփորձենք նորից ներկայացնել դրանք, այս անգամ առաջարկների ձևով և հույս ունենք, որ Ազգային ժողովը կքննարկի և կվերականգնի այդ դրույթները», – ասաց Ջեմմա Հասրաթյանը, ընդգծելով, որ քաղաքական կամքը օրինագծի շուրջ անշուշտ առկա է, մնում են մեխանիզմները:
Նրա խոսքով, գենդերային համամասնության ապահովման տեսանկյունից միջազգային պրակտիկան, որը մանրամասնորեն ուսումնասիրվել է օրինագծի մշակման ընթացքում, հետաքրքիր տարբերակներ է հուշում: Առավել արդյունավետ միջոց է հանդիսանում քվոտաների սահմանումը ընտրովի մարմիններում, ինչն ապահովում է կանանց և տղամարդկանց հավասար ներկայացվածությունը:
«Այսօր պայքարում ենք, որ խորհրդարանում գենդերային համամասնությունը 30/70-ի հասցվի, այնինչ Եվրոպայի խորհուրդը վաղուց արդեն առաջարկել է անդամ-պետություններին, որ այդ հարաբերակցությունը 40/60 դարձնեն: Կանայք Ազգային Ժողովի պատգամավորների միայն 8,3 տոկոսն են կազմում: Ինչպե՞ս ենք պատրաստվում ժողովրդավարություն կառուցել, եթե քաղաքացիների ավելի քան կեսի ձայնը լսելի չէ: Անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում ոչ մի կին քաղաքապետ չենք ունեցել, այսօր էլ միայն 1 կին քաղաքապետի տեղակալ ունենք: Խոսքն այստեղ բացարձակապես կանանց ունակությունների մասին չէ՝ տղամարդիկ ավանդույթի ուժով այդ պաշտոններին տիրացել են և չեն ցանկանում բաց թողնել: Այս պարագայում՝ կանանց համար հավասար հնարավորություններ ապահովելու միակ գործուն մեխանիզմը ՝ քվոտավորումն է տարբեր բնագավառներում, որը և նախատեսված էր սույն օրենքով», – ասաց Ջեմմա Հասրաթյանը իր ելույթում:
Ֆիլարետ Բերիկյանի հիմնավորմամբ` կառավարությունը, կտրականապես դեմ է ՏԻՄ համակարգում քվոտաների ներդրման առաջարկին, քանի որ այդ դրույթը հակասում է սահմանադրությանը:
«Երբ մենք մտածում ենք, որ գենդերային հավասարության մասին օրենքով ընդհանրապես կարելի է լուծել բոլոր հարցերը. սա ծայրահեղ մոտեցում է: Բայց հստակ է, որ հասարակության զարգացման, ընդհանրապես` կարծրատիպերի դեմ պայքարով կարելի է հասնել արդյունքների ու տվյալ օրենքը շատ ավելի քիչ է, քան առաջարկում է կառավարությունը իր գործունեության տրամաբանությունում»,- հայտարարեց նա, նշելով, որ բոլոր կարգավորումները կարելի է տալ ենթաօրենսդրական ակտերով, քանի որ դրանք սույն օրենքի կարգավորման առարկա չեն:
Հեղինե Բիշարյան . «Ճիշտը առաջ տանելն է»
Օրինագծի համահեղինակ, Օրինաց երկիր խմբակցության ղեկավար՝ Հեղինե Բիշարյանի խոսքով պատահական չէ, որ խոսելով հավասար հնարավորությունների մասին, մենք առաջին հերթին հիշատակում ենք կանանց: Մենք իրականում խնդիրներ ունենք հատկապես նրանց հնարավորությունները ապահովելու հարցում, քանի որ իշխանության բոլոր մակարդակներում պաշտոնները տղամարդկանց են տրվում, իսկ «սևագործ» աշխատանքը՝ կանանց: Մենք խնդիրներ ունենք կրթության բնագավառում, որտեղ միայն կանայք պետք չէ , որ պետք է լինեն, այլ նաև տղամարդիկ: Խնդիրներ կան Ընտրական օրենսգրքի հետ կապված, մասնավորապես` այդ ո՞ր կինն այսօր կհամաձայնի առաջադրվել ու գնալ մեծամասնական ընտրապայքարի, և այլն:
Վերհիշելով դեռևս 2005-ին իր կողմից հեղինակած օրինագիծը, որը այն ժամանակվա Ազգային Ժողովը նույնիսկ քննարկման չարժանացրեց, ավելին, անցյալ գումարման վեց կին պատգամավորներից միայն երեքը այդ նախագծին կողմ հանդես եկան, կարևորեց այն հանգամանքը, որ այսօրվա նախաձեռնությունը հասարակական կազմակերպությունների հետ միասին տարիներ շարունակ տարված պայքարի արդյունք է:
«Ես ինքս այս տարբերակից այդքան էլ գոհ չեմ, բազմաթիվ հոդվածներ, որ առարկայական էին ու մեխանիզմներ էին առաջարկում ներկայիս քննարկվող նախագծից դուրս են մնացել և մենք յոթ տարի սրա համար չէ, որ պայքարել են, այդուհանդերձ համարում եմ, որ ավելի ճիշտ կլինի ոչ թե հրաժարվել նրանից, այլ աջակցել այն լավացնելու համար, առաջ տանել՝ հնարավորինս մոտեցնելով այն տեսքին, որն իսկապես պետք է ունենա նման օրենքը` եթե, իհարկե, ձգտում ենք միջազգային փորձը կիրառելի դարձնել մեր երկրում», -առաջարկեց նա, նշելով, որ «օրենքը շնչող մարմին է» եւ հնարավոր է նույնիսկ ենդունելուց հետո նրան փոփոխությունների ենթարկել:
«Իսկ եթե այն «շնչահեղձ» է արվու՞մ» – լսումների մասնակիցների այս տարակուսանքին պատասխանելով Բիշարյանը եզրափակեց. « Ինչ որ հնարավոր էր արել ենք, եթե կարող եք՝ արեք ավելին, մենք ձեր կողքին ենք»…
Հ.Թ.
Դիտումների քանակը` 4174