Թամար Պողոսյան. «Երևանը դարձնենք համայն հայության երազանքի քաղաք»…

 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին ներկայացրել է բավականին երկարահունչ  մի ցուցակ` 194 անուն, որում, սակայն, թերևս առաջին տասնյակն է ծանոթ հանրությանը: Կանանց ներկայացվածությունը այդ ցուցակում օրենքի պահանջից մի փոքր ավել է՝ 24 տոկոս է,  առաջին տասնյակում  երկու կին է ընդգրված, որոնցից մեկը՝  «Մեկ ազգ, մեկ մշակույթ» հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, մշակույթի նախկին նախարար  Թամար Պողոսյանն է:   Ասում է, որ  «Բարգավաճ Հայաստանը» իր անունը նման պատվաբեր հորիզոնականում է ներկայացրել հաշվի առնելով իր կենսագրությունն ու գործունեության փորձը:

 

–       Աշխատել եմ  և գործադիր, և պետական  այլ կառույցներում  ու կառավարման «խոհանոցին»  քաջ ծանոթ եմ, ունեմ նաեւ հասարակության հետ աշխատելու որոշակի փորձ: Այդ որակներով հանդերձ վստահ եմ, որ  պատրաստ եմ աշխատելու  Երևանի ավագանիում, մյուս կողմից  սա ես համարում կուսակցական հանձնարարություն, որը պետք է պատասխանատվությամբ իրացնեմ,- ասաց նա WomenNet.am-ի  հետ զրույցում :

 

Նա նաև համոզմունք հայտնեց, որ մարդիկ, լինի դա կին, թե տղամարդ, ովքեր կարող են ստանձնել այդ պատասխանատվությունը, ուղղակի իրավունք չունեն հեռու մնալ այդ ամենից, հատկապես,  երբ պետությունը բազմաթիվ չլուծված խնդիրների բեռի տակ է.

 

–         Անձնական բարեկեցությունդ կարող ես երաշխավորել, եթե ընդհանուր առմամբ բարեկեցիկ է հասարակությունը և միջավայրը, եթե տեսնում ես երկրիդ կայուն զարգացումը: Մենք գիտենք, որ բազմաթիվ ոլորտներում ունենք խաթարված իրավիճակներ, և այստեղ է, որ  կինն իր խոսքը պետք է ասի` ոչ միայն բանավոր, այլև իր փորձով ու ունակություններով,-  ասաց  նա, ավելացնելով, որ  Երևանը համայն հայության մայրաքաղաքը լինելով՝  համայն հայության պատասխանատվությունն ու  հոգատարությունը պիտի զգա:

 

–         Երևանը  իրոք  մեր տունն է, այլ  ոչ  թե  շենքերի ու շինությունների ինչ-որ անշունչ համայնապատկեր,  Երևանը կենդանի օրգանիզմ է` այդ շենքերում ապրում են մարդիկ, ընտանիքներ, ՀՀ քաղաքացիներ, ովքեր այս քաղաքում պետք է իրենց զգան հարմարավետ: Նրանց համար Երևանը ոչ միայն պետք է հաճելի լինի, այլև աշխարհի լավագույն քաղաքը դառնա, ուր կցանկանան միշտ վերադառնալ … և այս ամենը ոչ թե հռետորական մոտեցում է, այլ զգացում, որը շատերի մոտ այսօր ուղղակի բացակայում է,- ասում է  մեր զրուցակիցը, անհամաձայնություն հայտնելով այն զգայական մոտեցումների հետ, որ առկա են  քաղաքացիների  մոտ` «Սա ինչ երկիր է` թողնեմ գնամ», «Երկիրը երկիր չի», «Այստեղ ապագա չկա» և այլն:

 

–         Նման դեպքերում  հարց է առաջանում  ՝ իսկ ո՞վ պետք է երկիրը լավը դարձնի, եթե բոլորը երկիրը լքեն այն կամ մտածեն լքելու մասին: Չէ որ յուրաքանչյուր ազգ, յուրաքանչյուր երկրի քաղաքացի ինքն է մտածում իր երկիրը լավը դարձնելու մասին, այնպես դա մեր բոլորիս խնդիրն է` Երևանը դարձնել համայն հայության երազանքի քաղաք: Եվ այս խնդիրը մենք լուծելու ենք,-  շեշտեց նա:

 

 

Անդրադառնալով  մեր խնդրանքով կանանց մասնակցության խնդրին  տիկին Պողոսյանը նշեց, որ  կանանց քաղաքական առաջխաղացման ամենալավ ինստիտուտը համամասնական ցուցակներն են, ուր ունես թիմային աջակցություն: Այս առիթով հետաքրքրվեցինք` արդյո՞ք ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո և ԲՀԿ-ի` անցողիկ շեմը հաղթահարելուց հետո ինքը կվերցնի մանդատը, թե ինչպես դա  հաճախ  լինում է համամասնական ցուցակներում ընդգրկված կանանց  հետ `  փոխարենը  մանդատը  կվերցնեն  տղամարդիկ: Ի պատասխան այս հարցադրմանը  Թ.Պողոսյանը հիշեցրեց, որ համամասնական ցուցակով պայքարը թիմային է և յուրաքանչյուրն ունի որոշակի լիազորություններ այդ պայքարին մասնակցելու և ամբողջ ներուժը ներդնելու համար: Իսկ երբ կուսակցությունն ունենում է որոշակի արդյունք, ապա ունեցած հաջողությունները թիմի որոշմամբ բաշխվում են.

 

–         Այսինքն` ովքեր ստեղծված իրավիճակում լավագույնս կիրացնեն այդ պատասխանատվությունը, որը ստանձնել է կուսակցությունը ժողովրդի առջև, նրանք էլ թիմային որոշմամբ կլինեն էպիկենտրոնում: Այնպես որ այս հարցը միայն նախընտրական ցուցակով չի ավարտվում, այլ անցնում է երկրորդ փուլ ընտրություններից հետո` ինչպիսի՞  հաջողություններ ունեցանք, քարոզարշավի արդյունքում ով ինչ ներդրում ունեցավ, հասարակության կողմից ով ինչ վստահության արժանացավ և այլն… Հենց այստեղ էլ մենք արժևորում ենք քարոզարշավին յուրաքանչյուր թեկնածուի ներկայացման  այնպիսի մակարդակ, որ հասարակությունը լիարժեք  վստահ ասի` սա այն թեկնածուն է, որ իր ներդրումը կունենա ՝ Երևանը արժանապատիվ երևանցու քաղաք դարձնելու գործում: Եվ այս փուլը մենք պետք է անցնենք,- ընդգծեց նա,  ևս մեկ անգամ կրկնելով, որ վերջնական խոսքը թիմինն է և ոչ թե անհատինը, այնպես որ կուսակցության որոշումը իր մասով իր համար կլինի վերջնական` ինչպիսին էլ որ այն լինի:

 

Ի դեպ, նա համամիտ չէ այն կարծիքի հետ, որ Երևանի ավագանիում ԲՀԿ խմբակցությունն անցած տարիներին ակտիվ չի եղել, քանի որ, իր խոսքով, պարտադիր չէ , որ անընդհատ խոսեն, որպեսզի հասարակությունն էլ տեսնի. «Ամենքն իր ունակությունների ու պատասխանատվության ոլորտներում աշխատել է բավականին ակտիվ ու այդպես էլ կլինի նաև հետագայում»:

 

Էնզելա Մակարյան

Դիտումների քանակը` 4475

Գլխավոր էջ