Ընտանիքների միջազգային օր -2015. «Գենդերային հավասարություն եւ երեխաների իրավունքներ»

Մայիսի 15-ին  ողջ աշխարհում նշվում է Ընտանիքների  միջազգային օրը: Այն սահմանվել է 1993թ.-ի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից, իսկ Հայաստանի Հանրապետության տոնացույցում ավելացել է 2011թ.-ի ԱԺ-ի որոշմամբ: Ընտանիքի միջազգային օրը նպատակ ունի սևեռել հասարակության ուշադրությունն ընտանիքի բազմաթիվ խնդիրների վրա:

 

ՄԱԿ-ի կողմից հաստատված  այս տարվա թեման  է `«Տղամարդիկ գլխավո՞ր.  գենդերային հավասարություն եւ երեխաների իրավունքների պաշտպանություն ժամանակակից ընտանիքում»:  Այն, ըստ էության, փաստում է, որ  ժամանակակից ընտանիքի մոդելն ենթադրում է   գենդերային հավասարություն եւ   երեխաների իրավունքների պաշտպանություն:

 

 

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի Բան Կի Մունի   Ընտանիքների օրվա կապակցությամբ  ուղերձում ասված է.

 

 

« …Ողջ աշխարհում ավելի ու ավելի մեծ թվով կանայք ընդունվում են որպես ընտանիքներում հավասար զուգընկերներ և որոշում կայացնողներ, ինչպես և պետք է լինի, ինչն էլ նպաստում է երեխաների ամբողջական և ներդաշնակ զարգացման համար բարենպաստ միջավայր ապահովելուն:

 

 

Սակայն չափազանց շատ երկրներում կանանց նկատմամբ խտրականությունը և երեխաների իրավունքների նկատմամբ անհարգալից վերաբերմունքը շարունակում են ներգծված լինել ընտանեկան օրենքներում և կառավարությունների քաղաքականություններում, իսկ տիրող հասարակական նորմերը հաճախ անտեսում և արդարացնում են բազմաթիվ խտրական գործողություններ:

 

 

Սոցիալական և տնտեսական գինը անդրադառնում է բոլորի վրա: Խտրականությունն ու անտեսումը հաճախ հանգեցնում են բռնության, վտանգում կանանց և երեխաների առողջությունն ու սահմանափակում ամբողջական ուսում ստանալու և ներուժը լիարժեք իրացնելու նրանց հնարավորությունը: Այս շրջապտույտը միտում ունի շարունակվելու նաև հաջորդ սերնդի դեպքում, քանի որ ավելի հավանական է, որ բռնության ենթարկված երեխաները բռնության դիմեն չափահաս տարիքում:

 

 

Սոցիալական և տնտեսական արդարացի զարգացումը կախված է արդար իրավական դաշտից և սոցիալական նորմերից, որոնք աջակցում են կանանց և երեխաների իրավունքներին: Խտրական օրենքներն ու գործելակերպերը, որոնք չեն ապահովում հավասար իրավունքներ բոլորի համար և ոտնահարում  են կանանց ու երեխաների իրավունքները, տեղ չունեն ժամանակակից  ընտանիքներում, համայնքներում, հասարակություններում ու պետություններում:

 

 

Այս միջազգային օրը եկե՛ք կամք հանդես բերենք՝ փոխելու իրավական և սոցիալական նորմերը, որոնք խրախուսում են տղամարդկանց գերիշխանությունը կանանց նկատմամբ, ամրապնդում խտրականությունը և թույլ չեն տալիս վերացնել բռնությունը ընտանիքի խոցելի անդամների հանդեպ: Մինչ ձևավորում ենք կայուն զարգացման նոր օրակարգը և պայքարում հանուն բոլորի համար արժանապատիվ աշխարհի, եկե՛ք միասնաբար հանդես գանք հանուն ընտանիքներում և ընդհանրապես՝ հասարակություններում կանանց ու երեխաների իրավունքների»:

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 5890

Գլխավոր էջ