Ընտանիքի օր. Հայաստանում  յուրաքանչյուր 4 ամուսնությանը բաժին է ընկնում մեկ ամուսնալուծություն

ՄԱԿ-ի օրացույցով  մայիսի 15-ը ողջ աշխարհում  նշվում է որպես Ընտանիքի օր։ ՄԱԿ-ը որպես տոն է  հռչակել այն ու ընտանիքի կարևորման ուղերձն անդամ պետություններին հղել է 1993 թվականին։ Հայաստանում տոնը նշվում է 2011 թվականից, երբ փոփոխություն կատարվեց «ՀՀ տոների և հիշատակի մասին» օրենքում։

 

Ընտանիքի օրվա կապակցությամբ  ՄԱԿ-ը նշում է, որ չնայած ողջ աշխարհում վերջին տասնամյակում տեղի են ունեցել էական փոփոխություններ ընտանիքի կառուցվածքի հետ կապված, որոնք հետևանք են գլոբալ միտումների ու  ժողովրդագրական գործընթացների, այնուամենայնիվ Կազմակերպությունը կրկին ընդգծում է, որ ընտանիքը համարվում է հասարակության կարևոր բջիջ։ Նշվում է, որ շատ երկրներում այս օրը հնարավորություն է տալիս կարևորելու, բարձրաձայնելու ընտանիքի, նրա խնդիրների հետ կապված կարևոր հարցեր ու թեմաներ։

 

Այդ օրը  «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի հայկական տիրույթում օգտատերերի զգալի մասը ընտանեկան գեղեցիկ ու երջանիկ լուսանկարներ հրապարակում, շնորհավորանքներ փոխանակում ու բարեմաղթանքներ հղում։ Դրա հետ մեկտեղ, վիճակագրությունը վկայում է, որ Հայաստանում տարեցտարի նոր կազմվող ընտանիքների թիվը նվազում է, դրան զուգահեռ ավելանում է «քանդվող» ընտանիքների թիվը։

 

Տոնի առթիվ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում լրագրողներին հանդիպեցին փոխնախարար Սմբատ Սաիյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը։

«Ընտանիքն է, որ կանխորոշում է հասարակության հետագա զարգացումը»,-տոնի առթիվ շնորհավորանքից հետո ընդգծեց նախարարի տեղակալն ու արձանագրեց, որ տոնը դեռ իր պատշաճ տեղն ու դերը չունի հայաստանյան օրացույցում, տոնն առայժմ չունի ծանրակշիռ դեր, ինչպիսին հասարակությունում ընտանիքը։ Ասաց նաև, որ նախատեսում են բազմավեկտոր քաղաքականություն՝ ուղղված ընտանիքներին։

 

ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը կենտրոնացավ խնդիրների վրա։ Ցավով փաստեց, որ վերջին տարիների միտումը եղել է ամուսնությունների թվի կրճատումն ու ամուսնալուծության դեպքերի ավելացումը։ «Սակայն եթե նայում ենք 2019 թվականի առաջին եռամսյակն ու համեմատում ենք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, ապա դրական միտում ունենք. 202-ով ավելացել են ամուսնությունները՝ կազմելով  3. 783 նախորդ տարվա 3.580-ի փոխարեն։ Ամուսնալուծությունների թիվը նվազել է 171-ով։ Այս տարի գրանցվել է 850 ամուսնալուծություն նախորդ տարվա  1021-ի փոխարեն»,-եռամսյակային սփոփիչ վիճակագրություն ներկայացեց նա։

Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների հրապարակման  համաձայն, հանրապետությունում 2019թ. հունվար-մարտին գրանցված 1 000 ամուսնությունների համեմատ արձանագրվել է ամուսնալուծության 225 դեպք` 2018թ. հունվար-մարտին արձանագրված 285 դեպքի համեմատ:

 

Ծովինար Հարությունյանի խոսքով,   եթե 16 տարի առաջ յուրաքանչյուր 7 ամուսնությանը բաժին էր ընկնում  մեկ ամուսնալուծություն, ապա հիմա այդ հարաբերակցությունն ավելի մտահոգիչ է, 4 ամուսնությանը բաժին է ընկնում մեկ ամուսնալուծություն։ Եթե նախկինում ամուսնալուծվում էին ամուսնության մեջ ավելի երկար գտնվող զույգերը, հիմա կարելի է  ասել նորապսակներն են բաժանվում։

 

 

«Օրինակ, 20 և ավելի տարի իրար հետ ապրող զույգերը ամուսնալուծվողների 30 տոկոսն էին կազմում, ապա հիմա 1-4 տարի ամուսնության մեջ գտնվող զույգերի ամուսնալուծության դեպքերն ավելացել են հինգ անգամ, իսկ մինչև մեկ տարի ամուսնության մեջ գտնվողների շրջանում նման դեպքերն ավելացել են վեց անգամ»,-տվյալներ հրապարակեց բանախոսը։

 

Ամուսնալուծվողների 50 տոկոսը նշել է, որ պատճառը վեճերն ու վիճաբանություններն են, 14 տոկոսը՝ բնավորությունների անհամապատասխանությունը, 8 տոկոսը՝ արտագնա աշխատանքը։

 

Մարզերից ամուսնությունների առումով առավել շահեկան վիճակում է Գեղարքունիքը, այստեղ գրանցվել են առավել մեծ թվով ամուսնություններն ու ամենաքիչ ամուսնալուծությունները, համապատասխանաբար՝ 380 և 37։ Վատագույն ցուցանիշներ ունեն Լոռին, Կոտայքն ու Երևանը։

 

Սրան գումարած սկսել են ուշ ամուսնանալ։ Ծովինար Հարությունյանն այս առումով էլ վիճակագրություն ունի. «Եթե 1997-ին կանանց համար ամուսնության տարիքը համարվում էր 22 տարեկանը, ապա հիմա կազմում է 25-ի, իսկ տղամարդկանցը՝ 30։ Հետևաբար բարձրացել է նաև առաջին անգամ մայրանալու տարիքը։ Բայց ասեմ, եթե  համեմատենք Եվրոպայի հետ, ապա միջինից դեռ ցածր ենք, բայց մեր կանխատեսումները ցույց են տալիս, որ միտումը շարունակվելու է, տարիքը բարձրանալու է»։

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնյան պնդում է, որ ընտանիքը որպես հասարակության հիմնական բջիջ, բնակչության պահպանման և վերարտադրման հիմք, գտնվում է պետության մշտական հոգածության ներքո։

 

«Ցավոք ասել, որ այս պահին Հայաստանում ընտանիքների հանդեպ տարվող քաղաքականությունը բավարար է ընտանիքի հիմնական խնդիրները լուծելու համար, սխալ կլինի։ Ներկայացված ցուցանիշները  հետևանք են այն գործոնների, որոնք ազդել են ընտանիքի ինստիտուտի վրա։ Այս ոլորտում տարվող քաղաքականության հիմնական նպատակն է հնարավորինս աջակցություն ցուցաբերել ընտանիքների կայացմանը»,-ասաց Սաիյանը։

 

Նա թվարկեց աջակցության ձևերը՝ նախ և առաջ  բնակարանային ապահովության խնդրի լուծում (հիպոթեքային վարկերի տոկոսադրույքների նվազեցում, մատչելիության բարձրացումը), ինչը նաև ժողովրդագրական  իրավիճակի բացասական միտումների հիմնական խնդիրներից մեկն է, հաջորդը, ընտանիքների եկամտաստեղծ գործունեությանն աջակցելն է։ Պետության թիրախում առաջիկայում լինելու են հատկապես գյուղաբնակաները, բայց, ինչպես վստահեցրեց բանախոսը. Դա չի նշանակում, որ քաղաքաբնակները տեսադաշտից դուրս են մնալու։

 

«Հայաստանի գյուղերում ծնելիության մակարդակն ավելի ցարծ է, քան քաղաքներում, սա աննախադեպ երևույթ է։ Որպես կանոն ծնելիության մակարդակլը ցածր է լինում քաղաքներում, ու գրեթե բոլոր երկրներում գյուղն ապահովում վերարտադրողականությունը։ Հենց սրանից ելենելով՝ մեր հատուկ հոգածության ներքո են լինելու գյուղերում բնակվող ընտանիքները»,-մանրամասնեց փոխնախարարը։

 

Նրա խոսքով, վարվող քաղաքականության կարևորագույն ուղղություններից է խնամքի հաստատությունների ապաինստիտուցիոնալացում։ Տարեց մարդիկ, երեխաները խնամքի հաստատություններում հայտնվում են ընտանեկան պայմաններից ելնելով կամ  ընտանիքում համապատասխան խնամք, դաստիարակություն ստանալու անհնարինության դեպքում։

 

«Այստեղ հիմնական նպատակն է՝ քայլեր ձեռնարկել,  որպեսզի բացառվի խնամքի հաստատություն մարդու  մուտքը։ Սա նախ և առաջ նշանակում է՝  աջակցություն ընտանիքներին ամենատարբեր եղանակներով։ Վստահեցնում եմ, որ խնդիրը միայն սոցիալականը չէ, եկամուտների պակասը չէ, դա առաջնային է, բայց միայն դա չէ»,- ասաց փոխնախարարը։

 

Բանախոսը նկատեց՝ առաջին հերթին փոձելու են օգնել երեխա ունեցող ընտանիքներին, պետք է փորձել հնարավորինս ներառական միջավայր ստեղծել, որպեսզի կինը, մայրը  ստիպված չլինի ընտրություն կատարել իր կարիերայի և երեխայի խնամքի և դաստիարակության միջև։ Որպես առաջին քայլ նախատեսում են առաջիկայում նախաձեռնությամբ հանդես գալ, որի ամբողջ նպատակն այն է, որ մանկապարտեզներում աշխատանքային ժամը սկսվի 8։30-ից, ավարտվի 18։30-19։00-ին։

 

«Իհարկե, մեկ իրավական ակտով լուծվող խնդիր չէ, սակայն հիմնական խոչընդոտներից մեկն է, որը ստիպում է մարդուն ընտրություն կատարել երեխայի և կարիերայի միջև։ Սա ժամանակակից աշխարհում ընտանիքի առջև ծառացած հիմնական խնդիրներից մեկն է։ Սա այն դեպքն է, որ լավագույն լուծումները հայտնի են՝ զարգացած խնամքի հաստատությունների ցանց, պետական աջակցություն»,- ասաց նա։

 

Հիշեցնենք, որ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես էր եկել ԿԳ նախարարությունը։ Վերջինն առաջարկում է, երեխա ունեցող մայրիկներին մեկ ժամ շուտ թողնել աշխատանքից։

 

Հ. Կարապետյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դիտումների քանակը` 1789

Գլխավոր էջ