Ընտանեկան բռնությունը և իրավապահ մարմինների աշխատանքը. քննարկում
Ընտանեկան բռնության դեպքում մեր առաջնահերթ խնդիրը զոհերի պաշտպանությունը և անվտանգությունն է: «Մեդիա կենտրոն»-ում «Ընտանեկան բռնությունը Հայաստանում և իրավապահ մարմինների աշխատանքը» թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց Կանանց աջակցման կենտրոնի իրավաբան Նոնա Գալստյանը:
«Երբ կատարվում է ընտանեկան բռնության դեպքը, զոհը, օրենքով սահմանված կարգով, իրավունք ունի այդ մասին տեղյակ պահել իրավապահ մարմիններին՝ ընդհուպ հասնելով բռնարարի նկատմամբ պատասխանատվության որոշակի միջոցների կիրառմանը: Սակայն այստեղ խնդիր կա, անգամ այդ փուլում չեն դադարում հետապնդումներն ու սպառնալիքները զոհի նկատմամբ, որոնք հիմնականում ուղղված են լինում նրա անվտագությանը, առողջությանն ու կյանքին»,-խնդիրը նկարագրեց իրավաբանը:
Նրա խոսքով, այս պարագայում զոհն ու նրան պաշտպանող կողմը հայտնվում են անելանելի վիճակում: Ահազանգում են իրավապահներին, սակայն պատասխանում են, որ չկա պատճառված վնաս, չկա հանցակազմ. «Ասում են՝ կներեք, մենք այս պահին ոչինչ անել չենք կարող: Այսինքն, զոհը մնում է անպաշտպան, ապրում վախի մթնոլորտում, միաժամանակ պետք է ունակ լինի դրսևորելու այնքան կամք, որ կարողանաս հետամուտ լինել իր իրավունքների պաշտպանությանը»:
Իրավաբանը մատնանաշեց ևս մեկ կարևոր խնդիր՝ դատարանի կամ իրավապահ այլ մարմնի մոտեցումն է ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ:
«Որևէ կերպ համաչափ չեն ընկալվում այդ դեպքերը: Խանդը կամ նման այլ սուբյեկտիվ գործոններ կարող են պատճառ հանդիսանալ, որ բռնարարի նկատմամբ նշանակվի ոչ համաչափ պատիժ, կամ նա ընդհանրապես խուսափի պատասխանատվությունից»,-ասաց Ն. Գալստյանը:
«Բռնարարը շատ հեշտորեն երեխային տրամադրում է զոհի դեմ»
Նոնա Գալստյանի պրակտիկան ցույց է տվել, որ զոհերի՝ դատական պրոցեսի սկզբում ու ընթացքում ունեցած սպասումները դատական որոշումներով չեն արդարանում: Բացի դա էլ, շատ դեպքերում բռնարարն օգտագործելով իր ունեցած լծակները խոչընդոտում է դատական ակտերի կատարմանը: Սա հիմնականում վերաբերում է այն գործերին, երբ բանը հասել է ամուսնալուծությանը, իսկ ամուսինները երեխաներ ունեն:
«Օրինակ, բռնարարը շատ հեշտորեն երեխային տրամադրում է զոհի դեմ, որպեսզի երեխան մորը չընդունի, նրա մոտ չվերադառնա: Այս դեպքերում ցավոք, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունից մեզ պատասխանում են, գիտեք ինչ, մենք ոչինչ անել չենք կարող, ճիշտ է կա դատական ակտ, բայց մենք միջամտել չենք կարող»,-ասաց նա:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանը մի օրինակ նշեց.
«Լուսինե Ղաբուզյանը երկու երեխաների հետ այսժմ գտնվում է ապաստարանում: Նա ունի հինգ երեխա, երկուսը մնացել են ամուսնու մոտ: Երկու երեխաները փաստել են, որ ամուսինը պարբերաբար երեխաների նկատմամբ բռնություններ է իրականացնում: Այս պարագայում ինչպե՞ս է խնամակալ մարմինը թույլ տվել, որ երեխաները մինչ այսօր: Դա ինձ համար անընդունելի է, սակայն պետք է նշել, որ այս առումով կա օրենսդրության բաց»:
Փաստաբանի դիտարկմամբ ահռելի խնդիր կա հոգաբարձության ու խնամակալության մարմինների հետ. «Հանձնաժողովներին ներկայացված որևէ խնդիր պատշաճ կերպով չի կատարվում: Առաջին հերթին չկան համապատասխան մասնագետներ, ապա՝ հանձնաժողովի անդամները ցանկություն չունեն արձագանքել երեխաների խնդիրներին: Նույն Լուսինե Ղաբուզյանի գործով հանձնաժողովի նախագահ գյուղապետը հայտարարեց, որ այդ ընտանիքն օրինակելի է: Չեմ ուզում իրավական գնահատկան տալ, բայց սա ոչ պատշաճ գնահատական է նման մարմնի կողմից»:
Մեկ այլ դեպք պատմեց WomenNet.am-ի թղթակցին 28-ամյա Արմինե Ավոյանը, ով ավելի քան 1.5 տարի պայքարում է, որ միակ երեխային՝ 5.5 տարեկան որդուն վերադարձնի իր մոտ: Ամուսնու ընտանիքից հեռացել է որդու հետ, սակայն սկեսրայրը մոր գրկից խլել է որդուն ու փախցրել: Ոստիկանություն այդ պահին չի դիմել՝ մտածելով, որ հնարավոր է ընտանիքը վերականգնվի:
«Մեկ տարի անցել ենք դատական բոլոր ատյաններով, բոլոր վճիռներով նշվել է, որ երեխան պետք է ապրի ինձ հետ: 8 ամիս էլ քննություն է իրականացվում ԴԱՀԿ-ում: 8 ամսում երեխայի հետ չորս հանդիպում է եղել Էջմիածին քաղաքում: Հոգեբան են ուղարկել, նայում եմ գործի թղթերը, գրված է, որ Ասյա Ղարիբյանը մասնագիտությամբ ավագ մանկաբույժ է: Միգուցե հենց նրա աշխատանքի պատճառով է, որ իմ երեխան ասում է, որ ինձ մոտ չի ուզում»,-WomenNet.am-ին պատմեց Արմինեն:
Նրա խոսքով, ինչպես ինքն է փրկվել այդ ընտանիքից, երեխան էլ փրկվի ու դրա համար կան իրավական բոլոր հիմքերը: «Այդ տանը նույն հարկի տակ ապրում են տատիկ, պապիկ, հորեղբայրը, նրա կինը, նրանց երկու երեխաները, նախկին ամուսինս ու երեխաս: Հորեղբայրն էլ հոգեբուժարանում է հաշվառված: Ես որպես ծնող, ինչպե՞ս կարող եմ հանգիստ մնալ, երբ երեխաս այդ տանն է»,-ասաց նա:
Փետրվարի 5-ին Երևանում՝ ԴԱՀԿ-ում նշանակված էր հանդիպում որդու հետ: Սակայն հանդիպումից 20 րոպե առաջ Արմինեին տեղեկացնում են, որ երեխան հիվանդ է, հանդիպման չի գալու: Արմինեն վատանում է, ուշաթափվում: Հետո պարզվում է, որ երեխան առողջ է: ԴԱՀԿ աշխատակիցներն ու Արմինեի վարձած հոգեբանը ստիպված են լինում այցելել երեխային: «Ինձ չէին թողնում ներս մտնեի: Հոգեբանս նկատել էր, որ այդ ընթացքում որդիս պատուհանից ինձ թաթիկով է անում»,-պատմեց Արմինեն, նշելով, որ երեխայի վրա ճնշում են գործադրում, որ մոր նվիրած շորերը չհագնի, ուտելիքը չվերցնի, հեռախոսով խոսելիս էլ հայհոյանքներ տա: Արմինեի ոսքով, վերջին անգամ որդուն տեսել է դեկտեմբերի 25-ին ԴԱՀԿ-ում: Երեխան ամբողջ օրը տանն է, նրանց հսկողության տակ, մանկապարտեզ չեն տանում: «Երբ պնդում եմ, որ երեխայիս հետ հանդիպեմ, ինձ սպառնում են, թե ծնողներիդ արյունը կթափենք, եղբորդ կվնասենք: Ես արդեն վախենում եմ այս ամենից, ինձ ճիշտ հասկացեք»,-ասում է հուսահատ մայրը:
ԴԱՀԿ ալիմենտի բռնագնաձման Երևան քաղաքաի բաժնի պետի տեղակալ Հասմիկ Մովսիսյանն ասաց, որ ԴԱՀԿ-ն պետք է գործի պահանջատիրոջ շահերի համար:
«Սակայն խնդիրն այն է, որ մենք գործ ենք ունենում փոքրիկ, անպաշտպան երեխաների հետ, երբևիցե բռնություն չենք կարող կիրառել նրանց դեմ: Չենք կարող բռնություն կիրառել նաև այն դեպքերում, երբ երեխան լացում է, ընդհանրապես մոտ չի գնում պահանջատիրոջը: Մենք այդ դեպքում հնարավորություն չենք ունենում կատարել դատական ակտը»,-ասաց ԴԱՀԿ ներկայացուցիչը:
Ստեղծված իրավիճակում խնդրի լուծման համար այլ անձինք էլ են ներգրավում գործում՝ պահանջատեր, պարտապան, խնամակալության հոգեբարձության մարմնի աշխատակիցներ, անհրաժեշտության դեպքում նաև հոգեբաններ:
«Երեխայի հետ հոգեբանական աշխատանքը պետք է կատարվի նուրբ ու բազմակողմանի, որպեսզի երեխան հասկանա, որ ավելի լավ է ապրի պահանջատիրոջ հետ: Մենք իրավունք չունենք նրան զոռով տանել կամ բռնի ուժ գործադրել»,-ասաց Հ. Մովսիսյանը:
Փասատաբան Նոնա Գալստյանը սխալ է համարում հիմնվել երեխայի արտաբերած մի քանի խոսքի վրա կամ բռնարարի ազդեցությամբ ցուցաբերած վարքի վրա: «Եթե կա դատական ակտ, դա ի վերջո պետք է կատարվի: Չկատարումն էլ բերում է նրան, որ փաստաբաները ստիպված են լինում դիմել ՄԻԵԴ»,-ասաց նա:
Իրավական հարցերով հոգեբան Արկադի Մեհրաբյանը նախ հայտարարեց, որ Հայաստանւմ ընտանեկան բռնությունների թիվը նվազել է. «Եթե շատ է բարձրաձայնվում, դա չի նշանակում, որ ավելացել է, բացի այդ էլ բռնության սահմանումը հեղեղուկ է: Օրենսդրական հստակեցումների կարիք կա»:
Ինչ վերաբերում է երեխաներին, ապա հոգեբանն ասաց, որ մինչև 10 տարեկան երեխաների կամքը հաշվի չի առնվում, քանի որ «անկախ կամք դրսևորելու կամք չունի երեխան»: Ինքն էլ բազմիցս համագործակցել է ԴԱՀԿ-ի հետ. «Այստեղ շատ հեշտ է ուսումնասիրություն անցկացնել, ու պարզել, թե երեխան ինչու չի ցանկանում գնալ հոր կամ մոր մոտ: Եղել են դեպքեր, երբ երեխայի վրա ճնշումներ գործադրած ծնողը ենթարկվել է պատասխանատվության, ընդհուպ քրեական: Հետո երեխան առարկա չէ, որ ԴԱՀԿ ծառայությունը վերցնի ու մի ծնողից հանձնի մյուսին: Այստեղ օրենսդրական բացեր կան»:
Դատահոգեբանական փորձաքննության մենաշնորհը
Քննարկմանը մասնակցող «Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ներկայացուցիչ Սոնա Հովակիմյանն էլ անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության ալտերնատիվների բացակայության խնդրին:
«Կա մի կառույց, միայն դա է իրականացնում փորձաքննություն, ևս ստացվում է, որ մենք այլընտրանքային տարբերակ չունենք: Նույնիսկ, երկրորդ, երրորդ փորձաքննության դեպքում նույն պատասխանն ենք ստանում: Նման պայմաններում դժվար է սպասել արդար դատաքննության, ցավում եմ, ո մեր երկրի քաղաքացիները այդպիսով կարցնում են հավատը արդարադատության համակարգի նկատմամբ»,-ասաց Հովակիմյանը: Նա համոզված է, որ բռնարարի նկատմամաբ ոչ համաչափ պատիժ կիրառելով դատարանը նպաստում է նման հանցագործությունների աճին:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի ծրագրերի ղեկավար Զառա Հովհաննիսյանը նկատեց, որ խաղաղ պայմաններում զոհված Արտակ Նազարյանի գործով դատարանը թույլ չի տվել, որ այլ մարմին իրականացնի փորձաքննությունը:
Քննարկմանը մասնակցող Ա. Մեհրաբյանը չհամաձայնեց ասածին, քանի որ տարբեր դատական գործերում ինքը ներգրավված է եղել որպես անկախ փորձագետ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան հայտարարություն էր տարածել, որտեղ կասկածի տակ էր դրել « Էլդա Գրինի մենոշնորհային կարգավիճակ ունեցող փորձագիտական կառույցի անաչառությունը և անկախությունը»:
Քննարկման մասնակիցները համամիտ են մի հարցում. որպեսզի դանակը՝ ոսկորին, վեճերը՝ ամուսնալուծության, դատական ակտերի կայացման, ապա կատարման հարկադրելուն չհասնեն, անհրաժեշտ է անհապաղ ընդունել «Ընտանեկան բռնության մասին» օրենքը:
Հ. Կարապետյան
Քննարկումն ուղիղ եթերով կարող եք դիտել այստեղ.
Դիտումների քանակը` 3379