«Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ». ազգային համաժողով
2019 թ. մայիսի 27-ին տեղի ունեցավ «Ընտանեկան բռնությունը Հայաստանում. մարտահրավերներ եւ հնարավորություններ» խորագրով ազգային համաժողովը, որը կազմակերպվել էր ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակներում։ Համաժողովը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հետ համագործակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգի և դրանում առկա խնդիրների վերհանմանը: Համաժողովին մասնակցում էին նաև ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ ոստիկանության, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Ն.Գ. Պյոտր Անտոնի Սվիտալսկին, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը։
Համաժողովի առաջին քննարկումը նվիրված էր ընտանեկան բռնության դեմ պայքարի իրավական հայեցակարգին և իրավիճակի նկարագրությանը։ Քննարկումը վարում էր ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Ծրագրերի ղեկավար Լուսինե Սարգսյանը։
Այնուհետև հետահայաց անդրադարձ արվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքին, վերջինիս կիրարկման ընթացքում առաջացած խնդիրներին ու առկա բացերին։ Քննարկման օրակարգում էին օրենքի կիրարկման իրավական բացերը՝ ըստ ոլորտում գործող հասարարական կազմակերպությունների, սոցիալական ծառայությունների հասանելիության մասով արձանագրված բացերը, օրենքի կիրարկումը հասարակության տարբեր խմբերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Քննարկումը վարեց «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը։
Երրորդ քննարկումը նվիրված էր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակման անհրաժեշտությունը։ Այն վարում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Քննարկման ընթացքում ներկայացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքի լրամշակման փոփոխությունների փաթեթը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանը և «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ համահիմնադիր, «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա» ՀԿ-ի ներկայացուցիչ Գոհար Շահնազարյանը ամփոփեցին համաժողովը։
Աղբյուրը՝ ՄԱԲՀ-ի հայաստանյան գրասենյակ
Դիտումների քանակը` 1458