«Ընտանեկան բռնության մասին օրենքը չի կարող խաթարել ընտանեկան արժեքները»
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն երեկ Գենդերային բռնության դեմ 16-օրյա համաշխարհային քարոզարշավին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ընտանեկան բռնության մասին օրենք Հայաստանին պետք է, և օրենսդրական լծակներ պետական մարմիններին անհրաժեշտ են, բայց դրա հետ մեկտեղ պետք է զգույշ լինել, որ ընտանիքը խաթարող անհիմն միջամտություն ենթադրող դեպքեր չլինեն:
Նա նաև նշեց, որ այս օրենքը չի կարող խաթարել ընտանեկան արժեքները: «Այդ արժեքների խթանումը մեր առաջնահերթ խնդիրն է։ Մենք միշտ հայտարարել ենք, որ երեխայի համար ավելի լավ վայր, որ երջանիկ ապրի, քան ընտանիքն է, դժվար է գտնել։ Պետությունը պետք է բոլոր միջոցները գործադրի ընտանիքում հարաբերությունները ամրապնդելու համար: Այս ամենի հետ մեկտեղ անիմաստ է խոսել ամուր ընտանիքի մասին, եթե այդ դեպքերը կանխարգելելու արդյունավետ միջոցներ չունենք»,- նշեց Արման Թաթոյանը՝ հավելելով, որ, օրինակ, կան դեպքեր, երբ երեխան դպրոց, մանկապարտեզ չի հաճախում ընտանեկան բռնության պատճառով:
Արման Թաթոյանը նշեց նաև, որ ներկայումս օրենքի նոր նախագիծն ուսումնասիրում են և կներկայացնեն իրենց առաջարկությունները:
Հարցին, թե որքանով է տրամաբանական օրենքի նախագիծը կամ վերտառությունը փոխել այն պատճառաբանությամբ, որ դա ինչ որ մեկին դուր չէր գալիս, կամ մտահոգում էր որոշ մարդկանց, Մարդու իրավունքների պաշտպանն ասաց, որ օրենքը չի կարող հարմարեցվել որևէ մեկի շահերին. «Օրենքը պետք է հասարակության պաշտպանության համար և պետք է այն այնպես մշակվի, այնպիսի ձևակերպումներով ընդունվի, որպեսզի պրակտիկայում լիարժեք կիրառություն ունենա»:
Ըստ նրա՝ իրենք աշխատում են օրենքի նախագծին դեմ և կողմ հասարակական կազմակերպությունների, եկեղեցու և Արդարադատության նախարարության հետ։
«Մենք նոր օրինագծի մասով պատրաստվում ենք նոր առաջարկներ անել՝ փորձելով հասկանալ, թե որքանով են մեր նախորդ առաջարկները տեղ գտել և որքանով են դրանք արտահայտում հասարակության տարբեր խմբերի մտահոգությունները»,- ասաց Արման Թաթոյանը։
Մ.Մարգարյան
Դիտումների քանակը` 3039