«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքը պատրաստ է… ի՞սկ հասարակությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունն այսօր վերջապես հրապարակեց «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Հասարակական սեկտորի և շահագրգիռ կազմակերպությունների երկար տարիների պայքարից հետո օրենքի նախագիծը վերջապես սահմանում է <ընտանեկան բռնություն> հասկացությունը, դրա տեսակները, ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի բնագավառում իրավասու մարմինների գործունեության ուղղությունները, ընտանեկան բռնությունից տուժողների պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված հարաբերությունները, ընտանեկան բռնության ենթարկվածների վերաբերյալ տեղեկատվության իրավական պաշտպանության առանձնահատկությունները: Հատկապես վերջին օրերի դեպքերի ֆոնին օրենքը ոչ թե սպասված, այլ ուշացած է:
«Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը քաղաքի կենտրոնում…
Նախօրեին հայտնի դարձավ, որ Երեւանի Տերյան փողոցում «Ջունգլ» մականունով Գեւորգ Սարգսյանը դաժան ծեծի է ենթարկել կնոջը՝ ձեռքերով եւ ոտքերով հարվածներ հասցնելով նրան: Հրապարակախոս Զառա Հովհաննիսյանն է ականատես եղել խայտառակ միջադեպին.
«Մեր մեքենան դեռ չկանգնեցրած դուրս եմ ցատկում ու վազում դեպի կինը, փորձում պաշտպանել նրան։ Կինը կառչում է ինձնից, պինդ գրկում մեջքիս հատվածն ու ձեռքերս, աղերսում, որ փրկեմ իրեն։ Երիտասարդը, որն էնքան ուժեղ էր, որ կարողանում էր երկուսիս արդեն քարշ տալ փողոցով, գցում է մեզ մեքենայի մեջ ու փորձում ընկերոջ օգնությամբ, որը մեքենայի ղեկին էր, տանել այդտեղից։ Զուգահեռ աղմուկ-գոռոց, աղջիկն աղերսում է ինձնից օգնություն, տղամարդը գոռում էր ինձ վրա, որ բաց թողնեմ, որ դա իր կինն է, ու ես էդտեղ անելիք չունեմ, քաշում է ձեռքերս ու փորձում էլի իմ մարմնի վրայով հարվածներ հասցնել կնոջը, քաշել, պոկել մազերը։ Վրա է հասնում ամուսինս․ տղամարդը հարցնում է, էս քո կնիկն ա, ասա թող թողի գնա, խի կնիկդ քեզ չի ենթարկվում։ Ամուսինս էլ, թե ինչի՞ պիտի ինձ ենթարկվի։ Էս քաշքշուկն ու ծեծկռտուկը տեւում է 20 րոպե, ու ոչ մեկը չի կարողանում ինձ ու աղջկան ազատի էս կատաղածի ճիժաններից։ Վերջը մի կերպ հրելով վեր եմ թռնում մեքենայից, ու քանի որ աղջիկն էլ ինձ պինդ կպած էր՝ վիրավոր գազանի նման, կարողանում ենք ճողոպրել դեպի դիմացի մայթում գտնվող աղջկա աշխատավայր։ Էդքան ժամանակ մարդիկ նայում ու ասում էին, դե իրա կնիկն ա, ինչ անենք(((((
Հասցնում եմ միացնել տեսագրող կոճակը, ու ձայնագրել մի հատված: Պարզվում է, որ նրա երկու երեխաների հայրն է, որը պարբերաբար նրան ենթարկում է բռնության, պարբերաբար աջիկը փորձում է խզել հարաբերությունները, սակայն վախից դրդված չի անում։ Այսօր աղջկա ծննդյան օրն է, եւ առավոտյան վիճաբանությունից հետո կինը որոշել է էլ տուն չվերադառնալ, իսկ զուգընկերը վերադարձել է նրա աշխատավայր՝ վրեժխնդիր լինելու։ Նա ասում էր, որ իրեն կսպանի, ու եթե ես չհասնեի, չկանգնեի նրանց միջեւ, մի գուցե էդպես էլ լիներ։ Աշխատավայր է հասնում աղջկա մայրը ու արցունքն աչքերին պատմում 10 տարվա տառապալից կյանքը, թե ինչ դժոխքի մեջ են իրենք ու պրծում չունեն։ Զանգում եմ ոստիկանություն, գալիս են ոստիկաններն ու նրանց ուղեկցությամբ գնում ենք բաժին»,- գրառել է Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։
«Ջունգլը» հանրությանն արդեն հայտնի է, վերջինս մեղադրվում էր ազատամարտի մասնակից, 52-ամյա Վարդան Թումանյանին ծեծելով սպանելու մեջ, սակայն Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նրան ազատ էր արձակել: Ավելի ուշ դատաբժշկական երկրորդ եզրակացությամբ պարզվել էր, որ Վարդան Թումանյանը ծեծի հետեւանքով չի մահացել, այլ նա ի ծնե հիվանդ է եղել և այդ օրը պետք է մահանար, և ծեծը պարզապես համընկել է այդ օրվա հետ… Եվ ահա նախօրեին ձեռքերին ազատություն տալ սիրող մականունավորը դաժան ծեծի է ենթարկել կնոջը՝ օրը ցերեկով, փողոցում: Կինը բողոք է ներկայացրել, նրան տվել են դատաբժշկի ուղեգիր, դեպքով հետաքննություն է կատարվում:
Տարեկան 6-10 կին է մահանում ընտանեկան բռնությունից
Օրերս նաև հայտնի դարձավ, որ 2016 թ. սեպտեմբերի 9-ին Լոռու մարզի 44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ դարձել ընտանեկան բռնության զոհ։ Դեպքից գրեթե երեք ամիս անց մեղադրանք է առաջադրվել նրա ամուսնուն, ով անձամբ էր ահազանգել ոստիկանություն, թե կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել, այնինչ պարզվել է՝ սպանություն է խանդի հողի վրա:
Վերջին 5 տարվա ընթացքում ընտանեկան բռնության հետեւանքով մահացել է շուրջ 30 կին, 45 երեխա մնացել առանց մայրական խնամքի: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2014 թվականին՝ մահացության 11 դեպք: Իսկ մեզանում, ցավոք, դեռ գոյություն ունի ծեծը արդարացնողների մի հոծ բանակ, որոնք դա տեղավորում են «հարվածում է, ուրեմն սիրում է» կամ՝ «ուրիշի ընտանիքը՝ ամձեռնմխելի մի ամրոց» սկզբունքներում: Ոստիկանության տվյալների համաձայն՝ 2016 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում 373 կին դարձել է ընտանեկան բռնության զոհ, որոնցից 7-ը՝ մահվան ելքով:
Օրենքի անհրաժեշտությունը կարևորվել է տարիներ շարունակ և ահա միայն այսօր այն վերջապես հասանելի դարձավ հանրությանը: Ու թեև օրենքի ընդունման դեպքում այն ուժի մեջ կմտնի միայն 2018 թվականի հունվարից, այսինքն դեռ մեկ տարի էլ ջունգլանմանները կշարունակեն բռնության ենթարկել կանանց ու երեխաներին, այդուհանդերձ կարելի է ասել՝ ուշ լինի, մենակ թե լինի….
Լիա Խոջոյան
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Հայ հասարակությունն արդարացնում է կնոջ նկատմամբ բռնությունը. հետազոտության արդյունքներ
Կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը շարունակում է մեծ խնդիր մնալ ողջ աշխարհում
Կանանց նկատմամբ բռնությունը համարվում է մարդու իրավունքների ամենալուրջ խախտումներից մեկը
«Աշխարհը կրկին ողողվեց նարնջագույնով»
Դիտումների քանակը` 4059