Ընդդեմ գենդերային բռնության 2013-ի միջոցառումների տարեկան ծրագիրն արժանացավ Հայաստանի կառավարության հավանությանը
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառավարության հունվարի 31-ի նիստին ներկայացրեց Հայաստանի Հանրապետությանում ընդդեմ գենդերային բռնության 2013 թվականի միջոցառումների տարեկան ծրագիրը, որն արժանացավ գործադիրի հավանությանը:
2000 թվականից ի վեր Հայաստանում ներընտանեկան բռնության տարածվածությունը գնահատելու նպատակով միջազգային և տեղական կազմակերպությունների կողմից անցկացվել են մի շարք ուսումնասիրություններ: Եվ այսպես` 2008-2009թթ. ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն իրականացրել է Հայաստանում կանանց հանդեպ ներընտանեկան բռնության վերաբերյալ համապետական առաջին հարցումը: Պաշտոնական վիճակագրության համաձայն. «իրենց կյանքի ընթացքում երբևէ զուգընկեր ունեցած հարցման ենթարկված կանանց 61%-ը ենթարկվել է վերահսկողական վարքի, 25%-ը` հոգեբանական բռնության, 8.9%-ը` ֆիզիկական, 3.3%-ը` սեռական, իսկ 9.5%-ը` ֆիզիկական և սեռական բռնության:
Հայաստանի իշխանությունները խոստովանում են, որ ձեռնարկված քայլերը բավարար չեն և երկրում շարունակում է բավական ցածր մնալ իրազեկվածությունը գենդերային բռնության և գենդերային խնդիրների մասին, առկա է քողարկված խտրականություն կանանց հանդեպ, ինչպես նաև ընդհանուր հանդուրժողականությունը գենդերային բռնության զանազան դրսևորումների նկատմամբ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած տեղեկանքի համաձայն` այսօր գենդերային բռնության հիմնախնդիրը երկրի համար դեռևս մնում է արդիական: Հայաստանի աշխարհաքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը, գործազրկությունը, անօրինական միգրացիան, կանանց սոցիալ-տնտեսական կախվածությունը ընտանիքում, չլուծված կենցաղային հիմնախնդիրները, ինչպես նաև պետական կառույցների և քաղաքացիական հասարակության չհամակարգված գործողություններն ու անկատար իրավական դաշտը հանգեցնում են գենդերային բռնության աճի:
Հաշվի առնելով առկա խնդիրները` գերատեսչությունն անհրաժեշտ է համարում քայլեր կատարել նպատակային ծրագրերի ստեղծման, իրավական դաշտի կատարելագործման, տուժածներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ:
Ակնկալվում է, որ ծրագրի իրականացումը կնպաստի գենդերային բռնության կանխարգելմանը: Նախատեսվում է ներդնել գենդերային բռնության երևույթն արտացոլող պետական տեղեկատվության հավաքագրման և գենդերային բռնության ենթարկված անձանց աջակցության տրամադրման ընթացակարգեր:Կիրականացվեն նաև «Գենդերային բռնություն» թեմայով քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ, որի շրջանակում կվերապատրաստվեն շուրջ 100 քաղծառայողներ: Նախատեսվում է նաև անցկացնել «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» ամենամյա հանրապետական քարոզարշավ: Բացի այդ կմշակվի բռնության, այդ թվում սեռական բռնության ենթարկված անձանց բուժօգնության տրամադրման ստանդարտ բուժաշխատողների համար, իսկ մարզերի 50 բուժաշխատողների համար կիրականացվի ուսուցում բռնության հայտնաբերման և խորհրդատվության հմտությունների զարգացման համար և այլն:
Նշենք նաև, որ ծրագիրը նպատակուղղված է «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի, Պեկինի 4-րդ Համաշխարհային համաժողովի /1995թ./ հանձնարարականների, Եվրախորհրդի Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հանձնաժողովի փաստաթղթերի, ՄԱԿ-ի Հազարամյակի հռչակագրի պահանջների և ՀՀ միջազգային այլ փաստաթղթերով սահմանված պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի «Կանանց հանդեպ և ընտանեկան բռնության դեմ պայքարի և կանխարգելման մասին» կոնվենցիայի դրույթների կատարմանը:
Ա.Հակոբյան
Դիտումների քանակը` 4644