Էստոնիայի ծայրահեղական նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել Ֆինլանդիայի նորընտիր վարչապետից
Էստոնիայի ներքին գործերի նախարար, Պահպանողական ազգային կուսակցության նախագահ Մարտ Հելմեն վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իր ֆինն գործընկերների հասցեին՝ ասելով, որ Ֆինլանդիայի կառավարության կազմից մազերն բիզ-բիզ են կանգնում : Վկայակոչելով Լենինի հայտնի արտահայտությունը անվանել է նրանց « խոհարարուհիներ», որոնք հասել են իշխանության, իսկ վարչապետ Սաննա Մարինի մասին ասել, որ «վաճառողուհին բարձրացել է մինչև վարչապետի պաշտոն»… Բացի այդ, նա վրդովվել է, որ «փողոցային ակտիվիստներն ու անգրագետ մարդիկ» դարձել են ֆիննական կառավարության անդամ: Ավելի ուշ նա ստիպված է եղել ներողություն խնդրել …
Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդին անմիջապես զանգահարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստին, և ներողություն է խնդրել Մարտ Հելմեի համար, ինչպես նաև խնդրել է փոխանցել իր ներողությունը վարչապետ Սաննա Մարինին և Ֆինլանդիայի կառավարությանը:
Ավելի ուշ Մարտ Հելմեն ստիպված է եղել նույնպես ներողություն խնդրել վարչապետ Սաննա Մարինից՝ նշելով, որ լրագրողները սխալ են մեկնաբանել իր խոսքերը և ինքն ընդամենը ուզում էր ասել, որ սոցիալական ցածր մակարդակից էլ հնարավոր է հասնել քաղաքականության գագաթներին:
Իսկ Ֆինլանդիայի վարչապետ Սաննա Մարինը, մեկնաբանելով Մարտ Հելմեի՝ իր հասցեին հնչեցրած խոսքերը, հայտնել էր, որ հպարտանում է այն փաստով, որ իր երկրում նույնիսկ վաճառողը կարող է դառնալ կառավարության ղեկավար:
«Ես շատ հպարտ եմ Ֆինլանդիայով։ Այստեղ աղքատ ընտանիքի երեխան կարող է կրթություն ստանալ և կյանքում մեծ հաջողությունների հասնել: Խանութի գանձապահը կարող է վարչապետ դառնալ։ Առանց աշխատավոր ժողովրդի Ֆինլանդիան չի կարող գոյատևել: Ես գնահատում եմ յուրաքանչյուր աշխատակցի, մասնագետի և գործարարի աշխատանքը»,- Twitter-ում գրել էր Սաննա Մարինը, ով 2012 թվականին ավարտել է Տամպերեի համալսարանը՝ վարչական գիտությունների բակալավրի աստիճանով։ 2017 թվականին ստացել է մագիստրոսի աստիճան։ 2012 թվականին ընտրվել է Տամպերեի քաղաքային խորհրդում։ Քաղաքային խորհրդի նախագահ է եղել, 2015 թվականից Ֆինլանդիայի խորհրդարանի անդամ , այնուհետև տրանսպորտի և կապի նախարար 2019 թվականի հունիսից: 2014 թվականից Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի երկրորդ տեղակալն է:
Լուսանկարում. Ֆինլանդիայի նոր կառավարությունը ՝ աշխարհի ամենաերիտասարդ վարչապետ Սաննա Մարինի գլխավորությամբ: Ձախից աջ ՝ կրթության նախարար Լի Անդերսոնը (32 տարեկան), ֆինանսների նախարար Կատրի Կուլմունին (32 տարեկան), վարչապետ Սաննա Մարին (34 տարեկան) և ներքին գործերի նախարար Մարիա Օհիսալոն (34 տարեկան):
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ֆինլանդիայի խորհրդարանը հավանություն է տվել վարչապետի պաշտոնում 34-ամյա Սաննա Մարինի նշանակմանը, որը նախկինում գլխավորում էր երկրի տրանսպորտի և կապի նախարարությունը: Սաննա Մարինը դարձել է աշխարհի ամենաերիտասարդ գործող վարչապետը։
Կարդացեք թեմայի շուրջ մեր կայքում.
Ֆինլանդիայի կառավարությունը կղեկավարի աշխարհի ամենաերիտասարդ վարչապետը
Էստոնիայի ծայրահեղական նախարարը ստիպված է եղել ներողություն խնդրել Ֆինլանդիայի նորընտիր վարչապետից
Դիտումների քանակը` 1610