Էլ ի՞նչ մաղթես…

Ապրիլի   7-ն էր:  Առավոտյան զանգեցի Նարինեին` մայրության տոնը շնորհավորելու: Լացակումած էր:

-Էլի՞: Ի՞նչ է եղել:

-Չէ, էլի չէ, Արտակը վաղը գնում է Ռուսաստան:

-Ավելի լավ, կհանգստանաս:

-Սիրում եմ, դժվար կլինի, չեմ կարող: էէէէ…

 

 

«Էէէ»-ի հետ մեկտեղ հիշեցի   նրա պատմածները: Ընկերուհիս է: Երեք տարի ու մի քանի ամիս է` ամուսնացած են, մի աղջիկ ունեն: Ապրում են սկեսուրի հետ, նույն տանն են նաև ամուսնու քույրն ու եղբայրը: Սկեսրայրը կնոջը թողել հեռացել է, նորից ամուսնացել: Կինը երեխաներին միայնակ է պահել, մեծացրել: Տեսած դժվարություններից սիրտը կարծես քարացել է, մի քիչ էլ դաժանացել, սիրո, գնահատանքի կարոտ:

 

«Հենց միրգ առած գալիս է, պետք է բոլորս ասենք, ապրես, մամ ջան: Շնորհակալ ենք, որ մեզ համար միրգ ես առել»,-մտովի հիշում եմ Նարինեի պատմածները: «Անեմ, չանեմ միշտ դժգոհ է: Սա ինչի ես այսպես դրել, ինչի բակը չես ավլել, սառնարանը հենց հիմա մաքրի…», այս ամենն ուղեկցվում է բղավոցով: «Ասում է` եկել ես, պատրաստի ամեն ինչ ունես, իսկ ես գիտե՞ս ինչ դատարկ տուն եմ եկել, ամեն ինչը ինչ չարչարանքով եմ ձեռք բերել, իսկ դու հետդ մի բան օժիտ էլ չես բերել: Հղի ժամանակ էլ չեր թողնում քնեմ` ես չեմ սիրում, երբ աղջիկը, կինը ուշ են վեր կենում անկողնուց, վեր կաց»,-պատմում է նա անկեղծության հազվադեպ  պահերին:

 

Ժիր ու ծիծաղկոտ այդ աղջիկը այժմ շրջապատի նկատմամբ գրեթե անհաղորդ է դարձել:  Հուզվում է միայն  գլխին եկածները պատմելիս, գլխովն անցածը պատմելիս կարմրում է, հետո ավելացնում` «ախր, իմ ընտանիքն է: Ամաչում եմ էլ»:

 

«Արտակը ծեծում է ինձ: Էլ չեմ դիմանում: Գիշերն էլ արթնանում է ու հայհոյում:  Մայրն է մեզ  խանգարում: Էնքան ամեն ինչը մեր հարաբերություններից վեր դասեց, որ հիմա չենք էլ ուզում տեսնել իրար»,-հեկեկալով օր առաջ ինձ էր պատմում: Իսկ այօր էլ լալիս է, որ ծեծող ամուսինը գնում է արտագնա աշխատանքի:

 

Հիշեցի, մտածեցի… էլ ի՞նչ մաղթես: «Դե լավ, մի տխրի, ամեն ինչ ժամանակավոր է: Ժամանակն էլ ամենամեծ բժիշկն է»,- մեխանիկորեն արտաբերեցի ու անջատեցի…

 

Հ. Կարապետյան

 Հ. Գ. Անունները փոխված են:

Դիտումների քանակը` 3889

Գլխավոր էջ